Գողություն ոսկերչական տաղավարից. Վաղարշապատի ոստիկանների բացահայտումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 29-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնում ստացվեց հաղորդում գողության վերաբերյալ: Մուտք էին գործել Էջմիածնի Նար-Դոսի փողոցում գործող առևտրի կենտրոնի ոսկերչական տաղավար ու գողացել ոսկյա և արծաթյա զարդեր:

Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ: Քրեական հետախույզներն անցան գործի, այդ ընթացքում համագործակցեցին բաժնի համայնքային ոստիկանների հետ և ստացան հավաստի օպերատիվ տվյալներ, որ գողությունը կատարել են Արմավիրի մարզի Խոյ գյուղի բնակիչ 24 և 28 տարեկան երիտասարդներ: Պարզվեց նաև, որ գողության ընթացքում նրանք շահագործել են մեկ այլ անձի անվամբ հավառված «ԲՄՎ» մակնիշի մեքենան:

Ավելին, նախնական համաձայնությունից հետո երկուսով կատարել էին նախապատրաստական աշխատանք. Վաղարշապատի Թումանյան փողոցում գտնվող շինանյութի խանութից գնել էին կպչուն ժապավեն, պարան ու այլ պարագաներ, որոնք օգտագործել էին գողության ժամանակ:

Հուլիսի 1-ին, երբ արդեն տվյալները ստուգվել ու հաստատվել էին, իրավապահներն անցան կոնկրետ գործողության: Ժամը 17.30-ին Կոմիտասի հրապարակում ձերբակալվեց և, իր վարած «ԲՄՎ-ով» հանդերձ, բաժին տեղափոխվեց 24-ամյա երիտասարդը, իսկ ժամը 18.10-ին նրա 28-ամյա հանցակիցը հայտնաբերվեց Ծաղկունք գյուղում: Բացատրական աշխատանքի արդյունքում երկուսն էլ խոստովանեցին արարքը:

Ձեռնարկվում են միջոցներ՝ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

«ԲՄՎ» մակնիշի մեքենան տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք: Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:




Լրահոս