ArmLur.am-ը տիրող քաղական իրավիճակի եւ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասին զրուցել է բանաստեղծ Խաչիկ Մանուկյանի հետ:
-Պարո՛ն Մանուկյան, օրերս Դուք Գերմանիայում էիք եւ հրապարակում էիք կատարել, որ գերմանուհին դարձավ սրբազան պայքարի մի մասնիկը: Խնդրում ենք՝ մի փոքր մանրամասնեք այդ մասին:
-Սա մի հետաքրիքր պատմություն էր. մենք գնացինք Ամբախ ամրոց, եւ այդ աղջիկը նկարագրում էր ամրոցի հետ կապված պատմությունը, զարմանալի մի բան իմացանք, որ այդ կառույցում ֆրանսիացիները գերեւարել են ժողովրդին: Պատմվեց, որ ամրոցում 1832 թվականին պայքար է կազմակերպվել եպիսկոպոսների կողմից, եւ դա հիմք է դրել Գերմանական Դեմոկրատական Հանրապետության, որն ավելի ուշ Վայմարի հանրապետությամբ հռչակվեց: Ես ասացի. «Գիտեք՝ հիմա էլ մեզ մոտ է սրբազան պայքար ընթանում, մեր շարժումն էլ է հոգեւորական ղեկավարում», եւ նրան հետաքրքրեց, ու կինը սիրով միացավ: Նկատեցի, որ շատերին, ում պատմում էինք իրավիճակը Հայաստանում, մեզ հաջողություն էին մաղթում: Մեզ թվում է, թե ամբողջ Եվրոպան մեր դեմ է, բայց այդպես չէ, սովորական մարդիկ, հասարակ ժողովուրդը շատ են ուզում, որ ամեն ազգ իր մշակույթը եւ իր դեմքը պահի, եւ միջոցառումը, որ կազմակերպել էին բանաստեղծները հենց դրա մասին էր. օտարերկրացիները ծանոթացան հայկական մշակույթին:
-Պարո՛ն Մանուկյան, ըստ Ձեզ, ո՞րն է պայքարի հաջորդ փուլը, քանզի ըստ իշխանականների՝ պայքարն արդեն մարել է, եւ իմաստ չկա այն շարունակելու:
-Իշխանականները ստի կայսրությունը կերտած մարդիկ են, պարբերաբար ստում են, դա իրենց զենքն է: Սուտը հասել է այն աստիճանի, որ հանձնվող տարածքների մասին ասում են՝ գիտեք՝ մենք երկու գյուղ հետ բերեցինք: Ծաղրվում է մեր ժողովուրդը, բայց նաեւ տխրում եմ, որ պատրաստ է ծաղրվելու, այսինքն՝ շատ մարդիկ իրենց ինքնությունից դուրս են գտնվում. Բագրատ Սրբազանը եկել է մեր ինքնությունը մեզ վերադարձնելու համար: Պատահական չեմ համարում, որ Սորոսի ու Էրդողանի ենթակաները հարձակվում էին եկեղեցու վրա, քանի որ նրանք լավ գիտեին, որ վաղ թե ուշ եկեղեցին ոտքի կկանգնի, եւ եկեղեցին այն ուժն է, որ մեր ինքնությունը վեր կհանի ու հայը կսթափվի: Արդեն արտերկրից ենք հայտարարություններ լսում, թե հայ ժողովուրդն ինչպես է հանդուրժում նման ղեկավարություն… Հանդուրժում են, քանի որ հերթական անգամ խաբվեցին, բայց իշխանությունները շարունակելու են ստել: Մեզ մի ելք է մնում՝ ոչնչացնել չարքապատկաններին, որ նրանք չլինեն մեր հայրենիքում, կամ տիրական ուժ չլինեն, որովհետեւ դրա միջոցով մի հաղթական սերունդ կոտորեցին, հզորների բանակի պարտություն վավերացրին: Ես ժամանակին էլ հայտարարել եմ, որ զինվորը չպարտվեց, դա քաղաքական պարտություն էր, որի մեղավորները եւ միակ պատասխանատուները ղեկավար իշխանավորներն էին, երբ քաղաքական գնահատական տանք կատարվածին, կտեսնենք, թե ինչ չարագործություններ էին եղել, եւ միակ բանը, որ զարգացել է հայաստանում, եղել է կոռուպցիան: Մենք տեսանք, որ 30 տարվա ընթացքում կուտակված 6 միլիարդ արտաքին պարտքը կրկնապատկեցին այս կարճ ժամանակահատվածում: Ստացվում է՝ նրանք եկել էին ագահաբար հարձակվելու բյուջեի վրա, ու նրանց միակ նպատակը փողն է եղել, այժմ էլ ծաղրում են հայ ժողովրդին, հողերը՝ հանձնում, եւ այս կամ այն երկրից լուսանկարներ հրապարակում՝ կարծես ասելով՝ մենք, հայեր, ձեզ հաղթել ենք:
