ԱՆՁՆԱԿԱԶՄԸ ՀԵՌԱՑՎԵԼ Է ԱՇԽԱՏԱՆՔԻՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դերասան Սամվել Թոփալյանը, ով նաեւ «Գոյ» թատրոնի դերասաններից էր, գրառում էր կատարել, որում նշել էր, որ ազատվել է աշխատանքից, իսկ հետո էլ տեղեկություն տարածվեց, որի համաձայն՝ աշխատանքից ազատվել են թատրոնի բոլոր դերասանները։

 

«Ժողովուրդ» օրաթերթն այս հարցով կապ հաստատեց «Գոյ» թատրոնի ռեժիսոր Սարգիս Արզումանյանի հետ։

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Արզումանյանն ասաց, որ «Գոյ»-ի դերասանական անձնակազմին աշխատանքից ազատել է «Գաբրիել Սունդուկյանի» անվան թատրոնի տնօրինությունը։

«Բոլորն էլ, այո՛, հեռացված են, որովհետեւ վերջում մնացել էին 2 հոգի։ Խնդիրը հետեւյալն է՝ օրենքի խախտմամբ՝ «Գոյ» թատրոնն ու «Սունդուկյան» թատրոնը միացվել էին իրար, իսկ «Գոյ» թատրոնը բազմիցս հայտարարել է, որ չի միանալու եւ չի աշխատելու «Սունդուկյան» թատրոնում, իսկ «Սունդուկյան» թատրոնն էլ անձնակազմին իրազեկել էր եւ ծանուցում էր ուղարկել, որ պայմանների փոփոխություն պետք է լինի՝ «եկեք ստորագրե՛ք եւ աշխատե՛ք»։ Հիմա մենք, բնականաբար, չենք գնացել, չենք ստորագրել եւ չենք աշխատել, իսկ օրենքով սահմանված հատվածում էլ «Սունդուկյան» թատրոնը մեզ պետք է աշխատանքից ազատեր, ինչը, որ արել է,նորմալ երեւույթ է»,- ասաց Սարգիս Արզումանյանը։

Սարգիս Արզումանյանից «Ժողովուրդ» օրաթերթը հետաքրքրվեց՝ ինչ է սպասվում հաջորդիվ, ինչին ի պատասխան՝ Արզումանյանն ասաց. «Նստացույցը դադարեցրել ենք, բանակցությունների փուլում ենք ԿԳՄՍՆ-ի հետ։ Աշխատում ենք անկախ թատրոնի կարգավիճակի համար։ Երեւի թե 2 ամսից արդեն շոշափելի արդյունք կունենանք»։

Ավելի վաղ դերասան Սամվել Թոփալյանը ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել, որից տեղեկացել էինք որ դերասանին ազատել են աշխատանքից:

Նա նամակ է ստացել, որում գրված է եղել, որ առաջին կարգի դերասան է, սակայն ազատված է աշխատանքից:

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում՝ Թոփալյանն ասաց, որ նամակը ստացել է «Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն»-ի տնօրինությունից,  քանի որ «Գոյ» թատրոնը, որպես ՊՈԱԿ, այլեւս չկա, իրավահաջորդը Սունդուկյան թատրոնն է:

«Ինձ 2 ամիս առաջ արդեն ազատել էին, ուղղակի նամակը նոր է հասել ինձ: Ծանուցել են, որ գնամ պայմանագիրն իրենց հետ երկարացնեմ, որպեսզի դառնամ Սունդուկյան թատրոնի դերասան։ Ես չեմ գնացել, չեմ ստորագրել, այդ իսկ պատճառով ազատել են աշխատանքից»:

Սամվել Թոփալյանն այս քայլը չի կապում քաղաքական որեւէ գործառույթների հետ:

Նրա խոսքով՝ բոլոր դերասաններին ազատել են, քանի որ ոչ ոք չի ստորագրել պայմանագիրը:

«Հիմա բանակցություններ են ընթանում նախարարության հետ, որպեսզի նույն տարածքում, բայց մասնավոր հիմունքներով մենք շարունակենք մեր աշխատանքները»:

