Գյումրին Հայաստանի՝ մեծությամբ երկրորդ քաղաքն է, որը աչքի է ընկնում իր հնությամբ:
Շատ զբոսաշրջիկներ այցելում են Գյումրի՝ հայկական մշակույթին ծանոթանալու համար: Գյումրին հետաքրքիր է ոչ միայն զբոսաշրջիկների այլ նաեւ հենց տեղացիների համար:
«Ժողովուրդ» օրաթերթը հետաքրքրվել է, թե ամառային այս օրերին ի՞նչ արժե հանգիստը այնտեղ:
Այսպիսով՝ «Վալե» հյուրանոցային եւ ռեստորանային համալիրը ունի բար, ռեստորան-պանդոկ՝ գյումրու կոլորիտին բնորոշ ոճով: Հյուրանոցում կա 24-ժամյա սպասարկում, ինչպես նաեւ անվճար WiFi։ Առկա է անվճար փակ ավտոկայանատեղի։
Յուրաքանչյուր սենյակ ունի առանձին սանհանգույց։ Բոլոր սենյակներում կա օդորակիչ, բազմոց, հեռուստացույց՝ արբանյակային ալիքներով, լոգարան՝ վարսահարդարիչով, ցնցուղով։ Սենյակներում տրամադրում են գրասեղան եւ թեյնիկ: Մեկտեղանի սենյակների արժեքը 10.000 դրամ է:
Երկտեղանին՝ 12.000 դրամ, իսկ երեքտեղանին՝ 15.000:
«Ֆելիսա» հյուրանոցում մեկտեղանի սենյակների արժեքը 16.000 դրամ է: Երկտեղանին՝ 18.000 դրամ:
Հյուրանոցում կա ավտոկայանատեղի, անվճար Wi-Fi ինտերնետ եւ մինիբար:
«Գյումրի» հյուրանոցն առաջարկում է նաեւ անվճար ավտոկանգառ, բոլոր սենյակներում գործում է անվճար Wi-Fi ինտերնետ:
Հյուրանոցում ստանդարտ մեկտեղանի սենյակների արժեքը՝ 17.000 դրամ է, ստանդարտ երկտեղանին՝ 23.000 դրամ, ստանդարտ երեքտեղանին՝ 35.000 դրամ:
«Պլազա Վիկտորիա» հյուրանոցն ունի շքեղ ու հարմարավետ կահավորված 25 սենյակ՝ նախատեսված 40 հյուրի համար: Գործնական եւ գիտական միջոցառումների համար գործում է կոնֆերանս դահլիճ, հյուրերի տրամադրության տակ են նաեւ բանակցությունների սենյակներ: Մեկտեղանի սենյակների արժեքը 23.000 դրամ է, երկտեղանին՝ 34.000 դրամ, երեքտեղանին՝ 45.000 դրամ, իսկ լյուքս համարները՝ 51.000 դրամ են:
«Բեռլին Արթ Հոթել»-ում կան 14 երկտեղանոց առանձնացվող մահճակալներով համարներ, 4 երկտեղ չառանձնացվող մահճակալներով եւ 1՝ երեք տեղանի առանձին մահճակալներով համարներ:
Մեկ հոգու համար նախատեսված սենյակի արժեքը 27.000 դրամ է, երկու հոգու համար նախատեսվածը՝ 32.000 դրամ, իսկ երեք հոգու համար նախատեսվածը՝ 38.000 դրամ:
Անդրադառնալով Լոռու մարզին՝ պետք է նշել, որ այն աչքի է ընկնում համեմատաբար խոնավ կլիմայով։ Լոռու եւ Տավուշի մարզերը համարվում են Հայաստանի ամենախոնավ մարզերը, սակայն խոնավ եղանակը Լոռու մարզին չի խանգարում լինել Հայաստանի ամենապահանջված հանգստի գոտիներից մեկը։
«Ժողովուրդ» օրթերթը առանձնացրել է մի քանի հյուրանոցներ եւ հյուրանտներ, որտեղ այցելուները անցկացնում են իրենց հանգիստը։
Այսպիսով՝ «Լագունա» հյուրանոցում հարմարություններ մեջ է մտնում լվացքատունը, լողավազանը, ավտոկայանատեղին, Wi-Fi ինտերնետը, խաղադաշտը։ Հյուրանոցում էկոնոմ մեկտեղանի սենյակի արժեքը 12,000 դրամ է։ Էկոնոմ երկտեղանին՝ 16,000։ Ընտանեկան համարը՝ 40,000 դրամ։
«Գրին Հաուս» հյուրատանը մեկ հոգու համար նախատեսված սենյակի արժեքը 8000 դրամ է։ Երկու հոգու համար նախատեսվածը՝ 17,000 դրամ, իսկ կիսալյուքս համարներները՝ 20,000 դրամ են։ Հյուրատանը կա ռեստորան, սրճարան, բար, լվացքատուն, ավտոկայանատեղի, կոնֆերանս դահլիճ։
«Թուֆենկյան Ավան Ձորագետ» հյուրանոցում կա 54 հյուրանոցային համար, որոնց թվում են նաեւ ստանդարտ եւ լյուքս սենյակներ։
Միջին չափսի համարների արժեքը՝ 34,400 դրամ է։ Փոքրը՝ 24,000 դրամ։ Փոքր դելյուքսը՝ 28,000 դրամ։ Ընդարձակ համարների արժեքը 44,000 դրամ է։
Այստեղ նույնպես կա բար, լողավազան, ավտոկայանատեղի, մարզասրահ, կոնֆերանս դահլիճ, խաղադաշտ։
ԴՊՐՈՑՆԵՐԸ ՍՏԻՊՎԱԾ ԵՆ ԻՐԱՐ ՄԻԱՑՆԵԼ
Դեռ ամիսներ առաջ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Վանաձորի՝ Սայաթ-Նովայի անվան թիվ 10 ավագ դպրոց ոչ առեւտրային կազմակերպությունը առանց ուսուցչական կազմի տեղյակ լինելու փակվում է։
Հիշեցնենք, որ դպրոցի աշխատակիցները մեզ փոխանցել էին, որ դպրոցի տնօրեն Խաչատուր Պարանյանը միշտ փափուկ բարձ է դրել նրանց գլխի տակ եւ ասել, որ դպրոցը չի փակվելու, ամեն բան լավ է լինելու։
«Ժողովուրդ» օրաթերթը երեկ կրկին կապ հաստատեց դպրոցի աշխատակիցներից մեկի հետ՝ պարզելու՝ ինչ փուլում են գտնվում դպրոցի գործերը, ի վերջո ինչ որոշում է կայացվել։
«Դպրոցն արդեն փակվել է։ Ռեգիստրով դպրոցը փակվել է հունիսի 25-ին։ Մենք հիմա դպրոցի հանձնման փուլում ենք, մինչեւ շաբաթվա վերջ կավարտենք»,- մեզ հետ զրույցում ասաց Վանաձորի թիվ 10 ավագ դպրոցի աշխատակիցներից մեկը։
«Ժողովուրդ» օրաթերթը նաեւ հետաքրքրվեց՝ ինչ են անելու հաջորդիվ, քանի որ դպրոցը փակել են, ինչին ի պատասխան՝ աշխատակիցն ասաց. «Վանաձորի 10-րդ ավագ դպրոցը միացնում են Վանաձորի 13-րդ ավագ դպրոցին՝ վերակազմավորման ձեւով։ Մի քանի աշխատող կաշխատի՝ ըստ պահանջարկի։ Այս պահին բոլորս ծանուցում ենք ստորագրել, որ մինչեւ սեպտեմբերի 2-ը բոլորս դեռեւս համարվում ենք աշխատանքի մեջ, հիմա արձակուրդում ենք, հետո կվերադառնանք 13-րդ դպրոց»։
Վանաձորի թիվ 10 դպրոցի փոխարեն բացվելու է բնագիտամաթեմատիկական «Էվրիկա» դպրոցը։
Հավելենք, որ վերը նշված 3 դպրոցները գտնվում են Հայաստանի Հանրապետության ԿԳՄՍՆ ենթակայության տակ։
ՄԵՂԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԽՈՆԱՐՀՈՒՄ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 6-ին այցելել է Տավուշի մարզ՝ Կիրանց, ծանոթացել է Կիրանց-Աճարկուտ ճանապարհի վերակառուցման աշխատանքների ընթացքին, որոնք ավարտական փուլում են: Ճանապարհաշինարարները Նիկոլ Փաշինյանին զեկուցել են, որ արդիականացված ճանապարհը շահագործման կհանձնվի այս ամսվա ընթացքում: Վարչապետին են ներկայացվել նաեւ Հայաստան-Վրաստան միջպետական ավտոճանապարհի նոր հատվածի կառուցման աշխատանքները, որոնք ընթացքի մեջ են. աշխատանքներն ավարտին կհասցվեն հուլիսին։ Նիկոլ Փաշինյանը Աճարկուտ գյուղում ծաղիկներով խոնարհվել է 44-օրյա պատերազմում զոհված աճարկուտցի Դավիթ Շահնազարյանի հուշարձանին։ 20 տարեկան Դավիթը 44-օրյա պատերազմի ընթացքում եղել է բոլոր թեժ կետերում, անձնուրաց մարտնչել, մասնակցել Քարինտակի պաշտպանության համար մղվող մարտերին, հերոսաբար զոհվել Շուշիի մատույցներում, նոյեմբերի 7-ին՝ հրադադարից երկու օր առաջ։ Բարի, ընկերասեր Դավիթը 4 քույրերի միակ եղբայրն էր։ Դավիթ Շահնազարյանը, ինչպես նաեւ հազարավոր այլ կռվողներ, ողջ կմնային, եթե 44-օրյա պատերազմի ընթացքում Նիկոլ Փաշինյանը ընդուներ պատերազմը դադարեցնելու առաջարկները։ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ եթե ընդուներ առանց պատերազմի տարածքները հանձնելու առաջարկը, նույն իրավիճակը կլիներ, սակայն առանց զոհերի։
ՎԱՐԴԱՎԱՌԸ ՀԵՏՈ ԵՆ ՏՈՆԵԼՈՒ
Հայաստանում հուլիսի 7-ին տոնվեց Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը՝ Վարդավառը։ Տավուշում Վարդավառը մշտապես տոնվում է հուլիսի 20-ից հետո՝ կիրակի օրը։ Քանի որ այս տարի ամսի 20-ից հետո երկու կիրակի կա, Տավուշում Վարդավառը կտոնեն հուլիսի 21-ին, մի մասն էլ՝ հուլիսի 28-ին։ Իսկ Նոյեմբերյան համայնքի Ոսկեպար գյուղում եւ Բերդ համայնքի գյուղերից մեկում Վարդավառը տոնում են օգոստոսի առաջին կիրակի օրը։ Տավուշում վարդավառը շատ շքեղ են տոնում, ընտանիքներով, բարեկամներով մեկնում են անտառներ, գառներ, ուլեր են մորթում, լողանում գետերում, ջրավազաններում, միմյանց վրա առատորեն ջուր լցնում։
ԱՅՍ ՏԱՐԻ ՉԵՆ ՆՈՐՈԳԵԼՈՒ
Նախապես որոշված էր, որ 2024 թ. հունվարի 1-ից մեկ տարի ժամկետով Դիլիջան-Սեւան ավտոմոբիլային թունելը երթեւեկության համար փակվելու է, որպեսզի թունելում վերանորոգման մեծածավալ աշխատանքներ կատարվեն։ Թունելը փակելու դեպքում տրանսպորտային միջոցների երթեւեկը պետք է կատարվեր ավելի երկար՝ Սեմյոնովկա գյուղով ձգվող ճանապարհով, որը, սակայն, բարվոք վիճակում չէ։ Ճանապարհաշինական ընկերություններից տեղեկացանք, որ այս տարի Դիլիջանի թունելը չեն նորոգելու, ներկայումս ընթանում են թունելի նորոգման նախագծի պատրաստման աշխատանքները։
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