ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ձայների մեծամասնությամբ Ղրիմում անցկացված հանրաքվեն անօրինական է ճանաչել: Ղրիմի հանրաքվեի արդյունքների դեմ բանաձևին կողմ է քվեարկել 100 պետություն, 58-ը ձեռնպահ է մնացել, իսկ դեմ է քվեարկել 11 պետություն, որոնց թվում` Հայաստանը, Բելառուսը, Բոլիվիան, Կուբան, ԿԺԴՀ-ն, Նիկարագուան, Ռուսաստանը, Սուդանը, Սիրիան, Վենեսուելան և Զիմբաբվեն:
ԱԺ ճեպազրույցների ժամանակ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, անդրադառնալով Հայաստանի դիրքորոշմանը, դա օրինաչափ համարեց, քանի որ մեր պետությունն առաջնորդվել է ազգային շահով:
ՀՅԴ պատգամավորը կարծում է, որ չի կարելի ժողովրդի կամքին հակառակ լուծումներ առաջարկել:
«Ղրիմի ժողովուրդը կայացնել է իր որոշումը»,- ասաց նա:
Արդյոք Հայաստանի՝ դեմ քվեարկելը չի՞ հակասում մեր արտաքին քաղաքականությանն այն առումով, որ Հայաստանը որդեգրել է «և՛»-«և՛» քաղաքականությանը:
Ռուստամյանի խոսքով` երկար ժամանակ է`Հայաստանը վայրիվերումների մեջ է, իր տեղը չի գտնում և պետք է առաջնորդվի իր շահերով: