Երեւանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը 21-րդ անգամ Հայաստանում կհյուրընկալի Կաննի, Բեռլինի եւ այլ հեղինակավոր փառատոներում հաղթած, ինչպես նաեւ օսկարակիր ֆիլմեր, հնարավորություն կտա հանդիպել անվանի այնպիսի ռեժիսորների հետ, ինչպիսիք են Ատոմ Էգոյանը, Տարսեմ Սինգհը, թատրոնի, կինոյի դերասան Քեվին Սփեյսին եւ այլք:
Հուլիսի 3-ին լրագրողների հետ հանդիպմանը Հայաստանի կինոգործիչների միության նախագահ, «Ոսկե ծիրան»-ի հիմնադիր Հարություն Խաչատրյանն ասաց՝ 21-րդ տարին է՝ շնորհավորում է փառատոնի բացումը: «Այսօր իմ կողքին են այն երիտասարդները, որոնք փառատոնի մեկնարկի ժամանակ ուսանողներ էին եւ որպես կամավորներ աշխատում էին մեզ հետ, իսկ այսօր ղեկավարում են, կազմակերպում են փառատոնի կարեւոր իրադարձությունները»,- ասաց նա եւ շնորհակալություն հայտնեց ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը, Երեւանի քաղաքապետարանին եւ բոլոր այն կառույցներին, որոնք աջակցում են «Ոսկե ծիրան»-ի անցկացումը:
Կինոփառատոնի տնօրեն եւ գեղարվեստական ղեկավար Կարեն Ավետիսյանի խոսքով՝ 21-րդ փառատոնը լի է անակնկալներով, կարեւոր շեշտադրումներով: Նա վստահեցրեց՝ իրենց կարեւորագույն նպատակն է կինոյի միջոցով կամուրջ հանդիսանալ Հայաստանի եւ աշխարհի միջեւ: Ավետիսյանը կարծում է՝ կինոն, որը համադրում է արվեստի տարբեր ճյուղերը, համախմբման միջոց է: «Այս տարի փառատոնին նշելու ենք Սերգեյ Փարաջանովի եւ Շառլ Ազնավուրի 100-ամյա հոբելյանները: Ցանկացել ենք մեկ այլ տեսանկյունից հայացք գցել նրանց արվեստի վրա: Նրանք չափազանց տարբեր քաղաքակրթությունների, արվեստների կրողներ են, որոնց միավորում է կինոն: Մեր փառատոնը, որ քաղաքակրթությունների, մշակույթների խաչմերուկ լինելու կարգախոսն ունի, ձոն ու հարգանքի տուրք է մատուցում երկու մեծերին: Նախատեսվում են նրանց նվիրված ցուցահանդեսներ, պերֆորմանսներ տարբեր արվեստագետների մասնակցությամբ»,- շեշտեց Ավետիսյանը:
21-րդ «Ոսկե ծիրան»-ին հյուրերը ոչ թե կարմիր գորգով կքայլեն, այլ հայկական ձեռագործ գորգով: Կարեն Ավետիսյանը շեշտեց, որ գորգը նկարազարդել են ժամանակակից արվեստագետները, գործել են պրոֆեսիոնալ գորգագործները: «Ըստ իս՝ մենք կարող էինք մեզ նման բան թույլ տալ՝ հաշվի առնելով դարերից եկող գորգագործական ավանդույթները եւ համադրել անցյալն ու ներկան»,- ասաց նա:
Կարեն Ավետիսյանն ուրախալի համարեց այն, որ կինոփառատոնին ցուցադրելու են օսկարակիր, Կաննի կինոփառատոնի մրցանակակիր եւ այլ կինոնկարներ, հյուրընկալելու են ականավոր արվեստագետների: «Լիամետրաժ ֆիլմերի ժյուրին կգլխավորի կրկնակի օսկարակիր Ալեքսանդր Փեյնը, տարածաշրջանային համայնապատկեր մրցութային ծրագրի ժյուրիի նախագահը Տարսեմ Սինգհն է: Նա մեծ արվեստագետ է եւ ոգեշնչված է Փարաջանովի արվեստով: Պոպուլյար մշակույթում Փարաջանովի դեսպանն է: Հնարավորություն կլինի նրան հարցեր ուղղել բոլոր այն դավադրապաշտական տեսությունների մասին, որոնք կապված են Լեդի Գագայի «911» տեսահոլովակի հետ: Հյուրերից է նաեւ Ատոմ Էգոյանը, որ կանգնած է փառատոնի ակունքներում: Նա 12 տարի չի մասնակցել փառատոնին, բայց կվերադառնա ֆիլմով, որով կմեկնարկի «Ոսկե ծիրան»-ը: Էգոյանը նաեւ կարճամետրաժ ժյուրիի նախագահն է, ինչը մեծ պատիվ կլինի երիտասարդ, սկսնակ ռեժիսորների համար, որոնք առաջին քայլերն են անում այդ մրցութային ծրագրում: Քեւին Սփեյսիին հյուրընկալելու մասին բոլորը գիտեն, միայն կասեմ, որ նա բաց հանդիպում կունենա արվեստասերների հետ, իսկ ուսանողների համար վարպետության դաս կանցկացնի: Նրա այցը ոչ թե հայտնի մարդու սիմվոլիկ մասնակցություն է փառատոնին, այլ ունի կրթական բաղադրիչ»,- շեշտեցին «Ոսկե ծիրան»-ի տնօրենն ու գեղարվեստական ղեկավարը:
