Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կայացել է դասական երաժշտության բնագավառում «Երգեցողություն» անվանակարգում Հայաստանի Հանրապետության նախագահի 2013 թվականի երիտասարդական մրցանակի ընտրական փուլը:
Հատկանշական է, որ այս տարի ժյուրիի կազմում է նաև աշխարհահռչակ օպերային երգչուհի Հասմիկ Պապյանը:
«Հայաստան» համահայկական հիմնադրամի լրատվության բաժնից տեղեկացնում են, որ ընտրական փուլին մասնակցած 16 դիմորդներից եզրափակիչ փուլ են անցել Մարիա Սարդարյանը, Աբգար Սարգսյանը, Լուիզա Երեմյանը, Սարգիս Բաժբեուկ-Մելիքյանը, Գրիգոր Աբրահամյանը, Տիգրան Օհանյանը, Անդրանիկ Մալխասյանը, Սերգեյ Սարգսյանը և Օֆելյա Համբարձումյանը: Երկրորդ` եզրափակիչ փուլը տեղի կունենա մարտի 30-ին, ժամը 11:00-ին նույն դահլիճում:
Հիշեցնենք, որ մարտի 24-ին դասական երաժշտության բնագավառում ավարտվել է «Գործիքային կատարում» անվանակարգի համար մրցապայքարը:
Մրցանակակիրների անունները կհայտարարվեն մայիսի 26-ին` մրցանակաբաշխության օրը: