«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարել է, որ եթե Նիկոլ Փաշինյանի հեռախոսը մի քանի րոպե վերցնեն ու անհասանելի լինի, ՔՊ-ն չի իմանա՝ ինչպես վարվի, քանի որ հրահանգներ չեն լինի:
-Պարո՛ն Շարմազանով, իշխանությունն ու իշխանությանը հարող ուժերը արդեն սպառված եւ մարած են համարում Բագրատ սրբազանի գլխավորած «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը: Ավելին՝ Նիկոլ Փաշինյանն ասում է, որ քաղաքացիները ընդունում են իրական եւ պատմական Հայաստանների մասին մեր տեսակետը այդ պատճառով էլ ընդդիմադիր որեւէ շարժում չի հաջողում, քանի որ դուք էլ մասնակցում էիք շարժման հանրահավաքներին, խնդրում ենք՝ մեկնաբանեք այս արտահայտությունը եւ այս տեսակետը:
-Քանի որ հարցը մի քանի շերտ է ենթադրում, հերթով անդրադառնամ բոլոր շերտերին:
Շարժման մասին, կարծում եմ, ավելի օբյեկտիվ կլինի շարժման առաջնորդը եւ անդամները մեկնաբանություն տան: Սակայն կարող եմ գնահատական տալ ազգային ընդվզման եւ Հայաստանում տիրող քաղաքական իրավիճակի վերաբերյալ. Հայաստանում կա կոնսենսուս Նիկոլ Փաշինյանի հեռացման վերաբերյալ: Քաղաքացիների ճնշող մեծամասնությունը չի պաշտպանում նիկոլիզմի՝ Հայաստանի ադրբեջանացման օրակարգը. սա փաստ է:
Ինչ վերաբերում է շարժումները չհաջողելու մասին անհեթեթ տեսակետին՝ առ այն, որ ժողովուրդը համաձայն է իշխանության հետ, ապա դա տգետ եւ անտրամաբանական գնահատական է: Օրինակ՝ 428-ից 885 թվականը Հայաստանը չի եղել անկախ. ստացվում է՝ եթե Հայաստանը եղել է բյուզանդական, ապա պարսկա-բյուզանդական, արաբական կամ պարսկական լծի տակ նշանակում է, թե ժողովուրդը այդ չորսուկես դարը երջանիկ է ապրել, որ եթե անկախությունը վերականգնել չի ստացվել, ուրեմն համաձա՞յն է եղել լծի տակ ապրելուն: Սա նիկոլիստա-թուրքական լուծ է: Չկա Հայաստանի անկախություն, կա Հայաստանի ադրբեջանականացում եւ Էրդողանի ու Ալիեւի քմահաճույքներով առաջնորդվող ռեժիմ՝ Նիկոլ Փաշինյանի ռեժիմ, բայց սա չի նշանակում, որ Հայկը Բելին չի հաղթելու: Կլինի դիմադրություն, կլինի Սրբազան, կլինի այլ որեւէ շարժում: Շարժումների ձեւն է փոխվում, բայց բոլորի բովանդակությունը նույնն է՝ Հայաստանի ազգային պետականության վերականգնում եւ Հայաստանում պանթուրքիստական ուժերի վերջնական հաղթանակի տապալում:
Ինչ վերաբերում է իրական եւ պատմական Հայաստաններին, ապա ժողովուրդը ապրում է թուրք-նատօական ռեժիմի տակ: Եթե նրան սատարեին, ոչ թե մի քանի տասնյակով հեծանիվի շքերթներ կաներ, այլ Բագրատ սրբազանի նման հրապարակը կլցներ: Կարո՞ղ է, թող երկու օրում լցնի: 2018 թվականին երկու ժամում Բաղրամյան պողոտա էր լցնում ու Ազգային ժողովի վրա հարձակվում, հիմա թող անի. կարո՞ղ է: Հայ ժողովուրդը ոնց կարող է պաշտպանել մեկին, ով Արցախ է հանձնել, ով գիտակցված 5000 զոհ է տվել, ով Շուշի է հանձնել, ով Արարատ լեռից է հրաժարվում, ով այսօր անկախության հռչակագրից ու Սահմանադրությունից է հրաժարվում, եռաբլուրից է հրաժարվում, Ալիեւից ավելի լավ է հիմնավորում այն, որ Արցախն Ադրբեջանի կազմում պիտի լինի:
