Ով է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ 3 միլիարդ դրամի պայմանագիր կնքած ընկերության սեփականատերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի Հանրապետության Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը մարտի 6-ին պայմանագիր է կնքել «Մերձմոսկովյան» ԲԲԸ-ի հետ՝ ավտոճանապարհների հիմնանորոգման աշխատանքներ իրականացնելու համար։
Պայմանագրի ընդհանուր արժեքը կազմել է 3 միլիարդ 663 միլիոն 779 հազար դրամ։
Պայմանագրով նախատեսվում է հիմնանորոգման աշխատանքներ իրականացնել ՀոռոՄ-Արթիկ-Ալագյազ հանրապետական նշանակության ավտոճանապարհի, Նոր Կյանք- Փանիկ-Արևշատ-Մեծ Մանթաշ, Թաթուլ-Կանչ-Հակկո ավտոճանապարհների տարբեր հատվածներում։


Իսկ ում է պատկանում «Մերձմոսկովյան» ԲԲ ընկերությունը․

«Մերձմոսկովյան» ԲԲԸ-ի հետ պայմանագիրը կնքվել է հրատապ բաց մրցույթի գնման եղանակով։

«Մերձմոսկովյան» ԲԲԸ-ն հիմնադրվել է 1995 թվականին։ Ընկերության տնօրենն Արամ Ադամյանն է, ում հետ էլ կնքվել է պայմանագիրը։ Արամ Ադամյանը Գյումրու «Բալասանյան դաշինք»-ի ավագանու անդամ Արտակ Ադամյանի հայրն է։ Ընկերությունը տարբեր տարիներին մի շարք պայմանագրեր ունի ՀՀ Շիրակի մարզպետի աշխատակազմի, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության, Գյումրիի համայնքապետարանի, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի և այլ կառույցների հետ։
Դեռ 2024 թվականի մարտ ամսին հայտնի էր դարձել, որ ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում  ձերբակալվել են չորս անձինք, որոնցից երկուսը Շիրակի մարզպետարանի պաշտոնյաներ են։ Նրանցից մեկը Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Խաչատուր Խնձրցյանն էր, մյուսը՝ նույն բաժնի մասնագետ Մկրտիչ Ասատրյանը։ Պաշտոնյաները կասկածվում են կաշառք ստանալու մեջ։

Aravot.am-ին հայտնի էր դարձել, որ այս նույն գործի շրջանակում, միայն թե կաշառք տալու կասկածանքով ձերբակալվել է շինարարական ընկերություններից մեկի պատասխանատու Արտակ Ադամյանը։

Էմմա Միքայելյան




Լրահոս