Իշխանության ներկայացուցիչները, որոնք մերժում էին խնամի-ծանոթ-բարեկամ թեզը, տարեցտարի ավելի են արմատավորվում դրա մեջ՝ առավել սոսկալի դրսեւորումներով։
Այս անգամ շարքը համալրում է ՀՀ առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը: «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ հասան, որ Լենա Նանուշյանը, օգտվելով իրեն ընձեռնված հնարավորություններից, որդու առողջական վիճակի վերաբերյալ այնպիսի փաստաթղթեր է հավաքել, որոնցով կարողացել է նրան ազատել զինծառայությունից:
«Ժողովուրդ» օրաթերթը փորձել էր առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Մարիամ Ծատրյանից ճշտել ունեցած տեղեկությունները. ստացանք հետեւյալ պատասխանը.
«Ես վստահ եմ՝ գիտեք «բժշկական գաղտնիքի մասին» սահմանումը, օրենքի կետը։ Ես իրավահարգ եմ։ Այս հարցը նախարարի կամ նախարարության գործառութային հարց չէ, չեմ կարող մեկնաբանել. ունի առողջական խնդիր կամ չունի՝ համարվում է բժշկական գաղտնիք»:
«Ժողովուրդ» օրաթերթը դիմեց նաեւ ՀՀ պաշտպանության նախարարություն՝ հստակ հարցերով, թե որոնք են փոխնախարար Նանուշյանի որդու՝ Սերգեյ Մխիթարյանի՝ զինվորական ծառայության չանցնելու հիմնական պատճառները, եւ պահանջել էինք տալ հստակ հիմնավորում՝ զինծառայությունից ազատվելու վերաբերյալ:
ՀՀ պաշտպանության նախարարությունը մերժեց պատասխան պահանջող մեր հարցումը՝ պատասխանները դարձյալ հիմնավորելով «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի եւ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի պահանջների հղմամբ։
Ստացվում է, որ իշխանությունը ներկայիս պաշտոնյաների համար հնարավորություն է՝ սեփական երեխաների շահերն առաջ տանելու. իսկ երբ Նիկոլ Փաշինյանն իշխանության եկավ, ողջ կոկորդով պայքարում էր Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի եւ էլի մյուս պաշտոնյաների որդիների՝ բանակում չծառայելու մերժելի երեւույթի դեմ, ու այդ ընթացքում որեւէ պաշտոնյա չէր խոսում անձնական տվյալների պաշտպանությունից:
Այսօր ԲԴԽ-ում կայանալու է դատավոր Աննա Դանիբեկյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու նիստը։ «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ ԲԴԽ-ում տրամադրվածությունն այնպիսին է, որ դատավոր Աննա Դանիբեկյանի լիազորությունները դադարեցվեն, իսկ թե ինչպես կքվեարկեն ԲԴԽ անդամերը, ցույց կտան զարգացումները։ Հիշեցնենք, որ մայիսի 14-ին «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանի դեմ հարուցված կարգապահական վարույթը ուղարկվել է ՀՀ բարձրագույն դատական խորհուրդ. իսկ առիթն այն է, որ մարտի 1-ից, ՀՀ արդարադատության նախարարը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ հարուցված քրեական գործը քննող, Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցել։ Արդյունքում՝ կարգապահական վարույթը հասավ ԲԴԽ, ու այնտեղ էլ այս օրերին որոշվում է դատավորի ճակատագիրը։ Մնում է սպասել, թե դատավորների անկախությունը ապահովելուն կոչված ԲԴԽ-ն ի՞նչ վարքագիծ կդրսեւորի. կպատժի՞ դատավորին, թե՞ կների՝ Քոչարյանի գործով ինչ-ինչ որոշումների համար։
«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ իշխանությունները ամենակոռուպցիոն ոլորտներից մեկի՝ պետական գնումների գործընթացի նկատմամբ հանրային հսկողություն իրականացնելու նպատակով՝ հարյուրավոր ՀԿ-ներից եւ ԶԼՄ-ներց ընտրել են մեկ ՀԿ։ Մեր տեղեկություններով՝ նրանց է միացել նաեւ Դանիել Իոաննիսյանի՝ «Իրազեկ քաղաքացիների միավորում» խորհրդատվական ՀԿ-ն` ընդհանուր ութ անձով։
Հիրավի, կնախանձեին ՔՊ-ին բոլշեւիկները նման միատարր կառավարման համակարգ ձեւավորելու հարցում, ում օրոք գոնե ֆորմալ առումով գոյություն ունեին ծՈՐՏՊվօռ ՍՏվՑՐՏսՖ կամ Կըղհհ կառույցները։
Հ.Գ. Նախօրեին «Ժողովուրդ» օրաթերթի հրապարակած՝ «Հաշվեքննիչ պալատի բնորոշմամբ 67 միլիարդ դրամի, 362 մրցույթի ոչ թափանցիկ ծախսումների» փաստի առնչությամբ իշխանությունները առ այսօր, զբաղված լինելով հեծանիվ քշելով, ոչինչ չեն մեկնաբանում:
Մեզ հետ զրույցում Դանիել Իոաննիսյանը հաստատեց, որ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն միացել է պետական գնումների գործընթացի վերահսկմանը.