Նա պարզապես, թուրքերի հետ միասին, պատերազմով շանտաժ է անում ժողովրդին: Սա պատմության առաջին դեպքն է, որ պետությունը ոչ թե զինված պայքարի կոչ է անում, ոչ թե զինված ուժերի բարեփոխման, ռազմական սպառազինություն ստանալու կամ դաշնակիցների հետ հարաբերությունների ամրացման կոչ է անում այլ ասում է՝ խաղաղություն: Ի՞նչ խաղաղություն, այդ խաղաղությունը կար. գերեզմանում էլ է խաղաղություն, Թուրքիայի հայ համայնքն էլ է խաղաղ ապրում, Արցախում է խաղաղ հիմա, բայց հայ չկա. սա է Նիկոլի բերած խաղաղությունը: Եթե ուզում եք՝ Հայաստանի Հանրապետությունում էլ այդպես լինի, ինչ ասեմ:
Հայաստանն ամբողջությամբ ենթարկեցրել են Թուրքիային ու թիմով դա ներկայացնում են՝ որպես հաղթանակ:
-Պարոն Շարմազանով ՀՀ-ն հայտարարել է, որ մեկ ամսում պատրաստ է ստորագրել խաղաղության պայմանագիրը, իսկ Ալիեւը ասել է, որ կստորագրի միայն, երբ ՀՀ Սահմանադրությունը փոխվի: Ավելի վաղ տեղեկություն տարածվեց, որ Ադրբեջանը պահանջում է հրաժարվել իր դեմ ներկայացված դատական հայցերից: Կգնա՞ արդյոք Հայաստանը նման քայլի:
-Մինչեւ հիմա ի՞նչ է ասել Ադրբեջանը, որ Նիկոլը չի արել: Ամեն բան արել է:
Զրուցեց ՔՐԻՍՏԻՆԱ ՄՈՒՇԵՂՅԱՆԸ
ՄԻՐԶՈՅԱՆԸ՝ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հայ-ադրեջանական խաղաղության պայմանագիրը մեկ ամիս ինտենսիվ աշխատելու դեպքում կարելի է ստորագրել։
Այս մասին Թբիլիսի կատարած այցի ժամանակ հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը՝ Վրաստանի ԱԳ նախարար Իլյա Դարչիաշվիլիի հետ երկկողմ հանդիպմանը հաջորդած համատեղ ասուլիսի ընթացքում։
«Մենք կարծում ենք, որ սա պատմական իրադարձություն է մեր տարածաշրջանում կայուն խաղաղության պահպանման եւ հաստատման համար։ Կցանկանայի նաեւ քննարկել ենթակառուցվածքների եւ հաղորդակցությունների ամբողջական բացման կարեւորությունը տարածաշրջանում կայունության զարգացման եւ ապահովման տեսանկյունից: Մենք կառուցողականորեն տրամադրված ենք Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ենթակառուցվածքների եւ տրանսպորտային հաղորդակցությունների ամբողջական ապաշրջափակմանը», – ասել է նա։
ՌԴ ԱԳՆ ՏԵՍԱԿԵՏԸ
«Հայաստանին եւ Ադրբեջանին ՆԱՏՕ-ի վաշինգտոնյան գագաթնաժողովին հրավիրելով՝ Արեւմուտքը ցանկանում է Ռուսաստանի բարեկամներին պոկել վերջինիս հետ համագործակցությունից», – ասել է ՌԴ ԱԳՆ տեղեկատվության եւ մամուլի դեպարտամենտի փոխտնօրեն Անդրեյ Նաստասինը։ Այս մասին գրում է news.ru-ն:
Նրա խոսքով՝ «սա ամերիկացիների՝ իրենց կործանարար ազդեցությունը տարածելու փորձերի հերթական օրինակն է»։
