«Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկությունների համաձայն` իրավապահները հայտնաբերել են Գեղարքունիքի մարզի նախկին դատախազ Կարեն Սերվանտեսի Խաչատրյանի անշնչացած մարմինը:
Ըստ նախնական վարկածի` վերջինս իր նոր գնված ատրճանակով մտել է իր տան սենյակ` այն մաքրելու նպատակով: Քիչ անց լսվել է կրակոց, որից հետո հայտնաբերել են նրա դին:
Ըստ մեր տեղեկությունների` քրեական վարույթ է նախաձեռնվում՝ ինքնասպանության հատկանիշներով: Մեր աղբյուրները չեն բացառում, որ դա եղել է անզգուշության հետեւանք:
Հիշեցնենք, որ Խաչատրյանը անցած տարի ազատվել էր պաշտոնից ու անցել թոշակի:
«Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել Գեղարքունիքի մարզի դատախազության դատախազ Կարեն Խաչատրյանի առեղծվածային մահվան դեպքից: Բանն այն է, որ Գեղարքունիքի դատախազության դատախազ Կարեն Խաչատրյանը 2023 թվականի օգոստոսի 2-ին ազատվել էր պաշտոնից: Նրա եղբայրը՝ Կամո Խաչատրյանը, եւս դատախազ է եղել եւ աշխատել է Գլխավոր դատախազության տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալ ու պաշտոնից ազատվել է 2023 թվականի մարտի 27-ին։
Արդյունքում՝ դատախազությունից ազատված երկու եղբայրներն էլ դիմել էին ՀՀ քննչական կոմիտե՝ աշխատելու նպատակով ու, արդյունքում, երկու դատախազ եղբայրներն էլ հաղթահարել են անցողիկ շեմը, սակայն ողբերգական ու առեղծվածային դեպքը խլեց եղբայրներից Կարեն Խաչատրյանի կյանքը: Իրավապահները, հաշվի առնելով դեպքը, երեկվանից նոր սկսել են քննչական գործողությունները:
Նշենք, որ կոմիտեն հայտնել էր, որ 2024թ. հուլիսի 7-ին՝ ժամը 00։35-ին, «Վարդենիս» ԲԿ-ից ահազանգ է ստացվել այն մասին, որ Գեղարքունիքի մարզի Լուսակունք գյուղում կանչով մեկնած շտապօգնությունն արձանագրել է 54-ամյա Կարեն Խաչատրյանի մահը՝ հրազենի գործադրմամբ։
Դեպքի փաստով 2024թ. հուլիսի 7-ին ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով ՀՀ ՔԿ Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Նախաքննության շրջանակում ստացված խիստ նախնական, քննությամբ դեռեւս լիարժեք ստուգման ենթակա տվյալներով՝ Կ. Խաչատրյանը նույն օրը՝ ժամը 00։30-ի սահմաններում, իրենց տանը իրեն ամրակցված «BERETTA APX» տեսակի հրազենը մաքրելու ժամանակ, զենքի հետ անզգույշ վարվելու հետեւանքով, արձակված կրակոցից ստացել է կյանքի հետ անհամատեղելի հրազենային վնասվածք։
Դեպքի վայրի զննությամբ բնակարանի հյուրասենյակում հայտնաբերվել է Կ. Խաչատրյանի մարմինը` աջ աչքի հատվածում հրազենային վնասվածքով։ Առգրավվել է հիշյալ հրազենը, մեկ կրակված պարկուճ, վերցվել են արյան հետքեր։
Նշանակվել են դիակի դատաբժշկական, դատաձգաբանական, դատակենսաբանական եւ դատաքիմիական փորձաքննություններ։
Դեպքի հանգամանքները պարզելու համար ՀՀ ՆԳՆ ոստիկանության Վարդենիսի բաժնին տրվել է օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ձեռնարկելու հանձնարարություն։
ԾԵԾԿՌՏՈՒՔ՝ ԽՆԱՄԻՆԵՐԻ ՄԻՋԵՎ
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ հուլիսի 7-ին՝ ժամը 22։50-ին 4-րդ գյուղի ճանապարհին երիտասարդների միջեւ ծեծկռտուք է սկսվել։ Իրավապահներին ահազանգ է ստացվել, որ «Հաղթանակ» պանդոկի մոտ միմյանց են սպանում։
Արդյունքում՝ մինչ իրավապահները գնացել են դեպքի վայր, ժամը 23։40-ին «Աստղիկ» հիվանդանոցից ահազանգել են՝ նշելով, որ որովայնի եւ ոտքի կտրած վերքով բուժօգնության է դիմել Ա. Բ.-ն, իսկ ավելի ուշ պարզվել է, որ նրան դանակահարել է Ա. Ս.-ն, որն էլ այս պահին ձերբակալված է:
Իսկ ինչի՞ց է սկսվել վեճը: ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ վիճաբանողները խնամիներ են եւ մասնակցել են Վարդավառի արարողությանը: Նրանք գինովցել են ու սկսել մի թեմայի շուրջ վիճաբանել, որից հետո նրանցից մեկը հանել է դանակը ու հարվածել խնամիներից մյուսին:
Վ. ԳԱՍՊԱՐՅԱՆԻ ԳՈՐԾՈՎ ՎԵՐՋՆԱԿԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏԸ
Հուլիսի կայացել է նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի գործով վերջին դատական նիստը։
Հիշեցնենք, որ գործով կան 4 մեղադրյալներ՝ Վլադիմիր Գասպարյանը, Լեւոն Երանոսյանը, Վարդան Թունյանը, Գուրգեն Գրիգորյանը։ Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին։ Գործը մակագրվել է հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վարդգես Սարգսյանին։ Վլադիմիր Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել ՔՕ 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով` «յուրացնելը կամ վատնելը՝ առանձնապես խոշոր չափերով» (2 դրվագ) եւ 308-րդ հոդվածի 2-րդ մասով՝ «պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ» (2 դրվագ): Լեւոն Երանոսյանին մեղադրանք է առաջադրվել ՔՕ 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 314-րդ հոդվածի 1-ին մասով՝ «պաշտոնեական կեղծիք», եւ 308-րդ հոդվածի 2-րդ մասով:
Վարդան Թունյանին մեղադրանք է առաջադրվել ՔՕ 38(հանցակցություն)-308-րդ հոդվածի 2-րդ մասով, 308-րդ հոդվածի 2-րդ մասով եւ 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով: Գուրգեն Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ՔՕ 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով:
Վլադիմիր Գասպարյանի գործով հանրային մեղադրողը միջնորդեց պատիժ՝ 11 տարի ժամկետով։
Նյութերը՝ ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ
ՆՈՐ ՈՐՈՇՈՒՄ՝ ԱՐՑԱԽԻ ԱԱԾ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Արցախի ԱԱԾ-ի նախկին ծառայողները կարող են աշխատանքի անցնել ՀՀ-ում։ Հայաստանի կառավարությունը փոփոխություն է կատարել «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքում, որով Արցախի Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների համար աշխատանքի անցնելու հնարավորություններ է նախատեսում Հայաստանի ԱԱԾ-ում։
Օրենքի նախագիծը կքննարկվի այս շաբաթ մեկնարկող ԱԺ արտահերթ նստաշրջանին։
Փոփոխությունների նպատակը հետեւյալն է՝ ՀՀ ԱԱԾ-ում ծառայել ցանկացողներից շատերը ղեկավար եւ բարձր պաշտոններ են զբաղեցրել Լեռնային Ղարաբաղի ԱԱԾ-ում եւ ունեցել սպայական բարձր կոչումներ։ Վերանայվել է ԱԱԾ աշխատակիցների ատեստավորման կարգը։ Մինչդեռ անգամ նրանց կողմից ՀՀ քաղաքացիություն ստանալը բավարար հիմք չէր ՀՀ ԱԱԾ-ում հավասար զինվորական պաշտոնի նշանակվելու համար։
Օրենքում համապատասխան փոփոխություններից հետո արգելքը կվերացվի եւ Արցախի Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցներին հնարավորություն կընձեռնվի աշխատել ՀՀ ԱԱԾ-ում։
ԳՈՒՅՔԸ ԿԲՌՆԱԳԱՆՁՎԻ ԵՎ ԿՎԱՃԱՌՎԻ
Հայաստանում հարուցված քրեական գործի շրջանակներում Գլխավոր դատախազության եւ ԱՄՆ իրավասու մարմինների միջեւ արդյունավետ համագործակցության արդյունքում՝ ԱՄՆ իրավասու դատարանի որոշմամբ հանցավոր ծագում ունեցող գույք դիտարկվող՝ ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի ընտանիքին պատկանող՝ ԱՄՆ Լոս Անջելեսում գտնվող առանձնատունը կբռնագրավվի եւ ամենաբարձր շուկայական արժեքով կվաճառվի:
Առանձնատան իրացման արդյունքում ստացված դրամական միջոցների գերակշիռ մասը Հայաստանի Հանրապետությանը վերադարձնելու հարցի շուրջ Գլխավոր դատախազության եւ ԱՄՆ իրավասու մարմնի միջեւ բանակցություններ են ընթանում:
Հիշեցնենք, որ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործով Գուրգեն եւ Արտյոմ Խաչատրյանների նկատմամբ իրականացվում է հանրային քրեական հետապնդում, այդ թվում՝ փողերի լվացման մեղադրանքով (Արտյոմ Խաչատրյանի վերաբերյալ գործն ուղարկվել է դատարան, Գուրգեն Խաչատրյանի նկատմամբ հայտարարված է հետախուզում), իսկ Գագիկ Խաչատրյանի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, առանձնապես խոշոր չափերով հափշտակություններ կատարելու, փողերի լվացմանը հանցակցելու եւ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու վերաբերյալ գործը ներկայում քննվում է Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում: