Դիտորդ մարմնի փորձագիտական կարծիքը՝ մի շարք լրատվամիջոցների դեմ Լիլիթ Մինասյանի բողոքի վերաբերյալ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ԱԺ պատգամավոր Լիլիթ Մինասյանի՝ մի քանի լրատվամիջոցներում հրապարակված տեղեկությունների՝ ԶԼՄ-ների Էթիկայի կանոնագրին համապատասխանությունը գնահատելու դիմումի կապակցությամբ

Դիտորդ մարմնի կազմը

Դավիթ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ
Նարինե ԱՎԵՏԻՍՅԱՆ
Ռուբեն ԲԱԲԱՅԱՆ Լեւոն ԲԱՐՍԵՂՅԱՆ
Շուշան ԴՈՅԴՈՅԱՆ Արսեն ԽԱՌԱՏՅԱՆ Կարինե
ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ Արա ՂԱԶԱՐՅԱՆ Աշոտ ՄԵԼԻՔՅԱՆ Գնել ՆԱԼԲԱՆԴՅԱՆ
Բորիս
ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ Արա ՇԻՐԻՆՅԱՆ
Նունե ՍԱՐԳՍՅԱՆ Վիգեն ՍԱՐԳՍՅԱՆ Անժելա
ՍՏԵՓԱՆՅԱՆ ԶԼՄ-ՆԵՐԻ ԷԹԻԿԱՅԻ ԴԻՏՈՐԴ ՄԱՐՄՆԻ ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԿԱՐԾԻՔԸ

Ա․ ՓԱՍՏԵՐ

• 2024թ․ մայիսի 30-ին ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմին է դիմել ՀՀ ԱԺ պատգամավոր Լիլիթ Մինասյանը («ՔՊ» խմբակցություն)՝ մի շարք լրատվականներում իրեն վերաբերող տեղեկությունների հրապարակման կապակցությամբ։ Ըստ դիմումի՝ Yerkir.am, Lurer.com, Ankakh.com, Hayeli.am, Armday.am, Iravunk.com, 168.am կայքերում մայիսի 25-ին հրապարակված նույնաբովանդակ նյութերում ամբողջությամբ վերարտադրվել է Սարգիս
Զելվեյան անունով ֆեյսբուքյան օգտատիրոջ գրառումը։ Դրանում պնդում է արվում, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության երկու այլ պատգամավորներ եւ Լիլիթ Մինասյանը ՀՀ քաղաքացիությունից բացի այլ երկրի քաղաքացիություն ունեն, ինչը արգելված է ՀՀ Սահմանադրությամբ։ «Մեզ տրամադրված տեղեկությունների համաձայն՝ քպ-ական պատգամավորները անձնագրեր սկսել են «հայթայթել» 2021 թվականից սկսած։ Բագրատ Սրբազանին Կանադայի քաղաքացիություն ունենալու մեջ մեղադրողները մոռանում են, որ Բագրատ Սրբազանին քաղաքացիություն շնորհել է Կանադայի կառավարությունը ի պաշտոնե՝ որպես Կանադայի հայ համայնքի հոգեւոր հովիվ։ Իրենք ունեն երկքաղաքացիություն ոչ թե ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, այլ եվրոպական երկրների, այլ հատկապես այն երկրների,
որտեղից առանց վիզա ռեժիմ է գործում դեպի Թուրքիա։ Մենք ստացել ենք այս տեղեկատվությունը եւ հիմա ուզում ենք, որ ՔՊ պատգամավորները կամ հերքեն կամ հաստատեն, եթե դա իսկապես այդպես է», – ասվում է գրառման մեջ։ Դրանում նաեւ բերված են նշված պատգամավորներին իբրեւ թե պատկանող Ուզբեկստանի եւ Ղազախստանի անձնագրերի սերիաները եւ համարները։

Ըստ Լիլիթ Մինասյանի դիմումի՝ այս տեղեկությունը կեղծ է եւ արվել է քաղաքական դրդապատճառներով։ Նշվում է, որ
տեղեկությունն իր հանրային խոսքում վկայակոչել է նաեւ ընդդիմադիր շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը՝ հակադարձելով իր ընդդիմախոսների այն պնդումներին, թե ինքը՝ Գալստանյանը, երկքաղաքացիության բերումով չի կարող հավակնել ՀՀ վարչապետի պաշտոնին։ Պատգամավոր Մինասյանն ակնկալում է, որ ԴՄ-ն գնահատի հրապարակումների համապատասխանությունը լրագրողական էթիկայի նորմերին։
• Քննության առնելով բողոքը՝ Դիտորդ մարմինը էլեկտրոնային նամակներով դիմել է նշված լրատվամիջոցներին,
ներկայացրել բողոքի էությունը եւ պարզաբանումներ կամ դիրքորոշում հայցել նրանցից։ Լրատվամիջոցներից որեւէ մեկը չի արձագանքել ԴՄ համակարգողի նամակներին։
• Լիլիթ Մինասյանը լրացուցիչ գրագրության ժամանակ տեղեկացրել է, որ հերքման պահանջով գրավոր դիմել է
լրատվամիջոցներին, եւ հաշվի կառնի ԴՄ փորձագիտական կարծիքը դատական կարգով իր իրավունքը պաշտպանելու հարցում որոշում կայացնելիս։

Բ․ ԻՐԱՎԱԿԱՆ ԵՎ ԷԹԻԿԱԿԱՆ ՆՈՐՄԵՐ

I. ՀՀ Սահմանադրություն

Հոդված 48, մաս 2. Ազգային ժողովի պատգամավոր կարող է ընտրվել քսանհինգ տարին լրացած, վերջին չորս տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, վերջին չորս տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, ընտրական իրավունք ունեցող եւ հայերենին տիրապետող յուրաքանչյուր ոք:

II. Զանգվածային լրատվության մասին ՀՀ օրենք Հոդված 8․ Հերքման եւ պատասխանի իրավունքը

1. Անձն իրավունք ունի լրատվական գործունեություն իրականացնողից պահանջել հերքելու իր իրավունքները խախտող փաստացի անճշտությունները, որոնք տեղ են գտել լրատվական գործունեություն իրականացնողի տարածած
տեղեկատվության մեջ, եթե վերջինս չի ապացուցում, որ այդ փաստերը համապատասխանում են իրականությանը:
5. Հերքման պահանջի հետ անձն իրավունք ունի պահանջել իր պատասխանի հրապարակումը:

III. Հայաստանի լրատվամիջոցների եւ լրագրողների էթիկական սկզբունքների կանոնագիր

Խմբագրությունն ու լրագրողը պարտավոր են

1.1. Մինչեւ հրապարակումը ստուգել ցանկացած աղբյուրից ստացված տեղեկությունների հավաստիությունը, չկոծկել եւ չխեղաթյուրել փաստերը, չհրապարակել ակնհայտ կեղծ տեղեկություններ։
1.2. Հստակորեն ու լսարանի համար հասկանալի մատնանշել այն դեպքերը, երբ խմբագրությունը, ստանալով հանրային նշանակության տեղեկություններ, օգտագործել է բոլոր հնարավոր ողջամիտ միջոցները, սակայն չի կարողացել ճշտել փաստերը։

1.3. Պատասխանատու մոտեցում ցուցաբերել սոցցանցային կամ նոր մեդիա հարթակների տեղեկությունները տարածելիս, անպայման նշել դրանց ստուգված, վստահելի կամ հետագա ստուգման ենթակա լինելը:

4.1. Պաշտպանել մարդկանց մասնավոր կյանքի անձեռնմխելիության իրավունքը, ներառյալ՝ հարգանքն անձնական եւ ընտանեկան կյանքի, բնակարանի,
սեփականության, առողջության եւ նամակագրության նկատմամբ: Միայն հասարակական շահի առկայությամբ կամ պաշտպանության անհրաժեշտությամբ կարող է արդարացվել բարձրաստիճան պաշտոնատար անձանց, հասարակական գործիչների, իշխանության կամ հասարակական ուշադրության ձգտող մարդկանց անձնական կյանքին վերաբերող տեղեկությունների հրապարակումը։

6.2. Պատրաստակամ լինել հանդիպելու այն անձանց կամ կազմակերպությունների ներկայացուցիչներին, որոնք իրենց վիրավորված կամ զրպարտված են համարում կոնկրետ հրապարակմամբ, եւ պատասխանի հնարավորություն ընձեռել բոլոր նրանց, որոնց հասցեին քննադատություն կամ մեղադրանքներ են եղել հրապարակումներում։
6.3. Ընդունել սեփական սխալները եւ պատրաստակամ լինել՝ ուղղելու դրանք։