«Սա ամերիկացիների՝ իրենց կործանարար ազդեցությունն աշխարհի բոլոր տարածաշրջաններում տարածելու փորձերի եւս մեկ օրինակ է։ Եվրոպայում թույլ կամք ունեցող արբանյակների լիակատար ներողամտությամբ Վաշինգտոնը խնդիր է դնում մեր ընկերներին եւ հարեւաններին պոկել Ռուսաստանի հետ համագործակցությունից»,- ասել է նա:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ-ն հրավեր է ուղարկել Երեւանին եւ Բաքվին ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում գործընկերների հանդիպմանը։ Միջոցառումը տեղի կունենա հուլիսի 9-ից 11-ն ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում։
ԻՆՉ ՈՒՆԵՑՎԱԾՔՈՎ ՀԵՌԱՑԱՎ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԸ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ Արտյոմ Մեհրաբյանը հուլիսի 1-ից ազատվել է պաշտոնից։
Մեհրաբյանը պաշտոնի նշանակվել էր 2022 թվականի մայիսին։
Հավելենք, որ ռազմարդյունաբերության կոմիտեն ԲՏԱ նախարարությանն էր միացել 2019 թվականին։
«Ժողովուրդ» օրաթերթը ներկայացնում է՝ ինչ ունեցվածքով հեռացավ պաշտոնից կոմիտեի նախագահը։
Մեհրաբյանը հայտարարագրել է 1 անշարժ գույք՝ 1 բնակարան բազմաբնակարան շենքում, որը ձեռք է բերվել 2017 թվականին Երեւան քաղաքում։ Կոմիտեի նախագահը չի հայտարարագրել որեւէ տրանսպորտային միջոց։
Բանկային հաշիվների մնացորդները կազմել են 130 մլն դրամ, կանխիկ դրամական միջոցները՝ 10 մլն դրամ։
Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահի հաշվետու տարվա եկամուտները կազմել են 16 մլն 327 հազար դրամ, որից 14 մլն 101 հազարը աշխատանքի վարձատրություն է ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից՝ որպես աշխատանքի վարձատրություն։
Արտյոմ Մեհրաբյանի ստացված վարկերի եւ փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 45 մլն 404 հազար դրամ, որը բնակարանի հիփոթեքի մայր գումարի մնացորդն է։ Հենց այս պատճառով կոմիտեի նախագահը ՀՀ ֆինանսների նախարարությունից ստացել է 2 մլն 226 հազար դրամ, որը եկամտահարկի վերադարձի օրենքով հիփոթեքի մայր գումարը մարելու համար է։
Հիշեցնենք, որ Արտյոմ Մեհրաբյանը եղել է Չարենցավանի հաստոցաշինական գործարանի տնօրեն։ Նա «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության փոխնախագահ, վաղամեռիկ Ղուկաս Մեհրաբյանի որդին է։ Նա 2019 թվականի փետրվարին նշանակվել էր Աջափնյակ վարչական շրջանի աշխատակազմի ղեկավար, ապա ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ։
Հիշելով, որ չապացուցված թեորեմ կա իշխանության շրջանում, որ խնամի-ծանոթ-բարեկամ հանգույցը հեղափոխությունից հետո չպետք է գործեր՝ բերենք փաստարկներ, որ ավելի արմատացած այն երբեք չի եղել։ Բանն այն է, որ Մեհրաբյանի կինը՝ Աննա Բալայանը, աշխատանքային գործունեություն է ծավալում ամուսնու նախկին աշխատավայրում՝ Աջափնյակ վարչական շրջանի թաղապետարանում՝ որպես ընդհանուր բաժնի ղեկավար։
Հենց այս տեսքն ունի իշխանության կողմից սիրված «պոզով եւ պոչով» կոռուպցիան։