ՎԵՐԱՆՈՐՈԳՎՈՒՄ Է «ՊԱՏԱՆԻ ՀԱՆԴԻՍԱՏԵՍԻ» ԹԱՏՐՈՆԸ
Երեւանի պատանի հանդիսատեսի թատրոնը, որտեղ գործում են նաեւ ստեղծագործական կենտրոններ, վերանորոգվում է: Այս մասին հայտնում են Երեւանի քաղաքապետարանից` նշելով, որ առաժմ շինարարություն է փորձասենյակների, միջանցքների ու սանհանգույցների հատվածում:
«Շենքը լիովին վերանորոգվելու է: Այս պահին ընթանում է 1-ին փուլը, ինչը ներառում է ներքին հարդարումը, այսինքն` փոխվում են սանհանգույցները, հարդարվում են ներսի սենյակային հատվածներ, փոխվում են ջրահեռացման խողովակները, ինչպես նաեւ դռները եւ պատուհանները», – մանրամասնել է Երեւանի քաղաքապետարանի շինարարության եւ բարեկարգման վարչության պետի ժ/պ Արմեն Հարությունյանը:
Աշխատանքների ղեկավարն ընդգծել է, որ նախկինում անցկացված օդափոխության համակարգն ամբողջությամբ փոխվում է, անցկացվում է հովացման եւ ջեռուցման նոր համակարգ:
Վերանորոգման հաջորդ՝ առավել ընդգրկուն փուլը ներառում է դահլիճն ու բեմը: Որոշ հատվածի փայտե կառուցվածքների կազմաքանդումն արդեն սկսել են, որովհետեւ այլեւս ենթակա չեն շահագործման:
«Ավարտը նախատեսվում է 2025 թվականին: Պետք է առավելագույն ջանքեր գործադրենք, որ կարողանանք մեր երեւանցիներին նորովի վերադարձնել Պատանի հանդիսատեսի թատրոնը»,- նշել է Արմեն Հարությունյանը:
Կվերականգնվեն նաեւ շենքի արտաքին պատերը՝ չխախտելով ճակատի ճարտարապետական կերպը: Շուրջ մեկ դար առաջ հիմնադրված թատրոնը վերանորոգումից հետո կներկայանա ամբողջությամբ արդիականացված:
ՄԱՀԱՑԵԼ Է ԳՈՅ ԹԱՏՐՈՆԻ ՀԻՄՆԱԴԻՐԸ
Կյանքից հեռացել է Գոյ թատրոնի հիմնադիր, բեմաստեղծ Մկրտիչ Մկրտչյանը:
Գոյ թատրոնի անձնակազմը եւ «Ժողովուրդ» օրաթերթը իրենց ցավակցությունն են հայտնում նրա ընտանիքին եւ հարազատներին:
ՀՌԻՓՍԻՄԵ ԽՈՒՐՇՈՒԴՅԱՆԸ ԱՎԱՐՏՈՒՄ Է ԿԱՐԻԵՐԱՆ
Ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն, արծաթե եւ կրկնակի բրոնզե մեդալակիր Հռիփսիմե Խուրշուդյանն ավարտում է մարզական կարիերան:
Այս կապակցությամբ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը հյուրընկալել է անվանի մարզուհուն եւ շնորհակալություն հայտնել ներդրած ջանքերի, ծանրամարտի պատմության մեջ հետք թողնելու եւ գրանցած հաղթանակներով Հայաստանի պատիվը բարձր պահելու համար:
«Մարզաշխարհում դուք պատմություն եք կերտել: Ձեր նվիրումն ու կամքի դրսեւորումը չափազանց գնահատելի եւ օրինակելի են ոչ միայն մարզիկների, այլեւ, ընդհանրապես, մարդկանց համար, որոնք պետք է անցնեն պայքարի ուղին: Դուք արժանի եք ամենաբարձր մեծարանքին»,- ասել է Կարեն Գիլոյանը:
Հռիփսիմե Խուրշուդյանը եւս շնորհակալություն է հայտնել գնահատանքի եւ իր գործն արժեւորելու համար. «Շնորհակալ եմ, որ իմ կողքին եք: Ամենաբարդ մրցապայքարում անգամ դա միշտ ոգեւորիչ է եւ ուժ է տալիս»:
Հանդիպմանը քննարկվել են ոլորտին առնչվող մի շարք հարցեր, ընթացիկ խնդիրներ:
«ՆՈԱՆ» ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՀԱՄԱԼՐԵԼ ԿԱԶՄԸ
Հայաստանի փոխչեմպիոն «Նոային» է միացել Գոնսալո Գրեգորիոն։ Պորտուգալացի հարձակվողը կարիերայի մեծ մասն անցկացրել է հայրենիքում։ «Բելենենսեշի» պատանեկան թիմերում խաղալուց հետո Գոնսալոն համալրել է գլխավոր թիմի կազմը, այնուհետեւ խաղացել է «Կասա Պիայում», «Լեյշոեշում», «Վիլաֆրանկենսեում», «Պասուշ Ֆերեյրայում»։ 29-ամյա ֆուտբոլիստը «Նոա» է տեղափոխվել Բուխարեստի «Դինամոյից», որի կազմում անցկացրած 41 խաղում դարձել է 8 գոլի հեղինակ։
«Ես այստեղ եմ, որպեսզի նվաճեմ ամեն ինչ: Մենք ցանկանում ենք «Նոային» նոր հարթություն տեղափոխել»,-ասել է թիմի նորեկը:
Հիշեցնենք, որ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլում «Նոան» կմրցի հյուսիսմակեդոնական «Շկենդիայի» հետ։ Առաջին խաղը կկայանա Աբովյանում՝ հուլիսի 11-ին։