Հիշեցնենք, որ մարտի վերջից փակվել է թատրոնի դուռը, եւ դերասանները չեն կարողանում մուտք գործել եւ փորձեր անել։ Դրանից հետո «Գոյ» թատրոնի կառավարման խորհրդի նախագահ, ռեժիսոր Սարգիս Արզումանյանն անժամկետ նստացույց էր հայտարարել։ Այնուհետեւ նստացույցի 6-րդ օրը նա ժամանակավոր դադարեցրեց այն՝ հայտնելով, որ ԿԳՄՍ նախարարությունից ունեն արձագանք, որ ցանկություն կա հանդիպելու, խոսելու, բանակցելու եւ այս ամենը կազմակերպելու:

ԱՆՆԱ ՍՐԱՊԻՈՆՅԱՆ,

ԷՄՄԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

 

 

ՏԱՃԱՐՆԵՐԻ, ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՄՇՏԱԴԻՏԱՐԿՈՒՄ

ԿԳՄՍ նախարարության պատմության եւ մշակույթի հուշարձանների պահպանության մասնագետները մշտադիտարկման նպատակով այցելել են Արագածոտնի եւ Շիրակի մարզերի հուշարձաններ:

 

Աշխատանքային խումբն այցելել է Արագածոտնի մարզի Գառնահովիտ գյուղի 7-րդ դ. թվագրվող Սբ Գեւորգ եկեղեցի, որտեղ ԿԳՄՍ նախարարության եւ բարերար Համլետ Թադեւոսյանի համագործակցությամբ իրականացվում են եկեղեցու վերականգնման աշխատանքներ: Ներկա պահին կատարվում են հուշարձանի տանիքածածկի իրականացման աշխատանքները: Համաձայն նախագծանախահաշվային փաստաթղթերի՝ նախատեսված է դրանք իրականացնել կղմինդրե սալիկներով: Մասնագիտական խումբը տեղում ծանոթացել է օգտագործվող սալերի որակին, ուսումնասիրել իրականացման մեթոդները եւ քննարկել հետագա աշխատանքների հաջորդականությունը:

Խումբն այցելել է նաեւ Արագածոտնի մարզի Մաստարա գյուղի միջնադարյան Սբ Հովահննես եկեղեցի, որը համարվում է միջնադարյան Հայաստանի հնագույն ու կատարյալ կառույցներից մեկը եւ առանձնանում իր ճարտարապետական ոճով: Ժամանակին այն շրջապատված է եղել պարիսպներով, որոնք 1889 թվականին՝ եկեղեցու վերանորոգման ընթացքում, քանդվել են: Եկեղեցին գտնվում է համեմատաբար լավ վիճակում, սակայն մասնագետներն արձանագրել են, որ այն ունի տանիքածածկերի նորոգման խնդիր:

Հաջորդ այցը Շիրակի մարզի Անիպեմզա համայնքի Երերույքի վաղքրիստոնեական տաճար էր: Հաշվի առնելով տաճարի բացառիկությունը՝ այն մշտապես գտնվել է պետության ուշադրության ներքո, պարբերաբար ամրակայվել եւ մասնակի վերականգնվել է։ Վերջին տարիներին եւս պետությունը պատվիրել է տաճարի ամրակայման նախագիծ, որն իրականացրել է Ճարտարապետության եւ շինարարության Հայաստանի ազգային համալսարանը։ ԿԳՄՍ նախարարության եւ Հայաստանում ԱՄՆ դեսպանության միջեւ 2023 թ. ստորագրված հուշաթերթի համաձայն՝ ԱՄՆ դեսպանի «Մշակութային արժեքների պահպանության հիմնադրամը» 175 հազար դոլար է հատկացրել Երերույքի բազիլիկ տաճարի պահպանության նպատակով, որից 58 միլիոն ՀՀ դրամ գումարը նախատեսված է 2024 թ. տաճարի ամրակայման եւ մասնակի վերականգման աշխատանքների իրականացման համար։ Պատմության եւ մշակույթի հուշարձանների պահպանության վարչության աշխատակիցները տեղում ուսումնասիրել են արդեն իսկ կատարված աշխատանքները եւ ներկա վիճակը, քննարկել առաջիկա աշխատանքների հետ կապված:

 

 

ԿՊԱՅՔԱՐԵՆ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ

Հայաստանի բասկետբոլի տարբեր տարիքային հավաքականները սկսում են պայքարը Եվրոպայի առաջնություններում:

Կանանց Հայաստանի Մ16 տարեկանների հավաքականը հուլիսի 9-ից 14-ը Ջիբրալթարում կմասնակցի Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի հանդիպումներին:

Ալբերտ Հարությունյանի գլխավորությամբ Ջիբրալթար են մեկնել հետեւյալ խաղացողները՝ Սուսաննա Խաչատրյան, Ամելի Մարտիրոսյանս Քեշ, Լիլիթ Գեւորկովա, Մարիամ Գրիգորյան,  Մարգարիտ Հարությունյան, Արենի Օհանյան, Սարինե Դերդերյան, Էմիլի Շաբանի, Ջիաննա Կեկլիկյան, Ավա Ղարիբ, Քելին Շաջանյան, Աննա Սիմոնյան:

Կանանց Մ16 տարեկանների հավաքականն ընդգրկվել է C դիվիզիոնի A ենթախմբում, որտեղ կմրցի Վրաստանի, Ադրբեջանի եւ Կիպրոսի հավաքականների հետ:

Տղամարդկանց Հայաստանի Մ16 տարեկանների հավաքականը հուլիսի 9-ից 14-ը Ալբանիայում կմասնակցի Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի հանդիպումներին:

Արեգ Վաթյանի գլխավորությամբ՝ Ալբանիա են մեկնել հետեւյալ խաղացողները՝ Ստեփան Մավյան, Էդգար Աղաբեկյան, Էդուարդ Մնացականյան, Արթուր Ավագյան, Նշան Քեշիշյան, Ռաֆայել Մասումյան, Անդրեյ Վոգներուբով, Վահե Ապրեսյան, Դավիթ Կակոյան, Բագրատ Խաչատրյան,  Գագիկ Հարությունյան:Մարզչական շտաբում ընդգրկված են նաեւ Թովմաս Օրդանյանը եւ Սերգեյ Ավետիսյանը:

 

 

 

ՊՐԵՄԻԵՐ ԼԻԳԱՅԻ 11 ՄԱՍՆԱԿԻՑ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ

Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 2024/25 մրցաշրջանին կմասնակցի 11 ակումբ։

ՀՖՖ գործկոմի նիստում հաստատվել է 2024-2025 թթ. պրոֆեսիոնալ ֆուտբոլի մրցումների անցկացման կանոնակարգը։

Հայաստանի հաջորդ առաջնությանը կմասնակցեն «Փյունիկը», «Նոան», «Արարատ-Արմենիան», «Ուրարտուն», «Արարատը», «Ալաշկերտը», «Վեստ Արմենիան», «Շիրակը», «Վանը», ԲԿՄԱ-ն, ինչպես նաեւ Առաջին խմբի նախորդ մրցաշրջանի հաղթող Կապանի «Գանձասարը»։

 

 

ՄՐՑԱԽԱՂԸ՝ ՍԻՆԳԱՊՈՒՐՈՒՄ

Շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման համար մրցամարտը կկայանա նոյեմբերի 20-ից դեկտեմբերի 15-ը՝ Սինգապուրում, հայտնում է ՖԻԴԵ-ի մամուլի ծառայությունը:

Տիտղոսի համար կմրցեն աշխարհի գործող չեմպիոն, չինացի Դին Լիժենը եւ հավակնորդների մրցաշարի հաղթող հնդիկ Գուկեշ Դոմարաջուն: Մրցանակային ֆոնդը կկազմի 2,5 միլիոն դոլար:

Հիշեցնենք, որ նախորդ տարվա ապրիլին Աստանայում անցկացված շախմատային թագի պայքարում Դին Լիժենը հաղթել էր ռուս Յան Նեպոմնյաշչիին:

 

 




Լրահոս