ՊԵՏԱԿԱՆ ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅԱՆ ԴԵՊՔ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների եւ հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում 2024 թվականի հունիսի 26-ին նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում ստացվել են փաստական տվյալներ Երեւան քաղաքի 43-ամյա բնակչի կողմից առերեւույթ լրտեսության, պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հանձնելու եւ թշնամական գործունեություն իրականացնելու համար օտարերկրյա հատուկ ծառայությունների ներկայացուցչին այլ օգնություն ցույց տալու եղանակներով պետական դավաճանություն կատարելու վերաբերյալ։

 

Մասնավորապես, ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների, ինչպես նաեւ վարույթն իրականացնող մարմնի կողմից կատարված քննչական եւ վարութային այլ գործողությունների արդյունքում պարզվել է, որ նշված անձը, հանդիսանալով պայմանագրային զինծառայող եւ կոչումով կրտսեր սերժանտ, «odnoklassniki.ru» սոցիալական ցանցում առկա՝ իր տվյալներով օգտահաշվով 2023թ. հունվար ամսից կապ է հաստատել ադրբեջանական հատուկ ծառայությունների ներկայացուցիչ հանդիսացող, նույն սոցիալական կայքում մտացածին անվամբ օգտահաշվի ներքո քողարկված անձի հետ։ Ծավալված սիրային զրույցների արդյունքում, վերջինս մտերիմ հարաբերություններ է հաստատել ՀՀ ԶՈՒ նշված պայմանագրային զինծառայողի հետ եւ, հավաքագրել վերջինիս։

Դրանից հետո 43-ամյա տղամարդը, սեռական շահագրգռվածությունից ելնելով, հաղորդակցի հետ ձեւավորված շփումը շարունակական պահպանելու համար, վերջինիս առաջադրանքով 2023թ. հունվարի ամիսց մինչեւ 2024թ. փետրվար ամիսն ընկած ժամանակահատվածում հավաքել ու հանձնել է իրենց ստորաբաժանման պահպանության ներքո գտնվող մարտական դիրքի սպառազինության, զինատեսակների քանակի եւ տեսակի, մարտական դիրքերի տեղակայման վայրերի, հրամանատարական կազմի անհատական տվյալների, մարտական դիրքերի մի շարք փաստաթղթերի եւ այլնի վերաբերյալ պետական, ծառայողական գաղտնիք կազմող, ինչպես նաեւ ռազմական բնագավառի այլ տեղեկություններ հանդիսացող տվյալներ։ Այդ գործողություններով վնաս են պատճառվել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությանը, տարածքային անձեռնմխելիությանը եւ արտաքին անվտանգությանը:

ՀՀ ԱԱԾ եւ ՀՀ ՔԿ ծառայողների կողմից իրականացված գործողությունների արդյունքում ձեռք բերված փաստերի հիման վրա միջնորդություն է ներկայացվել հսկողություն իրականացնող դատախազին՝ 43-ամյա տղամարդու նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 418-րդ հոդվածի 1-ին մասով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին, որը բավարարվել է։

Վարույթն իրականացնող մարմնի կողմից կայացվել է դատարան ներկայացնելու նպատակով ազատության մեջ գտնվող մեղադրյալին ձերբակալելու որոշում, որի կատարումը հանձնարարվել է Հայաստանի Հանրապետության ԱԱԾ համապատասխան ստորաբաժանմանը։

Հուլիսի 2-ին վերջինս ձերբակալվել է, տվել ինքնախոստովանական ցուցմունք։ Նրան մեղադրանք է ներկայացվել։

Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ 43-ամյա անձի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, որը բավարարվել է։

Նախաքննությունը շարունակվում է։

 

 

«ՖԱԶԻՆ» ԿԱԼԱՆՔԻՑ ԱԶԱՏԱԾ ԴԱՏԱՎՈՐԸ

Հունիսի 11-ին Շիրանարաների փողոցում սպանված քրեական հեղինակություն Սերգեյ Գրիգորյանին կալանքից ազատած դատավոր Արուսյակ Ալեքսանյանը Հակակոռուպցիոն դատարանում է։

 

Նա քրեական հեղինակություն Սերգեյ Գրիգորյանին՝ «ֆազին» կալանքից ազատեց ու այդ պատճառով դատավորի դեմ քրեական գործ հարուցեցին՝ համարելով, որ նա անցել է պաշտոնեական լիազորությունները եւ ոչ օրինական ճանապարհով է ազատել Սերգեյ Գրիիգորյանին: Արդյունքում, նա այսօր կանգնել է դատարանի առաջ մի անձի ազատելու համար, ում օրերս սպանեցին։

Արուսյակ Ալեքսանյանին Հակակոռուպցիոն դատարանում հարց ուղղեցինք, որ այն անձին, ում նա ազատել է կալանքից, սպանել են, ինչ է մտածում նա այս ամենի մասին։

