Հունաստանը, Բուլղարիան և Ռումինիան որոշել են ստեղծել ռազմական միջանցք։ Այս մասին հայտարարել է Հունաստանի պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասը, հայտնում է RBC-Ukraine-ը։
«Իմ բուլղարացի և ռումինացի գործընկերների՝ Աթանաս Զապրյանովի և Անխել Թիլվարի հետ մենք այսօր ստորագրել ենք մտադրությունների նամակ Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում՝ ներդաշնակեցված ռազմական շարժական միջանցք ստեղծելու համար»,- ասել է նա։
Նրա խոսքերով՝ աշնանը Ալեքսանդրապոլիսում (Հունաստան) եռակողմ հանդիպում կանցկացվի՝ քննարկելու նախատեսված գործողությունների իրականացումը։
Ըստ Kathimerini-ի՝ ռազմական միջանցքը կանցնի ՆԱՏՕ-ի արևելյան թևով։
Ծրագիրը նախատեսում է չորս նավահանգիստների և դրանց հարակից ենթակառուցվածքների ու ցանցերի ինտեգրում: Ստեղծվող միջանցքը կկապի Սալոնիկն ու Ալեքսանդրապոլիսը Բուլղարիայի Վառնայի և Ռումինիայի Կոնստանցայի հետ։ Սրանք ՆԱՏՕ-ի համար ռազմավարական չորս կարևոր քաղաքներ են, որոնք մոտ են ՆԱՏՕ-ի արևելյան սահմաններին:
Համաձայնագիրը կապահովի, որ զորքերը կարողանան տեղից տեղ տեղաշարժվել Եվրոպայում և նրա սահմաններից դուրս և ազատորեն հատել սահմանային կետերը իրենց առաքելությունը կատարելիս՝ զգալիորեն նվազեցնելով ներկայումս պահանջվող ժամանակը և բյուրոկրատական ընթացակարգերը:
Բացի դրանից, Ռումինիայում ստեղծվում է Եվրոպայում ՆԱՏՕ-ի ամենամեծ բազան՝ 30 քառակուսի կիլոմետր տարածքով, ավելի քան 10 հազար զինվորականներով և քաղաքացիական անձանցով։