«Ֆասթեքսը» իր AKNEYE նախագծի շրջանակում հովանավորում է Հայաստանի մասնակցությունն ամենամյա «Ավինյոն» թատերական փառատոնին, որը տեղի է ունենում ս.թ. հուլիսի 3-ից 21-ը: «HK Production»-ի ստեղծագործությունները պատրաստ են զարդարելու ֆրանսիական բեմերը:
Ֆրանսիայի Ավինյոն քաղաքում Festival d’Avignon անունով հայտնի ամենամյա արվեստի նշանավոր իրադարձության սկիզբը տրվել է 1947 թվականին ֆրանսիացի նշանավոր դերասան եւ ռեժիսոր Ժան Վիլարի կողմից եւ դարձել աշխարհի ամենահեղինակավոր մշակութային միջոցառումներից մեկը: Թատրոնի, պարի, երաժշտության եւ վիզուալ արվեստների այս բազմազան ծրագիրը ներգրավում է արվեստագետների եւ հանդիսատեսի ամբողջ աշխարհից:
Ներկայացումները տեղի են ունենում միջնադարյան քաղաքի տարբեր պատմական վայրերում, այդ թվում՝ խորհրդանշական Պապի պալատում (Palais des papes d’Avignon): Հին ճարտարապետության համադրումը ժամանակակից թատրոնի, պարի եւ երաժշտության հետ առաջացնում է յուրահատուկ եւ գրավիչ մթնոլորտ: Պատմական միջավայրի եւ ավանգարդիստական արվեստի միաձուլումից ստեղծվում են ժամանակակից բեմահարթակներ ու նոր շունչ ստացած ներկայացումներ:
2023 թվականի հոկտեմբերին «Հայֆեստ» փառատոնի շրջանակում Հայաստանում էին «Ավինյոն» փառատոնի ներկայացուցիչները։ 15-ից ավելի ներկայացում դիտելուց հետո՝ նրանք ընտրել են երկուսը, որոնք այս տարի Հայաստանը պետք է ներկայացնի հուլիսին անցկացվող փառատոնի ընթացքում: Առաջինը Հայաստանի երգի պետական թատրոնի խաղացանկային «Ցուրտ օր դժոխքում» ներկայացումն է, որը բեմադրվել է Յան Քաուքենբուշի համանուն պիեսի հիման վրա, երկրորդը՝ «ՄԻՀՐ» թատրոնի «Պանդխտության երգը» պլաստիկ ներկայացումը:
1947 թվականից ի վեր Հայաստանն առաջին անգամ է մասնակցում է «Ավինյոնին»: Այդ օրերին ֆրանսիական «Ավինյոն»-ում հայկական տոն է լինելու: Փառատոնի կազմակերպիչները նախաձեռնել են ունենալ Հայաստանի մշակութային օրեր. թատերական ներկայացումներից զատ լինելու են նաեւ ֆիլմեր։ Հուլիսի 8-ին ցուցադրվելու են Հրաչ Քեշիշյանի «Անատոլիական պատմությունը» եւ Սերժ Ավետիքյանի հեղինակային ֆիլմերից մեկը։ Դրանց կհաջորդի հանդիպում ստեղծագործական կազմի հետ։ Քաղաքի տարբեր հարթակներում կլինեն համերգային ծրագրեր, կլոր-սեղան քննարկումներ, որտեղ հայկական պատվիրակությունը կխոսի Հայաստանում ժամանակակից արվեստի միտումների եւ զարգացումների մասին։
Միջոցառման շրջանակում տեղի կունենա նաեւ պատկերազարդում AKN-ի վրա. հենց այնտեղ հյուրերի ներկայությամբ նկարչուհի Լուիզա Գրագատին կնկարի աչքանման քանդակի վրա՝ դիտորդներին հրավիրելով անմոռանալի ճամփորդության:
«Ֆասթեքս»-ը իր AKNEYE նախագծով, մշտապես աջակցում է հայկական արվեստի եւ մշակույթի պահպանմանը, տարածմանը եւ զարգացմանը:
Fastex-ի մասին
Fastex-ն արագ զարգացող Web3 էկոհամակարգ է, որն իր օգտատերերին տրամադրում է բազմաթիվ հնարավորություններ եւ հարմարավետ միջավայր՝ առաջարկելով Fastex Exchange փոխանակման հարթակը եւ ftNFT հարթակը՝ իր դիջիթալ տարածքներով: Fastex-ը կարեւորում է անվտանգ եւ հուսալի միջավայրի ապահովումը բոլոր օգտատերերի համար համաշխարհային թվային ֆինանսների զարգացող ոլորտում՝ մշտապես հետեւելով առկա կանոնակարգերին։
ԻՆՉ ՈՒՆԵՑՎԱԾՔ ՈՒՆԻ ԱՐՄԱՆ ԵՂՈՅԱՆԸ
Արման Եղոյանն Ազգային Ժողով է եկել 2021 թվականի հունիսի 20-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով:
Պատգամավորը նախկինում եղել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսնակը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է:
Արման Եղոյանի՝ 2023 թվականի անշարժ գույքի, եկամուտների, շահերի եւ ծախսերի հայտարարագրի համաձայն՝ նա ունի 3 անշարժ գույք՝ 1 բնակարան բազմաբնակարան շենքում, 1 հողամաս, 1 ավտոտնակ։ Հողամասը գտնվում է Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում, այն ձեռք է բերվել 2020 թվականին։ Բնակարանը եւ ավտոտնակը գտնվում են Երեւան քաղաքում, գույքերը ձեռք են բերվել 2021 թվականին որպես ժառանգություն։
Հաշվետու տարվա ընթացքում Եղոյանը եւս մեկ հողամաս նվիրատվությամբ փոխանցել է կնոջը, սակայն նվիրատվության հանձնված հողամասի մասին ո՛չ տարվա սկզբում առկա գույքերի ցանկում կա, ո՛չ տարվա ընթացքում ձեռք բերված գույքերի ցանկում։