Գ․ ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԿԱՐԾԻՔ

Հայաստանի ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմինը, քննելով Լիլիթ Մինասյանի բողոքն ընդդեմ մի շարք լրատվամիջոցների, արձանագրում է, որ
• Դիմումի մեջ հիշատակված լրատվամիջոցները, առանց փաստերի հավաստիությունը ստուգելու, իրենց հարթակներում նույնությամբ վերաշարադրել են «Սարգիս Զելվեյան» անունով ֆեյսբուքյան օգտատիրոջ գրառումը, ինչը հակասում է Լրատվամիջոցների եւ լրագրողների էթիկական սկզբունքների կանոնագրի 1.1, 1.2, 1.3 կետերով սահմանված նորմերին։

• Բացի վերը նշվածից, այդ լրատվամիջոցները նաեւ անտեսել են Կանոնագրի 4.1. կետով սահմանված՝ անձնական կյանքի անձեռնմխելիության սկզբունքը, հրապարակելով անձնագրային տվյալներ, անկախ նրանից՝ դրանք կեղծ են, թե՞ իրական։
• Լրատվամիջոցները նաեւ անպատասխան են թողել պատգամավոր Լիլիթ Մինասյանի հանրային ֆեյսբուքյան գրառումը խնդրի վերաբերյալ, ինչպես նաեւ չեն արձագանքել ԴՄ համակարգողի նամակներին։ Այդպիսով, գործել են Կանոնագրի 6.2 եւ 6.3 կետերում ամրագրված մասնագիտական էթիկայի սկզբունքներին հակառակ։

• Բոլոր այն անձանց, որոնք կարծում են, որ իրենց իրավունքները ոտնահարվել են մամուլի հրապարակումներում կամ իրենց զրպարտված են համարում, Դիտորդ մարմինը հորդորում է նախ օգտվել «Զանգվածային լրատվության» մասին ՀՀ օրենքի 8-րդ հոդվածով սահմանված՝ հերքման եւ պատասխանի իրավունքից եւ անմիջականորեն պաշտոնապես դիմել խնդրահարույց հրապարակումներ կատարած լրատվամիջոցներին։

• Դիտորդ մարմինը կոչ է անում լրատվամիջոցներին՝ իրենց հասանելի հարթակներով տարածել սույն փորձագիտական կարծիքը։

Ընդունվել է 2024 թ. հուլիսի 9-ին, ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմնի հետեւյալ կազմով

Գնել ՆԱԼԲԱՆԴՅԱՆ
«Նյումեգ» հրատարակչության
Վիգեն ՍԱՐԳՍՅԱՆ

Երեւանի մամուլի ակումբի մասնագիտական էթիկայի
հանձնաժողովի նախագահ գլխավոր խմբագիր Բորիս ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
Երեւանի մամուլի ակումբի պատվավոր նախագահ
Ռուբեն ԲԱԲԱՅԱՆ ռեժիսոր, Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի
պրոֆեսոր Դավիթ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ
«Մեդիամաքս» լրատվական գործակալության գլխավոր խմբագիր
Լեւոն ԲԱՐՍԵՂՅԱՆ
Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ
Արսեն ԽԱՌԱՏՅԱՆ
«Ալիք Մեդիա» լրատվական-վերլուծական կայքի հիմնադիր
Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
«Ռեգիոնս TV» կայքի տնօրեն
Արա ՇԻՐԻՆՅԱՆ
Հանրային հեռարձակողի խորհրդի նախագահ
Նարինե ԱՎԵՏԻՍՅԱՆ Վանաձորի «Լոռի» ՀԸ գործադիր տնօրեն
ԱՐԱ ՂԱԶԱՐՅԱՆ
Իրավաբան Աշոտ ՄԵԼԻՔՅԱՆ
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ
Անժելա ՍՏԵՓԱՆՅԱՆ Արմավիրի «ԱԼՏ» հեռուստաընկերության խմբագիր

ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմինը ձեւավորել են ինքնակարգավորման նախաձեռնությանը միացած լրատվամիջոցները, որոնք այս պահին 82-ն են: ԴՄ-ն ղեկավարվում է Հայաստանի լրատվամիջոցների եւ լրագրողների էթիկական սկզբունքների Կանոնագրով, որն ընդունվել է 2007 թվականի մարտի 10-ին, վերախմբագրվել՝ ինքնակարգավորման նախաձեռնության համաժողովում, 2024 թվականի մայիսի 18-ին:




Լրահոս