
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ Վաշինգտոնում քննարկել է Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորումը՝ հայտնել են Ֆրանսիայի նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունից:
«Ֆրանսիայի նախագահը վերահաստատել է աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացիկ երկխոսությանը՝ շուտափույթ խաղաղ համաձայնության հասնելու նպատակով, որը կարող է նոր էջ բացել տարածաշրջանում»,- ասված է հաղորդագրության մեջ:
ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում կայացած հանդիպմանը, ըստ թուրքական կողմի տեղեկատվության, Մակրոնն ու Էրդողանը քննարկել են նաև «երկկողմ հարաբերությունները, Ուկրաինայի և Ռուսաստանի միջև պատերազմի ընթացքը, Պաղեստինի վրա Իսրայելի հարձակումները, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ հարցեր»:
Նշվում, է որ Էրդողանը կարևորել է Թուրքիայի և Ֆրանսիայի միջև հարաբերությունների ամրապնդումը բոլոր ոլորտներում, ինչպես նաև Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության գործընթացի ակտիվացման անհրաժեշտությունը։