«Պետական գնումների նկատմամբ վերահսկողություն իրականացնելու կարգը հենց մեր առաջարկությամբ է կառավարությունն ընդունել, մենք ենք առաջարկել, որ հավատարմագրում իրականացվի:
Դիմումը երկու շաբաթ առաջ ենք ուղարկել, որպեսզի մենք եւս միանանք պետական գնումների գործընթացի վերահսկողությանը:
Մեր կողմից առաջարկած կարգի համաձայն՝ ցանկացած լրատվամիջոց եւ հասարակական կազմակերպություն կարող է հավատարմագրվել ֆինանսների նախարարությունում եւ գնումների ոլորտում, բոլոր հանձնում եւ ընդունումների նկատմամբ վերահսկողության իրավունք ստանալ, պետական միջոցներով կառուցվող շինությունների շինհրապարակ այցելել:
Հավատարմագրումը բաց է, ինչպես «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն է միացել, նույն կերպ էլ «Ժողովուրդ» օրաթերթը կարող է միանալ:
Այն ժամանակ հավատարմագրման կարգը շատ բարդ էր, հիմա մենք ֆինանսների նախարարության հետ այն հեշտացրել ենք: Այժմ ցանկացած լրատվամիջոց կամ ՀԿ կարող է միանալ գնումների ցործընթացի վերահսկողությանը»,- նշեց Իոաննիսյանը:
«Ժողովուրդ» օրաթերթը, իհարե, կմիանա վերահսկողական գործընթացներին՝ բացահայտելու նորօրյա իրական թալանչիներին:
ՔՊ-ական պատգամավորները չեն դադարում զարմացնել իրենց «մտքի թռիչքով»:
Ամեն ինչ մեր երկրում իր բնական հունով ընթանում է, ամեն բան կարգին է՝ հիմա էլ ՔՊ-ականները որոշել են հեշտացնել հղիության վաղաժամ ընդհատումը եւ ՀՀ-ում թույլատրել սեռաբջջի նվիրատվությունը:
Աղմկահարույց՝ «Մարդու վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրավունքների մասին» օրենքում փոփոխություններ նախատեսող օրինագծի հեղինակներն են ՔՊ-ական պատգամավորներ Նարեկ Զեյնալյանը, Լուսինե Բադալյանը, Տաթեւիկ Գասպարյանը եւ Լենա Նազարյանը։
Այսպիսով՝ գործող օրենքով միայն հիվանդանոցային պայմաններում եւ գործիքային մեթոդներով են թույլատրում հղիության արհեստական ընդհատում, սակայն ՔՊ-ականներն առաջարկում են ավելի հասանելի դարձնել սա, եւ մինչեւ 8 շաբաթական հղիության դեպքում թույլատրել դեղորայքային արհեստական ընդհատումը՝ գինեկոլոգիական լիցենզիա ունեցող բժշկական կազմակերպություններում, ինչպես ամբուլատոր, այնպես էլ հիվանդանոցային պայմաններում։
Առողջապահության համաշխարհային կազմակերպության ցուցումով նախատեսվում է մինչեւ 12 շաբաթական հղիության արհեստական ընդհատում, Հայաստանում որոշել են շեմը իջեցնել:
ՔՊ-ականներն առաջարկում են նաեւ ՀՀ-ում թույլատրել սեռաբջջի նվիրատվությունը, արտահանումը եւ ներմուծումը.
ՔՊ-ականների հեղինակած նախագծով առաջարկվում է նաեւ փոխնակ մայր ծառայություններից օգտվողների տարիքային շեմը բարձրացնել 53-ից 55, իսկ սուրոգատ մոր տարիքը 35-ից բարձրացնել 38։
Նախագծով առաջարկվում է նաեւ փոխնակ մոր ծառայությունից օգտվելու իրավունքը չտարածել օտարերկրյա քաղաքացիների, ինչպես նաեւ հղիությունը կրելու բժշկական հակացուցում չունեցող կնոջ նկատմամբ։
Արձանագրենք, որ ՔՊ-ական պատգամավորների գրեթե բոլոր հեղինակած նախագծերը միտված են ոչ թե երկրում որեւէ խնդիր լուծելուն կամ որեւէ հարց կարգավորելուն, կամ հենց իրենց հռչակած 5 մլն բնակիչ ունեցող Հայաստանի կառուցմանը, այլ, ընդհակառակը՝ բացառապես նպատակ ունեն խեղաթյուրել մեր ազգային արժեքները եւ հասարակությանը հերթական անգամ նոր շոկի ենթարկել: