«ՎԵՐԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՔՊ-ԱԿԱՆՆԵՐԻ ՆՈՐ՝ ԱՂՄԿԱՀԱՐՈՒՅՑ ՆԱԽԱԳԻԾԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում կթույլատրեն հղիության ընդհատումը դեղորայքով՝ ամբուլատոր կամ հիվանդանոցային պայմաններում, սեռաբջիջը կարող են նվիրատվություն կատարել, արտահանել, ներմուծել, իսկ սուրոգատ կնոջ համար նախատեսված տարիքը կբարձրացվի։

 

ՔՊ-ական պատգամավորները հերթական աղմկահարույց նախագիծն են հեղինակել, որն այս շաբաթ կքննարկվի ԱԺ արտահերթ նստաշրջանում։

«Մարդու վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրավունքների մասին» օրենքում փոփոխություններ նախատեսող օրինագծի հեղինակները ՔՊ-ական պատգամավորներն են՝ Նարեկ Զեյնալյանը, Լուսինե Բադալյանը, Տաթեւիկ Գասպարյանը եւ Լենա Նազարյանը։

Գործող օրենքով՝ միայն հիվանդանոցային պայմաններով եւ գործիքային մեթոդներով են թույլատրում հղիության արհեստական ընդհատումը, ՔՊ-ականներն առաջարկում են ավելի հասանելի դարձնել սա եւ մինչեւ 8 շաբաթական հղիության դեպքում թույլատրել դեղորայքային արհեստական ընդհատումը՝ գինեկոլոգիական լիցենզիա ունեցող բժշկական կազմակերպություններում, ինչպես ամբուլատոր, այնպես էլ հիվանդանոցային պայմաններում։

Առողջապահության համաշխարհային կազմակերպության ցուցումով նախատեսվում է մինչեւ 12 շաբաթական հղիության արհեստական ընդհատում, Հայաստանում որոշել են շեմը իջեցնել:

ՔՊ-ականներն առաջարկում են նաեւ ՀՀ-ում թույլատրել սեռաբջջի նվիրատվությունը, արտահանումը եւ ներմուծումը.

«Կարգավորումներ կան նաեւ սեռաբջիջների պահպանման, արտահանման, ներմուծման, ոչնչացման հետ կապված: Սա քննարկել ենք մեր բժշկական կազմակերպությունների հետ: Գործող օրենսդրությամբ որեւէ կարգավորում չկար, թե իրենք ինչ պետք է անեն այն սեռաբջիջները, որոնք չեն օգտագործվել: Հիմա կարգավորումներ ենք մտցրել, որ կենսաբանական ծնողը կարողանա նվիրատվություն կատարել սեռաբջիջը բժշկական կազմակերպությանը, կարողանա  արտահանել, ներմուծել: Բժշկական կազմակերպություններին իրավասություն են տվել կատարել ոչնչացում՝ կենսաբանական ծնողի կամ ծնողների թույլտվությամբ: Նաեւ որոշակի սահմանափակումներ ենք մտցրել ազգությամբ ոչ հայերի համար, հաշվի առնելով կարիքը՝ առավելությունը տվել ենք ազգությամբ հայերին», – այսօր ԱԺ առողջապահության հարցերի հանձնաժողովի նիստում հայտարարեց հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը։

ՔՊ-ականների հեղինակած նախագծով՝ առաջարկվում է նաեւ փոխնակ մայր ծառայություններից օգտվողների տարիքային շեմը բարձրացնել 53-ից 55, իսկ սուրոգատ մոր տարիքը 35-ից բարձրացնել 38։

Նախագծով առաջարկվում է նաեւ փոխնակ մոր ծառայությունից օգտվելու իրավունքը չտարածել օտարերկրյա քաղաքացիների, ինչպես նաեւ հղիությունը կրելու բժշկական հակացուցում չունեցող կնոջ նկատմամբ։

 

 

 

 

Ս.ՊԱՊԻԿՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐԸ

Սուրեն Պապիկյանը ՀՀ պաշտպանության նախարար է նշանակվել 2020 թվականի պատերազմից հետո՝ 2021 թվականի նոյեմբերի 15-ին։

Մինչ պաշտպանության նախարար դառնալը Սուրեն Պապիկյանը եղել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար, ապա ՀՀ փոխվարչապետ։ 2018 թվականից «Իմ քայլը» շարժման նախաձեռնող անդամ է, նաեւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ է։

Սուրեն Պապիկյանը, 2023 թվականի անշարժ գույքի, եկամուտների, շահերի եւ ծախսերի հայտարարագրի համաձայն, ունի 4 անշարժ գույք՝ 1 բնակարան բազմաբնակարան շենքում՝ միանձնյա սեփականությամբ, որը ձեռք է բերել 2019 թվականին Արաբկիր վարչական շրջանում եւ 3 հողամաս՝ համատեղ սեփականությամբ, որոնք գտնվում են Լոռու մարզի Լոռի Բերդ գյուղում եւ ձեռք է բերել 2003 թվականին։

Նախարար Պապիկյանը որեւէ տրանսպորտային միջոց չի հայտարարագրել։ Նրա բանկային հաշիվների մնացորդները կազմել են 18,6 մլն դրամ, 10,4 հազար եվրո, 17,5 հազար դոլար։ Կանխիկ դրամական միջոցները կազմել են 20 հազար դոլար, 10 հազար եվրո։

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի՝ հաշվետու տարվա եկամուտները կազմել են 31 մլն 101 հազար դրամ, որից 21 մլն 499 հազար դրամը նախարարի աշխատանքի վարձատրությունն է ՀՀ պաշտպանության նախարարությունից։ Սուրեն Պապիկյանը վարձակալության դիմաց ստացել է  7 մլն 805 հազար դրամ եկամուտ։

Նախարարի՝ ստացված վարկերի եւ փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 58 մլն 305 հազար դրամ, որից տեղեկանում ենք՝ Պապիկյանն ունի հիփոթեքով ձեռք բերված 2  բնակարան եւ 1 ավտոկայանատեղի։ Եկամուտներից էլ տեղեկանում ենք, որ Պապիկյանը ՀՀ ֆինանսների նախարարությունից ստացել է 1 մլն 796 հազար դրամ, որը եկամտահարկի վերադարձի օրենքով հիփոթեքի մայր գումարի մնացորդը մարելու համար է։

Սուրեն Պապիկյանը վարկերի մարմանն ուղղել է 17 մլն 253 հազար դրամ, անշարժ գույքի վերանորոգման համար տրամադրել է 5 մլն դրամ։

 

 

 

«ՊԵՏՔ Է ԿԵՏՆՐՈՆԱՆԱՆՔ ՄԵՐ ՔԱՅԼԵՐԻ ՎՐԱ»

«Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ, քաղաքական վերլուծաբան Վահե Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել, որը ներկայացնում ենք ստորեւ։

«Անհանգստության իրական աղբյուրը.

Շատերը մտահոգ են (գուցե՝ ոչ անհիմն) Իրանում Փեզեշքիանի հաղթանակով՝ համարելով ադրբեջանցի։ Մինչ այդ մտահոգ էինք Բայդենի հնարավոր պարտությամբ (գուցե՝ ոչ անհիմն), ավելի վաղ մտահոգ էինք Մակրոնի պարտությամբ, Լուկաշենկոն վաղուց «ադրբեջանամետ» է, իսկ Պուտինը՝ «Էրդողանի դաշնակիցը»։ Գուցե այս բոլոր մտահոգությունները տեղին են, բայց ճիշտ եզրահանգման մենք չենք գալիս արդեն մի քանի տարի շարունակ.

  1. Եթե նույնիսկ Թեհրանում, Վաշինգտոնում, Մոսկվայում, Թբիլիսիում, Անկարայում միաժամանակ իշխանության գան պրոադրբեջանական ուժեր, բայց Հայաստանում լինի իրական պետական մտածողությամբ հայկական իշխանություն, Հայաստանը գրագետ քաղաքականությամբ եւ գրագետ քայլերով կկարողանա պաշտպանել իր շահերը՝ ձեռք բերելով դաշնակիցներ հենց այդ երկրներից։
  2. Եթե Թեհրանում, Վաշինգտոնում, Մոսկվայում, Թբիլիսիում, Անկարայում միաժամանակ իշխանության գան պրոհայկական ուժեր, իսկական հայամետներ, բայց Հայաստանում լինի այսօրվա պես աղետաբեր իշխանություն, մեզ ոչինչ չի փրկի կորուստներից ու ողբերգությունից, միշտ կլինենք «թույլ եւ մենակ»՝ առանց դաշնակցի։

Հետեւաբար՝ կենտրոնանալ պետք է սեփական իշխանության որակի վրա։ Մնացածը կառավարելի իրավիճակներ են»։

 

 

ԳԱԶԱՅՈՒՄ ԶՈՀՎԱԾ ՊԱՂԵՍՏԻՆՑԻՆԵՐԸ. ՏՎՅԱԼՆԵՐ

Գազայի հատվածում իսրայելական զինվորականների գործողությունների հետեւանքով 2023 թվականի հոկտեմբերից՝ անկլավում գործողություններ սկսելուց հետո, Գազայի հատվածում զոհվել է գրեթե 38,2 հազար մարդ, վիրավորվել՝ մոտ 88 հազարը։ Այս տվյալները հրապարակել է Գազայի առողջապահության նախարարությունը։

«Գազայում իսրայելական ագրեսիայի զոհերի թիվն այժմ հասել է 38193-ի, եւս 87903 մարդ վիրավորվել է»,- ասվում է գերատեսչության պաշտոնական Telegram ալիքի հրապարակած հաղորդագրության մեջ։ Առողջապահության նախարարությունը հավելել է, որ վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի տարբեր շրջաններում իսրայելական հրետակոծությունների եւ օդային հարձակումների հետեւանքով 40 պաղեստինցի է զոհվել, 75-ը՝ վիրավորվել։

 

 

 

ՏԻԳՐԱՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ ԱՆԴՐԱԴԱՐՁԸ

«Այսպես կոչված սահմանային ճշգրտումները «օդում թողնելուց» եւ միակողմանի զիջումներից հետո ՔՊ-ն տարբեր խմբերով վոյաժներ է անում Տավուշի հանձնված ուղղություններով»: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«ՔՊ-ի կողմից իրականացվող ավանդական տեխնոլոգիա է` հանձնումը, տապալումը, զիջումը ներկայացնել հաղթանակ, ու դա անել այնպիսի ոգեւորությամբ՝ կարծես, մեծ լավություն են արել հայ ժողովրդին:

Նույնիսկ այդ ֆոնը ստեղծելու դեմքերը պատահական չեն ընտրվում` ՔՊ-ին «չեստ տվող» համազգեստավորներից մինչեւ վարկաբեկված պերսոնաժներ:

Երբ այդ ամենը ֆիլտրում ես` տակը մնում են հող, ունեցվածք, անվտանգություն կորցրած մարդիկ եւ խաբված հասարակություն», – գրել է նա:

 

 

 

ՖՐԱՆՍԻԱՅԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՀԱՂԹԵԼ ԵՆ «ՁԱԽԵՐԸ»

Ֆրանսիայի արտահերթ խորհրդարանական ընտրություններում հաղթանակ է տարել «Նոր Ժողովրդական ճակատ» ձախակողմյան կուսակցությունների կոալիցիան՝ Ժան Լյուկ Մելանշոնի գլխավորությամբ՝ Ֆրանսիայի ԱԺ-ում ստանալով 182 մանդատ։

Երկրորդ տեղը զբաղեցրել Է նախագահ Էմանուել Մակրոնի կոալիցիան՝ ստանալով 168 մանդատ, իսկ երրորդ տեղը՝ Մարին Լը Պենի «Ազգային միավորումը», որը Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատում ներկայացված կլինի 143 պատգամավորով։

Ընտրությունների արդյունքներով՝ հանրապետականները Ֆրանսիայի Ազգային ժողովում կստանան 45, իսկ մյուս բոլոր կուսակցությունները՝ 39 մանդատ։

 

 




Լրահոս