ԻՆՉՊԵՍ Է ՆԱԽԱՐԱՐԸ ՄԵԿ ՏԱՐՈՒՄ ՄԱՐԵԼ 1 ՄԼՆ ԴՈԼԱՐ ՎԱՐԿԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը պաշտոնի նշանակվել է 2022 թվականի դեկտեմբերի 20-ին՝ համաձայն 2023 թվականի հաշվետու տարվա հայտարարագրի։ Մինչեւ նախարար դառնալը նա եղել է ֆինանսների նախարարի տեղակալ, Ասիական զարգացման բանկի տնօրենի խորհրդական, 2018-2019 թվականներին վարչապետի խորհրդական՝ հասարակական հիմունքներով։ Համաձայն կառավարության կայքի՝ Հովհաննիսյանը 2015 թվականից հանդիսանում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, իսկ 2016 թվականին ընտրվել է կուսակցության վերահսկող հանձնաժողովի փոխնախագահ։

Վահե Հովհաննիսյանը 2023 թվականի անշարժ գույքի, եկամուտների, շահերի եւ ծախսերի հայտարարագրում հայտարարագրել է 1 անշարժ գույք՝ այգետնակ, որը ձեռք է բերվել 2020 թվականին եւ գտնվում է Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում։

ՀՀ ֆինանսների նախարարը հաշվետու տարվա սկզբին հայտարարագրել է 2 մեքենա եւ 1 մոտոցիկլետ։ Մեքենաները TOYOTA մակնիշի են՝ 2007 եւ 2006 թվականների արտադրության, ձեռք են բերվել 2015 եւ 2019 թվականներին։ Նախարարը մոտոցիկլետը ձեռք է բերել 2012 թվականին, այն 1995 թվականի արտադրության է` TRANSALP V600 PD06 մակնիշի։ 2006 թվականի արտադրության TOYOTA մակնիշի մեքենան հաշվետու տարում նախարարը վաճառել է 25 մլն դրամով։ Տարեվերջին նախարարն ունեցել է 1 մեքենա եւ 1 մոտոցիկլետ։

Նախարար Հովհաննիսյանի բանկային հաշիվների մնացորդները կազմել են գրեթե 4 մլն դրամ եւ 4 հազար 937 դոլար, կանխիկ դրամական միջոցները՝ 100 հազար դրամ։

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի՝ հաշվետու տարվա եկամուտները կազմել են 20 մլն 126 հազար դրամ, որը աշխատանքի վարձատրություն է ՀՀ ֆինանսների նախարարությունից։

Հարկ է նշել, որ Հովհաննիսյանը հաշվետու տարվա եկամուտների մեջ չի հայտարարագրել վաճառված մեքենայի գործարքից ստացած 25 մլն դրամը։

Ֆինանսների նախարարի հանձնված եւ վերադարձված փոխառությունները հաշվետու տարում կազմել են 87 մլն 994 հազար դրամ եւ 27 հազար դոլար։

Վահե Հովհաննիսյանի՝ տարբեր տարիներին ներկայացրած հայտարարագրերի համաձայն՝  նա ունի նաեւ ձեռք բերված բնակարան Կենտրոն վարչական շրջանում։ Բանն այն է, որ ֆինանսների նախարարի տեղակալի պաշտոնը ստանձնելու ժամանակ, Հովհաննիսյանն ունեցել է 1 մլն դոլար վարկ կամ փոխառություն։ 2022 թվականի հաշվետու տարում «ստացված վարկերի եւ փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ» բաժնում 1 մլն դոլարը դեռ առկա էր, սակայն 2023 թվականի հաշվետու տարվա «եկամուտների, ստացված վարկերի եւ փոխառությունների» բաժնում 1 մլն դոլար վարկը անհետացել է՝ գրեթե 400 մլն դրամ եւ ավելի։

Հարցական է, թե մեկ տարում ուր է անհետացել ՀՀ ֆինանսների նախարարի 400 մլն դրամ վարկը։

 

Նշենք նաեւ` ՀՀ ֆինանսների նախարարի՝ հայտարարատու պաշտոնատար անձի ընտանիքի անդամների մասին տվյալներում եւս ինչ-որ բան այն չէ։

2021 թվականին Հովհաննիսյանի ընտանիքի անդամները 6-ն էին՝ կինը եւ 5 երեխաները։

2023 թվականի հայտարարագրում Հովհաննիսյանի ընտանիքի անդամները 4-ն են՝ կինը եւ 3 անչափահաս երեխաները։

Համաձայն ՀՀ ընտրողների ռեգիստրի՝ Հովհաննիսյանի մեծ դուստրը բնակվում է նույն հասցեում, որտեղ գրանցված է նախարարը, սակայն դուստրը չկա հոր՝ նախարար Հովհաննիսյանի հայտարարագրում։

Վերոնշյալ հարցերի առնչությամբ «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ՀՀ ֆինանսների նախարարի մամուլի խոսնակին՝ պարզելու հայտարարագրում առկա անճշտությունները, սակայն վերջինս նշեց, որ մեր հարցերին պատասխաններ ստանալու համար պետք է գրավոր հարցում ուղարկենք. մենք, իհարկե, գրավոր հարցումը անպայման կուղարկենք, իսկ մինչ այդ կից ներկայացնում ենք փաստաթղթերի պատճենները, որոնք նախարարի հայտարարագրից են:

 

 

 

ArmLur.am-ին  հայտնի դարձավ, որ Վճռաբեկ դատարանը ուշագրավ որոշում է կայացրել ԱԺ նախկին պատգամավոր Լեւոն Սարգսյանի՝ Ալրաղացի Լյովիկի գործով: Մեզ հայտնի դարձավ, որ Վճռաբեկ դատարանը նրա ազգականի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցրել է, իսկ Ալրաղացի Լյովիկի գործով նոր քննություն է սկսում: Ամեն ինչ մասին՝ ամենասկզբից. ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Լեւոն Սարգսյանին, ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով, մեղադրանք էր առաջադրել այն բանի համար, որ վերջինս իր մտերիմ Ա. Կ.-ի եւ ՀՀ ոստիկանության նախկին աշխատակից Ա. Ն.-ի միջոցով կազմակերպել է 2008 թվականի հոկտեմբերի 27-ին ՀՀ ԿԱ մաքսային կոմիտեի նախկին ղեկավար Արմեն Ավետիսյանի նկատմամբ, հանցավոր համագործակցության կողմից, առանձնապես խոշոր չափերով՝ շուրջ 45 միլիոն ՀՀ դրամ արժեքով գույքի հափշտակություն կատարելու նպատակով իրականացված ավազակային հարձակումը: Նույն հանցագործությանը տեղեկատվություն տրամադրելու եղանակով օժանդակելու համար՝ մեղադրանք է առաջադրվել նաեւ Լեւոն Սարգսյանի ազգական Սուրեն Ղազարյանին։ Քրեական գործի նախաքննության ընթացքում Լ. Ս.-ի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը, եւ նա մինչ օրս գտնվում է ԱԱԾ-ի մեկուսարանում: Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը Ալրաղացի Լյովիկին դատապարտել էր ազատազրկման՝ 9 տարի ժամկետով, իսկ նրա ազգական Սուրեն Ղազարյանին՝ 8 տարվա ժամկետով: Այս որոշման հետ Լեւոն Սարգսյանը չհաշտվեց ու որոշումը բողոքարկեց ՀՀ վերաքննիչ դատարանում:                                                                                        Շարունակությունը՝ ArmLur.am կայքում:

 

 

 

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը աշնանը մեծ թափով կվերսկսի փողոցային պայքարը։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝  շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը նախատեսում է սեպտեմբերի 2-ից սկսել իշխանափոխության պահանջով հանրահավաքներն ու բողոքի ակցիաները։ Սրբազանն այս օրերին շարժման ձեւաչափի եւ անելիքների հետ կապված հարցեր քննարկելու համար ակտիվորեն հանդիպումներ, քննարկումներ է ծավալում քաղաքական տարբեր ուժերի եւ այլ ոլորտների ներկայացուցիչների հետ։ «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների փոխանցմամբ՝ Բագրատ Սրբազանը թե՛ իր մտերիմների շրջապատում, թե՛ քաղաքական ուժերի հետ հանդիպումների ժամանակ հայտարարել է, որ չի սպասելու 2026 թվականի հերթական ընտրություններին, քանի որ օրեցօր  իրավիճակն  ավելի է  բարդանում, իշխանություններն առանց երկմտելու նոր տարածքներ են հանձնում, երկրի սահմանները գնալով փոքրանում են. ուստի մինչեւ հերթական ընտրություններին սպասելը կարող է աղետալի լինել Հայաստանի համար։ Սրբազանը հայտարարել է՝ ամեն ինչ անելու է, որ ճնշման ներքո իշխանությունները արտահերթ ընտրությունների գնան, այսինքն՝ Բագրատ Սրբազանի օրակարգում արտահերթ ընտրություններն են։ Կարող ենք թերեւս արձանագրել, որ աշունը հայաստանյան քաղաքական դաշտում թեժության պակաս չի ունենա։

 

 

 

 

Վերջին շրջանում՝ տուրիստական սեզոնի ակտիվացմանը զուգահեռ, բացի դեսպանատներից՝ հանգստի մեկնողների համար ահռելի խնդիրներ են առաջացրել ՀՀ անձնագրային կետերը։ «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրությունը քաղաքացիներից բազմաթիվ ահազանգներ է ստանում առ այն, որ Երեւանի անձնագրային կետերում, որտեղ հերթագրման համակարգ է գործում, ամիսներով տեղեր չկան՝ դիմումներ ընդունելու եւ անձնագրեր փոխելու։

Ստացվում է, որ նոր ներդրված էլեկտրոնային համակարգն իրեն չի արդարացրել։

Երեւանում իրենց հերթին անհույս սպասող հանգստի մեկնողների այլընտրանք դառնում են մարզային անձնագրային կետերը, սակայն այստեղ խնդիրն այլ է. մարզերում չեն գործում էլեկտրոնային հերթագրման համակարգեր։ Բացի սրանից՝ մեծ խնդիր է առաջացրել անձնագրայինների միացման հարցը, օրինակ՝ Չարենցավանի անձնագրայինի միացումը Հրազդան քաղաքի անձնագրայինին։

Դիցուք՝ անձնագրային մի կետում օրական գրանցման քանակը 50-ն է, 50 տեղի լրանալուց հետո՝ քաղաքացիներն այլեւս հերթի մասնակից դառնալու հույս չունեն։

Քաղաքացիներից մեկը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց. «…էջմիածնում է այլանդակություն, Աբովյանում, Հրազդանում, Երեւանի ցանկացած անձնագրային մտեք, այլանդակություն է. ահավոր վիճակ է, սրանք, աչքը սարքելու փոխարեն, ունքն են հանել»:

Ստացվում է՝ սա եւս մեկ ոլորտ է, որում բարեփոխումները արդյունք չեն տվել։

«Ժողովուրդ» օրաթերթի բազմաթիվ զանգերին ՀՀ միգրացիոն ծառայության հանրային կապերի պատասխանատու Նելլի Դավթյանը չպատասխանեց։

Ոլորտը քաոսում է, իսկ ղեկավար մարմինները դափնիների վրա են հանգստանում։




Լրահոս