Ռուսաստանը ցավում է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին Երևանի մասնակցության համար. Գալուզին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը հայտնել է, որ Հայաստանի մասնակցությունը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին ռուսական կողմում ծայրահեղ ափսոսանք է առաջացրել: Նրա խոսքով՝ Երևանը հեռացել է խնդիրների քննարկման կառուցողական մոտեցումից։

«Խոսելով անվտանգության ոլորտի մասին՝ ուզում եմ ընդգծել, որ Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ անդամ, հանդես է գալիս որպես ռազմական և ռազմատեխնիկական ոլորտներում երկկողմ բազմաթիվ պայմանավորվածությունների մասնակից… Երևանի ունեցած մտահոգությունները քննարկելու կառուցողական մոտեցման փոխարեն, ցավոք, այնտեղ այլ ճանապարհ են ընտրել»,- ասել է Միխայիլ Գալուզինը «ՌԻԱ Նովոստի»-ի հետ զրույցում։

Փոխարտգործնախարարը հավելել է, որ Հայաստանում նախընտրում են մեծացնել փոխգործակցությունը ՆԱՏՕ-ի կամ դաշինքի առանձին մասնակիցների հետ:

«Հայաստանը գերադասում է մեծացնել փոխգործակցությունը ՆԱՏՕ-ի կամ դաշինքի առանձին անդամների հետ, հատկապես ՆԱՏՕ-ի չափանիշների ներդրման, զենքի գնման կամ համատեղ մարտական ​​պատրաստության աշխատանքներ իրականացնելու առումով, էլ չեմ խոսում այս օրերին Վաշինգտոնում կայանալիք այդ ռազմաքաղաքական դաշինքի գագաթնաժողովին մասնակցելու մասին»,- ասել է նա։

Գալուզինը դա որակել է «միաժամանակ երկու աթոռին նստելու» փորձ։ Միխայիլ Գալուզինի խոսքով՝ Հայաստանի և ՆԱՏՕ-ի համագործակցության խորացումը կարող է ապակայունացնել իրավիճակը Հարավային Կովկասում:




Լրահոս