2023-ին գյուղատնտեսության համախառն արտադրանքը կազմել է 948 մլրդ դրամ: Այս մասին երեկ՝ 3-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանը:
«Բացի այդ, ձկնաբուծության ոլորտը լրացուցիչ 55 մլրդ դրամի համախառն արտադրանք է ապահովել, եւ միասին մենք ունեցել ենք 1 տրլն 3 մլրդ դրամ համախառն արտադրանք: Քանակական առումով մենք 2023-ին ո՛չ ունեցել ենք գյուղատնտեսական արտադրանքի աճ, ո՛չ էլ՝ նվազում: 2024-ին ամփոփված են դեռեւս առաջին եռամսյակի արդյունքները. Ըստ այդմ՝ գյուղատնտեսական համախառն արտադրանքը աճել է 3,4 տոկոսով:
Տարեցտարի կառավարությունն ավելացնում է գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող բյուջեն: Եթե համեմատենք 10 տարի առաջվա հետ, գյուղատնտեսության բյուջեն ավելացել է 6-7 անգամ: Միանշանակ մարտահրավերներն են ավելացել, որոնք ստիպում են վերադասավորումներ կատարել շուկաների, լոգիստիկ շղթաների»,- ասաց Խոջոյանը:
Նրա խոսքով՝ իրենց հիմնական նպատակը ռեսուրսախնայող տեխնոլոգիաների, գյուղատնտեսության զարգացմանը միտված, նաեւ գյուղատնտեսական նոր մշակույթի ձեւավորմանն ուղղված ծրագրերն են. «Դրանք միտված են ավելի երկարաժամկետ ազդեցություն թողնելու ոլորտի վրա: Ընդհանուր առմամբ, 2024-ին ՀՀ-ից արտահանվել է շուրջ 62 հազար տոննա թարմ պտուղ-բանջարեղեն: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այն ավել է 10 հազար տոննայով:
Մենք 2023-ին արտահանել ենք 133 հազար տոննա թարմ պտուղ-բանջարեղեն: Դրա մեջ ծիրանի արտահանումը, օրինակ, կազմել է 30 հազար տոննա: 2024-ին այսօրվա դրությամբ արդեն ՀՀ-ից արտահանվել է 20 հազար տոննա ծիրան:
2024-ին արտահանվել է շուրջ 11,5 հազար տոննա խնձոր, նախորդ տարի արտահանվել էր 3,8 հազար տոննա, այսինքն՝ էապես ավելացել է:
Լոլիկի արտահանումը մի փոքր կչճատվել է. այս տարի արտահանել ենք 6,1 հազար տոննա լոլիկ, 2023-ին արտահանվել է 14 հազար տոննա լոլիկ: Իսկ ահա, այս տարի արտահանել ենք 4700 տոննա վարունգ, իսկ նախորդ տարի այդ թիվը կազմում էր ընդամենը 400 տոննա: Անգամներով ավելացել է ծաղկի արտահանումը»,- ընդգծեց փոխնախարարը:
Նա ընդգծեց, որ այս պահի դրությամբ վերամշակող կազմակերպությունների կողմից մթերվել է շուրջ 6 հազար տոննա պտուղ-բանջարեղեն:
Փոխնախարարն անդրադարձել է նաեւ Վերին Լարսին:
Դատելով ընդհանրացված թվերից՝ կարող ենք ասել, որ 2024-ին արդեն այսօրվա դրությամբ շուրջ 10 հազար տոննա կամ շուրջ 20 տոկոսով ավելի թարմ պտուղ-բանջարեղեն է արտահանվել, նշել է էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանը:
«Ես հաճախ չեմ ցանկանում խոսել այն ծրագրերի մասին, որոնք նախագծման փուլում են գտնվում, բայց էկոնոմիկայի նախարարությունում այս պահին մշակման փուլում է գտնվում հենց լոգիստիկայի աջակցության մի ուրիշ նախագիծ»,- ասաց նա:
Հարցին՝ Լարսում այս պահին խնդիրներ կա՞ն, նա պատասխանեց. «Այս պահին՝ ոչ»:
ԷՄՄԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
ԻՆՉ Է ԿԱՏԱՐՎՈՒՄ ՍԵՎԱՆԻ ԱՓԻՆ
2019-ի մայիսին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Մեր խնդիրը Սեւանի առափնյա միջավայրը համապատասխանեցնելն է այն կարգավիճակին, որ Սեւանա լիճն ընդհանրապես ունի որպես տեսարժան վայր, որպես քաղցրահամ ջրի ահռելի պաշար, եւ որպես ՀՀ կարեւոր սիմվոլներից մեկը»։
Սակայն երեկ ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը հրապարակեց տեսանյութ, թե ինչ խայտառակ վիճակում են գտնվում Սեւանա լճի ափամերձ տարածքները, որոնք Նիկոլ Փաշինյանը դեռ 2019-ին խոստացել էր մաքրել, սակայն ափամերձ շատ տարածքներ այսօր գտնվում են անմխիթար վիճակում:
«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց պարզել, թե ինչ է արել այս ուղղությամբ շրջակա միջավայրի նախարարությունը: Նախարար Հակոբ Սիմիդյանի էջից տեղեկացանք, որ դեռ երկու տարի առաջ դեկտեմբերի 27-ին նախարար Սիմիդյանը իր ֆեյսբուքյան էջում հայտարարել էր, թե Սեւանա լճի ճահճացող հատվածները մաքրվում են, անգամ հանրային հեռուստաընկերության անդրադարձը կար, թե ինչպես է մաքրվում Սեւանի ափամերձ տարածքները Սեւան ազգային պարկի միջոցներով։
Նույն Մարտունի Վարդենիս հատվածից ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանի հրապարակած տեսանյութում արձանագրված է, որ լիճը աղբի եւ տիղմի մեջ է, իսկ պատկան մարմինները անտարբերության են մատնել մեր ազգային հարստությունը։
Հիշեցնենք, որ Սեւանա լիճը տարիներ շարունակ այս իրավիճակում է, ծառերի մի հատվածը կտրվել են մինչեւ 2018 թվականը, արմատները թողնված էին ջրի մեջ, բայց Նիկոլ Փաշինյանը, երբ իշխանության եկավ, խոստացավ, որ մաքրելու է լիճը:
Իհարկե, էլի խաբեց, ինչպես մյուս բոլոր դեպքերում:
Այդ ընթացքում Նիկոլ Փաշինյանի կառավարության մեջ փոխվել է 3 նախարար, սակայն Սեւանն այդպես էլ չի մաքրվում:
ՔՐԻՍՏԻՆԱ ՄՈՒՇԵՂՅԱՆ
ՄՐՑՈՒՅԹ
«Կոտայքի տարածաշրջանային պետական քոլեջ» ՊՈԱԿ
(ուսումնական հաստատության անվանումը)
տնօրենի թափուր պաշտոնն զբաղեցնելու համար ՀՀ կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 25-ի N 1494-Ն որոշմամբ հաստատված՝ նախնական մասնագիտական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության կարգի 4-րդ կետի համաձայն՝
«Կոտայքի տարածաշրջանային պետական քոլեջ» ՊՈԱԿ
_______________________________________________________–ի
(ուսումնական հաստատության անվանումը)
Լիազոր մարմինը հայտարարում է մրցույթ՝ հաստատության տնօրենի պաշտոնի թափուր տեղն զբաղեցնելու համար:
- Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են՝
1) ՀՀ քաղաքացիությունը
2) ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքը (հավաստագիր)
- Մրցույթին մասնակցելու համար հավակնորդը ներկայացնում է`
1) դիմում` կառավարման խորհրդի նախագահի անունով
2) Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը
3) հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրի պատճենը
4) տվյալ հաստատության 5 տարվա զարգացման ծրագիրը թղթային եւ էլեկտրոնային տարբերակներով` սույն կարգի 26-րդ կետի պահանջներին համապատասխան
5) ինքնակենսագրություն:
Փաստաթղթերի պատճենները խորհրդի նախագահին կամ քարտուղարին առձեռն ներկայացնելու դեպքում պետք է ներկայացնել բնօրինակների հետ:
Փաստաթղթերն ընդունվում են Կոտայքի տարածաշրջանային պետական քոլեջում. հասցեն՝ Կոտայքի մարզ, քաղաք Հրազդան, Կենտրոն թաղամաս 96։
2024 թվականի հուլիսի 4-ից 2024 թվականի հուլիսի 25-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 9:00 -ից մինչեւ ժամը 16:00-ն, բացի հանգստյան (շաբաթ, կիրակի) եւ օրենքով սահմանված ոչ աշխատանքային` տոնական եւ հիշատակի օրերից:
Մրցույթը տեղի կունենա 2024 թվականի օգոստոսի 5-ին՝ ժամը 13:00-ին Կոտայքի տարածաշրջանային պետական քոլեջում, հասցեն՝ Կոտայքի մարզ, քաղաք Հրազդան, Կենտրոն թաղամաս 96։
Տեղեկությունների համար դիմել 033273232, 093159381 հեռախոսահամարներով եւ [email protected] էլեկտրոնային հասցեով։