Շարունակությունը՝ ArmLur.am կայքում:
ՍԱՀՄԱՆԻ ԵՐԿԱՅՆՔՈՎ՝ ՄԵՏԱՂՅԱ ՓՇԱԼԱՐԵՐ
Կիրանց գյուղի նոր ճանապարհի կառուցման աշխատանքներն ավարտին կհասցվեն մոտ ժամանակներս: Այս մասին շաբաթ օրը՝ Տավուշի մարզ կատարած այցից հետո, հայտարարել էր Նիկոլ Փաշինյանը։
Կիրանց գյուղում նոր ճանապարհ կառուցելու անհրաժեշտությունն առաջացել էր Տավուշի մարզում սահմանազատման աշխատանքներից հետո։ Փաշինյանը ծանոթացել է նաեւ Կիրանց-Աճարկուտ ճանապարհի վերակառուցման աշխատանքների ընթացքին, որոնք ավարտական փուլում են:
Նշենք, որ սահմանազատումից հետո Կիրանց տանող կամուրջը, որը միջպետական ճանապարհի մի մասն է, ադրբեջանական կողմին է անցնում, մայիսի 20-ից մեկնարկել են հարակից Աճարկուտ բնակավայրով անցնող ճանապարհի կառուցման աշխատանքները:
Նիկոլ Փաշինյանը եղել է նաեւ Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Կիրանցի հատվածում եւ այնտեղից տեսանյութ հրապարակել։ Ի դեպ, տեսանյութում երեւում է, որ սահմանի ողջ երկայնքով մետաղյա փշալարեր են տեղադրված։ Նշենք նաեւ, որ Փաշինյանին ողջ ընթացքում ուղեկցել է Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, որը, հանուն Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած քավոր-սանիկական հարաբերությունների, աչք է փակում Տավուշում տեղի ունեցող գործընթացների վրա։
«Ժողովուրդ» օրաթերթը նկատեց նաեւ, որ ի տարբերություն նախորդ անգամների՝ այս անգամ նա այդպես էլ չհանդիպեց տեղի բնակիչների հետ, հավանաբար՝ նրանց վատ վերաբերմունքից եւ դժգոհություններից խուսափելու համար։
ՔՐԻՍՏԻՆԱ ՄՈՒՇԵՂՅԱՆ
ՈՐՔԱՆ ՈՒՆԵՑՎԱԾՔ ՈՒՆԻ Ռ. ՌՈՒԲԻՆՅԱՆԸ
Ռուբեն Ռուբինյանը ՀՀ Ազգային ժողով է եկել 2021 թվականին հունիսի 20-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով: 2021 թվականի օգոստոսի 3-ին ընտրվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալ:
Ռուբինյանի կինը՝ Մարիամ Հաջի-Հակոբյանը, եւս աշխատում է ՀՀ Ազգային ժողովում՝ որպես գլխավոր մասնագետ։
2023 թվականի անշարժ գույքի, եկամուտների, ծախսերի եւ շահերի հայտարարագրի համաձայն՝ Ռուբինյանի ստացված վարկերի եւ փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 32 մլն 057 հազար դրամ, որը բնակարանի հիփոթեքի մայր գումարի մնացորդն է, հենց այստեղից ենք տեղեկանում, որ ԱԺ նախագահի տեղակալը ունի նոր բնակարան Երեւան քաղաքում։
Ռուբինյանը տրանսպորտային որեւէ միջոց չի հայտարարագրել։ Բանկային հաշիվների մնացորդները կազմել են 10 մլն 396 հազար դրամ, հաշվետու տարվա եկամուտները՝ 17 մլն 483 հազար դրամ։ Եկամուտներից 14 մլն 051 հազար դրամը աշխատանքի վարձատրություն է ՀՀ ԱԺ աշխատակազմից, իսկ 2 մլն 860 հազար դրամը ստացել է ՀՀ ֆինանսների նախարարությունից, որը եկամտահարկի վերադարձի օրենքով՝ հիփոթեքի մայր գումարի մնացորդը մարելու համար է։
Եկամուտներից 570 հազար դրամը վարկ է «Ինեկոբանկ»-ից։
Ռուբինյանը վարկերի մարմանն ուղղել է 3 մլն 609 հազար դրամ, անշարժ գույքի վերանորոգմանն ուղղել է 11 մլն 406 հազար դրամ։
Ռուբինյանի կինը հաշվետու տարվա եկամուտներում հայտարարգրել է 2 մլն 650 հազար դրամ եւ 900$ դոլար գումար, որը ստացել է հարսանեկան արարողության հյուրերից։ Ազգային ժողովի աշխատակազմից Մարիամ Հաջի-Հակոբյանը որպես աշխատանքի վարձատրություն ստացել է 4 մլն 461 հազար դրամ։
ԷՄՄԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
ԲԱՅՐԱՄՈՎԸ ԿՐԿԻՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ Է ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ
Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը կրկին պահանջներ է հնչեցրել ուղղված ՀՀ-ին ու խոսել է ՀՀ սահմանադրությունից։
«Հանրությունը պարբերաբար տեղեկացվում է Հայաստանի հետ խաղաղության օրակարգի առաջնահերթությունների մասին։ Խաղաղության պայմանագրի բանակցություններում բաց հարցերի թիվը զգալիորեն նվազել է։ Դժբախտաբար, Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները մնում են Հայաստանի Սահմանադրության մեջ։ Այս գործոնը պետք է վերացվի, որպեսզի լիովին խաղաղության հասնենք», – նշել է Բայրամովը։
ԼՈՒԱԶՈՆ ՔՆՆԱԴԱՏԵԼ Է ՕՐԲԱՆԻ ԱՅՑԸ ՇՈՒՇԻ
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի մասնակցությունը Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովին Հյուսիսային Կիպրոսի ներկայացուցչի հետ Լեռնային Ղարաբաղի Շուշի քաղաքում խայտառակություն է Հունգարիայի համար։ Այս մասին X-ի միկրոբլոգում գրել է Եվրոպական խորհրդարանի անվտանգային ու պաշտպանական հարցերով կոմիտեի նախագահ Նատալի Լուազոն։
Նա այս այցն անվանել է նաեւ սկանդալ Եվրոպայի համար՝ շեշտելով, որ Հունգարիայի վարչապետ Օրբանը, փաստորեն, «կասկածի տակ է դնում Կիպրոսի խնդիրը»։
ՔՊ-ԱԿԱՆՆԵՐԸ ԽՆՋՈՒՅՔՆԵՐԻ ՄԵՋ ԵՆ
Չնայած երկրում առկա անվտանգային լրջագույն խնդիրներին եւ հասարակության սոցիալական անբարվոք վիճակին՝ հայրենի իշխանությունները, գրեթե ամենօրյա ռեժիմով, խնջույքների ու քեֆ-ուրախությունների մեջ են:
Հիմա էլ ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանն է լուսանկար հրապարակել Վեդիի ՔՊ-ական համայնքապետ Գարիկ Սարգսյանի հետ, որտեղ նրանք համերգի են մասնակցում։
«Վեդիում կրկին տոն էր.
Հ.Գ. նկարում՝ ես, Գարիկը եւ Արամը (mp3) Տափի Բերդի ֆոնին (ժողովուրդն այն կոչում է Գեւորգ Մարզպետունու անունով)»,- գրել է նա:
Կարող ենք արձանագրել, որ ՔՊ-ականները շարունակում են անհաղորդ մնալ երկրում ստեղծված խնդիրներին:
ԿՄԱՍՆԱԿՑԻ ՆԱՏՕ-Ի ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻՆ
Հուլիսի 9-10-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Վաշինգտոնում։ Նախարար Միրզոյանը կմասնակցի ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի՝ գործընկերների ձեւաչափով միջոցառմանը եւ կազմակերպության 75-ամյակին նվիրված հարակից միջոցառումներին։
Ծրագրված են նաեւ երկկողմ հանդիպումներ։