Ստացվում է, որ բոլոր գույքերն Արման Եղոյանը ձեռք է բերել հեղափոխությունից հետո։
ԱԺ պատգամավոր Արման Եղոյանը սեփական տրանսպորտային միջոց չի հայտարարագրել, սակայն շահագործում է սեփական իրավունքով իրեն չպատկանող՝ 2016 թվականի արտադրության MAZDA մակնիշի մեքենա։ Եղոյանի կնոջ՝ Քրիստինա Հունանյանի, հայտարարագրից հասկանում ենք, որ նշված մեքենան իրեն է պատկանում։ Քրիստինա Հունանյանը տարեսկզբին ունեցել է 2010 թվականի արտադրության TOYOTA մակնիշի մեքենա՝ ձեռք բերված 2019 թվականին։ MAZDA մակնիշի մեքենան, որի մասին նշել էինք, Հունանյանը ձեռք է բերել 2023 թվականին 3 մլն 890 հազար դրամ արժեքով, ապա TOYOTA-ն հաշվետու տարվա ընթացքում վաճառել է գրեթե 1000 դոլար էժան գնով՝ 3 մլն 120 հազար դրամով։
Նրա բանկային հաշիվների մնացորդները կազմել են գրեթե 2,5 մլն դրամ, կանխիկ դրամական միջոցները՝ 100 հազար դրամ։ Եղոյանի՝ հաշվետու տարվա եկամուտները կազմել են 47 մլն 441 հազար դրամ, որից միայն 11 մլն 964 հազար դրամն է աշխատանքի վարձատրություն ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմից, իսկ 33,7 մլն դրամը վարկեր են «ՀայԷկոնոմ» բանկից եւ «Ինեկեբանկ»-ից։
Արման Եղոյանը նվիրատվություն է ստացել իր քրոջից՝ Նոնա Եղոյանից, 1 մլն 650 հազար դրամ։ Ստացված վարկերի եւ փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 33 մլն 058 հազար դրամ, որից 26 մլն 842 հազար դրամը հողամասի եւ բնակարանի հիփոթեքի մայր գումարի մնացորդն է։
ԷՄՄԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
ԼՈՒՐՋ ԽՆԴԻՐՆԵՐ՝ ԱՐՏԱՀԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Վերին Լարսում կրկին հերթեր են։ Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան եւ հակառակ ուղղությամբ ճանապարհին հերթերի պատճառը զբոսաշրջային սեզոնի սկիզբն է:
Այս մասին հայտնել էր ՌԴ-ում ՀՀ դեսպանատան մաքսային կցորդ Վահան Հակոբյանը:
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում տնտեսագետ Սուրեն Պարսյանը ասաց, որ ամեն տարի գյուղմթերքի արտահանման եւ զբոսաշրջության շրջանի հոսքի պայմաններում ունենում ենք որոշակի խցանումներ Վերին Լարսի անցակետում։
«Խցանումները բավականին լուրջ տնտեսական հետեւանքներ են թողնում Հայաստանի արտահանողների վրա, հատկապես գյուղմթերք արտահանողները հաճախ ունենում են մթերման լուրջ կորուստներ, քանի որ փչանում է բերքը։ Դրանից բացի, նշեմ, որ պարբերապար խոսվում է՝ Վերին Լարսի անցակետում պետք է ավելացվի թողունակությունը, ավելի կարճ զննումներ իրականացվեն, բայց այդ խոսակցությունները, ըստ էության, վերջնական արդյունք չեն ունենում»։
Խնդրի լուծման համար Սուրեն Պարսյանը առաջարկում է մի շարք աշխատանքներ իրականացնել, այդ թվում եւ կշեռքի տեղադրումը մինչեւ անցակետ, թողունակության ավելացումը, նաեւ երեկոյան ժամերին աշխատանք։ Տնտեսագետի խոսքով՝ սա կարող է թեթեւացնել նման լարվածությունը։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ՝ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻՆ
Հուլիսի 8-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը մասնակցել է Եկատերինբուրգ քաղաքում տեղի ունեցած «Իննոպրոմ» միջազգային ֆորումի շրջանակներում ԱՊՀ անդամ պետությունների արդյունաբերական քաղաքականության խորհրդի տասներորդ նիստին։
«Հայաստանի Հանրապետությունը ձգտում է ակտիվորեն մասնակցել արդյունաբերության զարգացմանը ոչ միայն ազգային մակարդակով, այլեւ միջազգային համագործակցության շրջանակներում։ Մենք բոլոր ջանքերը գործադրում ենք բարենպաստ ներդրումային միջավայր ստեղծելու, օրենսդրության բարելավման եւ արդյունաբերության ոլորտում նորարարություններին աջակցելու համար»,- նշել է նախարարն իր ողջույնի խոսքում։
Խորհրդի նիստի օրակարգում ընդգրկված էր տարբեր ոլորտներում համագործակցության զարգացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ։ Ներկայացվել է թեթեւ արդյունաբերության ոլորտում ԱՊՀ անդամ պետությունների համագործակցության զարգացման հայեցակարգի նախագիծը եւ դրա իրականացման գործողությունների ծրագիրը։