44-օրյա պատերազմի մասին ֆիլմ՝ չհրապարակված ու իրական կադրերով․ Շողակաթ Վարդանյանի եղբոր անհետացումն ու ընտանիքի պատմությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

21-րդ «Ոսկե ծիրան» ամենամյա միջազգային կինոփառատոնի ֆիլմերի պրեմիերայի բացումը երեկ մեկնարկեց Շողակաթ Վարդանյանի «1489» ֆիլմով, որը, ի դեպ, հասարակ ֆիլմերի շարքին չի դասվում։

Ֆիլմը 44-օրյա պատերազմին մասնակցած Սողոմոնի՝ Շողակաթ Վարդանյանի եղբոր մասին է, ով պատերազմի 7-րդ օրն անհետ կորել է, սակայն հետո Սողոմոնից գտել են մասունքներ։

«1489» թիվը ուղղակի թիվ չէ, այս թիվը Սողոմոնի մասունքներին տրված համարն է և սա էլ հենց ֆիլմի ֆենոմեններից մեկն է։

Ֆիլմի մյուս ֆենոմեններից մեկն էլ այն է, որ հեղինակը ամբողջ ֆիլմը նկարահանել է բջջային հեռախոսով։

Չնայած բջջայինով նկարելուն՝ ֆիլմը միջազգային հարթակում արժանացել է մրցանակների։

Ամստերդամի միջազգային փաստավավերագրական ֆիլմերի  փառատոնում (IDFA) միանգամից արժանացել է երկու՝ «Լավագույն ֆիլմ» և  FIPRESCI մրցանակների, ինչը հայ կինոյի փառատոնային պատմության մեջ համարվում է աննախադեպ ձեռքբերում և նոր նշաձողի սահմանում։

Ֆիլմի մասին միջազգային ժյուրին ասել է.

«Ֆիլմ, որը նման է ներս թափանցող լույսի. տեսանելի է դարձնում վշտի թաքնված հսկայական ներքին լանդշաֆտը՝ անտանելի բացակայությունից ստեղծելով իրական ներկայություն։ Կինոն որպես գոյատևման գործիք, որը մեզ բոլորիս թույլ է տալիս առերեսվել նրան, ինչը կնախընտրեինք չտեսնել։ Եվ վերջապես, սա կինոյի անմոռանալի՝ սիրո դրսևորման օրինակ է»։

Երեկ էլ մինչ ֆիլմի ցուցադրությունը «Ոսկե ծիրան» կինոփառատոնի տնօրեն, գեղարվեստական ղեկավար Կարեն Ավետիսյանը բեմահարթակից նշեց, որ ամենակարևոր ցուցադրություններից մեկն է այս ֆիլմի ցուցադրությունը։

«Ամենակարևոր պատճառներից է նաև այն, որ երբ խոսում, մտածում ենք մեր ժամանակների մասին, երբ ցանկանում ենք տեսնել ֆիլմ, որն ամբողջությամբ փոխանցում է այն, ինչի միջով անցել և անցնում ենք և ոչ միայն մենք, այլև նրանք, ովքեր այս ամենի միջով անցել և անցնում են։ Ինձ համար այս ֆիլմը ոչ միայն ֆիլմ է պատերազմի և շատ ուրիշ բաների մասին, այլ հենց պատերազմն է»,-իր խոսքում ասել է կինոփառատոնի գեղարվեստական ղեկավարը։

Երբ ֆիլմի հեղինակը՝ Շողակաթ Վարդանյանը, բարձրացավ բեմ՝ պատմելու ֆիլմի նկարահանման մասին, հուզվեց, սակայն իր շնորակալություն հայտնեց բոլոր այն անձանց, ովքեր օգնել են ֆիլմի նկարահանման ժամանակ։

Շողակաթ եղբոր մասին ֆիլմը լցրել էր մեկ կինոդահլիճ և հուզել բոլոր ներկաներին։

 

Աննա Սրապիոնյան, Էմմա Մարտիրոսյան




Լրահոս