Ավելի վաղ հայտնել էինք, որ հունիսի 11-ին Շինարարների փողոցում քրեական հեղինակություն Սերգեյ Գրիգորյանի՝ «Ֆազի» սպանության օրը դեպքի վայրում զննություն է իրականացվել։ Իրավապահները դեպքի վայրից քիչ հեռավորության վրա հայտնաբերել են զրահաբաճկոն, որի վրա գրված է եղել «POLICE»: Իրավապահները առգրավել են զրահաբաճկոնը ու չի բացառվում, որ այն կրել են ենթադրյալ մարդասպանները, իսկ հետո թողել են դեպքի վայրում ու հեռացել:

Շուտով կլրանա քրեական հեղինակություն «Ֆազի» սպանության 1 ամիսը, սակայն իրավապահ համակարգը դանդաղում է աղմկահարույց քրեական գործի բացահայտման հարցում, ինչը խիստ կասկածների տեղիք է տալիս, թե ինչու են լռում իրավապահները եւ ինչու դեպքից 21 օր անց դեռ անգամ չկա կասկածյալ:

Հավելենք, որ «Ֆազի» սպանության գործով այս պահին բազմաթիվ վարկածներ են քննվում, այդ թվում՝ կրիմինալ աշխարհում հայտնի Ռուստամ Ստեփանյանի՝ «չաղ Ռուստամ»-ի հետ իր հարաբերությունները, որոնք բավականին լարված են եղել: Նկատենք, սակայն, որ սպանության բացահայտման տեմպերը հուսադրող չեն: Լուրեր են պտտվում, որ Ռուստամ Ստեփանյանը՝ «չաղ Ռուստամ»-ը վայելում է իշխանությունների հովանավորչությունը։

 

 

 

 

 

ՎԱՐԴԵՆԻՍԻ ԶՈՐԱՄԱՍՈՒՄ ԶԻՆՎՈՐ Է ՄԱՀԱՑԵԼ

Երեկ առավոտյան պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ զինվոր է մահացել:

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ երեկ մահացած պայմանագրային զինծառայողն ամուսնացած չէր, ապրում էր հարազատների հետ։ Դեպքը եղել է Վարդենիսի զորամասում։ Իրավապահներն այս պահին հարցաքննում են դիրքում գտնվող տղաներին, որոնք ասում են, թե որեւէ բան չեն տեսել։ Ըստ նախնական վարկածի՝ պայմանագրային զինծառայողն ինքնասպան է եղել։

Հիշեցնենք, որ հուլիսի 3-ին՝ ժամը 00:45-ի սահմաններում, ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում, դեռեւս չպարզված հանգամանքներում կյանքի հետ անհամատեղելի հրազենային վնասվածք է ստացել պայմանագրային զինծառայող Սարգիս Արթուրի Խաչատրյանը: Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:

 

 

 

ԱՆՁՆԱԳՐԻ ԺԱՄԿԵՏԸ ՀՆԱՐԱՎՈՐ ՉԷ ԵՐԿԱՐԱՁԳԵԼ

«Միգրացիա եւ քաղաքացիություն իրավաբանական գրասենյակի» տնօրեն Մնացական Բիչախչյանն իրազեկում է.

«Թեեւ վաղուց կատարվել են օրենսդրական փոփոխություններ, բայց կան անձինք, ովքեր տեղյակ չեն դրանց մասին:

-Եթե լրանում է անձնագրի ժամկետը, այն չի երկարաձգվում ոչ մի դեպքում. պետք է դիմել անձնագրի փոխանակման համար։

-Եթե լրացել է անձնագրի ժամկետը, անկախ նրանից երբ եք դիմում փոխանակման համար, որեւէ տուգանք չի գործում:

– Եթե ՀՀ քաղաքացին ստացել է այլ պետության քաղաքացիություն, ՀՀ իրավասու մարմնին տեղեկացնելու պարտականություն սահմանված չէ (բացառությամբ այն կատեգորիայի անձանց, ում արգելված է զբաղեցնել պաշտոն այլ պետության քաղաքացիություն ունենալու դեպքում):

– Եթե փոխում եք բնակության վայրը եւ ցանկանում եք հաշվառվել նոր վայրով, հաշվառումից դուրս գալու համար նախկին բնակության վայր ներկայանալ պետք չէ. նոր բնակության վայրի անձնագրայինը հաշվառելով ավտոմատ հանվում եք նախկին հասցեից»:

Բանն այն է, որ նախկինում հնարավոր էր անձնագրի ժամկետը երկարաձգել պարզապես ամսաթիվ փոխելով, իսկ այնժմ նախկին անձնագիրը մակնշվում է եւ դառնում է արխիվ։

 

 

 




Լրահոս