«ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԸ ՀԵՏԵՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԵՏՔ Է ԱՆԵՆ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցը ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին ղեկավար Մովսես Հակոբյանն է։

 

-Պարո՛ն Հակոբյան, Տավուշում, կարծես, ավարտել են սահմանազատումը, որի հետեւանքով Կիրանց գյուղը կիսվել է, մի շարք բնակավայրեր ու հողատարածքներ Ադրբեջանի վերահսկողության տակ են հայտնվել։ Հետեւում եք՝ ինչ է կատարվում Տավուշում, ըստ Ձեզ՝ ի՞նչ զարգացումներ են այնտեղ սպասվում։

-Ինձ չի հետաքրքրում՝ ինչ է կատարվում։ Ես դրա մասին խոսել եմ, որ այս ամենը նոյեմբերի 9-ի փաստաթղթի հետեւանք է։ Ինչ-որ մեկը հետեւություն արե՞լ է դրանից։

-Այս օրերին քաղաքացիները ակցիաներ են իրականացնում, պահանջում են իշխանափոխություն՝ այսպիսով իրենց դժգոհությունն արտահայտելով երկրում տեղի ունեցող գործընթացների մասով. եթե հետեւություն արած չլինեին, իշխանության հեռացումը կպահանջեի՞ն։

-Իհարկե՝ ոչ, եթե հետեւություն արած լինեին, չէին գնա ու ընտրեին Նիկոլ Փաշինյանին։

-Պարո՛ն Հակոբյան, ըստ Ձեզ, էլի՞ մարզեր կան, որոնց նույն ճակատագիրն է սպասվում ՝ ինչ Տավուշում եղավ։

-2020 թվականի հունվար կամ փետրվար ամսին ձեր օրաթերթին հարցազրույց եմ տվել հիշյալ հարցի առնչությամբ, այնտեղ ամեն ինչ ասել եմ։

-Նիկոլ Փաշինյանը վերջերս գնացել էր Սյունիք ու այնտեղ հայտարարեց, որ հաջորդը Սյունիքն է լինելու։

-Ոչ միայն Սյունիքն է լինելու, ինչպես բազմիցս ասել եմ….Չկրկնեմ։

-Պարո՛ն Հակոբյան, ըստ Ձեզ, այն, ինչ մեզ հետ կատարվում է, պատերազմում կրած պարտության հետեւա՞նք է, թե՞ իշխանությունների ապաշնորհության, կամ մտադրվա՞ծ են գուցե այսպես անում։

-Ազգային մենթալիտետի արդյունք է. իսկ իշխանությունները մեր ազգի պատկերն են։

-Այսօր նաեւ զինվորականներն են լուռ, այդ թվում՝ Տավուշի գեներալները, առանց որեւէ խոսք ասելու՝ հետեւում են, թե ինչպես է մարզը կիսվում, Ձեզ համար նրանց այս պահվածքը հասկանալի՞ է։

-Ազգի սերուցքն են։

-Պարո՛ն Հակոբյան, իսկ Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանը հետեւո՞ւմ եք, կիսու՞մ եք Սրբազանի տեսակետները։

-Ես Բագրատ Սրբազանին հարգում, սիրում եմ, այն, ինչ որ պետք է, ասել եմ նրան։

-Ե՞րբ եք հանդիպել։

-Շատ շուտ։

-Իսկ ի՞նչ եք ասել նրան։

-Կարեւոր չէ նշել, ինչ պետք է՝ իրեն եմ ասել։

-Պարո՛ն Հակոբյան, իսկ ինչո՞ւ չեք մասնակցում շարժման հանրահավաքներին։

-Ով է ասում՝ չեմ մասնակցում։

-Դե, երբեւէ հանրահավաքներին Ձեզ չենք տեսել։

-Ես էլ ձեզ չեմ տեսել, ուրեմն դո՞ւք էլ չեք մասնակցել…։

 ՔՐԻՍՏԻՆԱ ՄՈՒՇԵՂՅԱՆ

 

 

 

ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻՆ ՉԵՆ ԹՈՒՅԼԱՏՐԵԼ ԴԻՐՔ ԲԱՐՁՐԱՆԱԼ

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը սոցցանցի իր էջում գրում է.

«Հունիսի 17-ին գրություն էի ուղարկել ՊՆ` ԶՈՒ մի քանի ուղղություններով այցս կազմակերպելու նպատակով:

Ընդ որում, ընտրել էի ուղղություններ, որոնք, այսպես ասած, խնդրահարույց չէին ո՛չ քաղաքական, ո՛չ մեկ այլ առումով:

ՊՆ-ն գրությանս արձագանքել է 22 օր հետո` հուլիսի 9-ին, երբ գրությամբ նախատեսված ժամկետներն անցել էին ու այդ հիմքով մերժել` «նշված ժամանակահատվածում տվյալ ուղղություններ Ձեր այցերի կազմակերպումը հնարավոր չէ» պատճառաբանությամբ:

Նշեմ, որ եղել են փուլեր, երբ ՊՆ-ն նույնիսկ նման իրավիճակներում ճկունություն դրսեւորել է, սակայն հիմա առաջնագիծ այցերս մերժելու անհեթեթ «հիմք» է գտել:

Մի մերժում էլ մայիսին է եղել (ավելի վաղ գրված ու չմերժված գրությամբ), սակայն մտածել եմ՝ տեխնիկական է, որոշակի հանգամանքների բերումով:

Կպնդի՞ ՊՆ-ն, որ թեման տեխնիկական է կամ թյուրըմբռնում, մի քանի օր դեռ ժամանակ ունի, իսկ թեմային այլ շերտերով ու երանգներով կանդրադառնամ ավելի ուշ` որոշ դետալային ճշտումներից հետո»:

 

 

ԱԿՑԻԱ՝ ՄԱԿ-Ի ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ՄՈՏ

Արցախցիները ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի դիմաց ակցիա են կազմակերպել՝ ի կատարումն ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի 2021թ. դեկտեմբերի 7-ի եւ 2023թ. նոյեմբերի 17-ի որոշումների։

Նշենք, որ 2021 թ. դեկտեմբերի 7-ին ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը հրապարակել էր «Ռասայական խտրականության բոլոր ձեւերի վերացման մասին» միջազգային կոնվենցիայի համատեքստում քննվող՝ «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործի շրջանակում Հայաստանի Հանրապետության ներկայացրած հայցի հիման վրա հրատապ միջոցներ կիրառելու մասին որոշումը՝ ի թիվս այլ հարցերի պարտավորեցնելով Ադրբեջանի Հանրապետությանը «ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կանխելու եւ պատժելու վանդալիզմի ու պղծման գործողությունները՝ ուղղված հայկական մշակութային ժառանգության, ներառյալ՝ եկեղեցիների եւ այլ պաշտամունքի վայրերի, հուշարձանների, տեսարժան վայրերի, գերեզմանատների եւ արտեֆակտերի դեմ»:

Դատարանը 2023թ. նոյեմբերի 17-ին հրապարակել է նոր որոշում առ այն, որ Ադրբեջանը պարտավոր է ապահովել սեպտեմբերի 19-ից հետո տեղի ունեցած իրադարձությունների հետեւանքով ԼՂ-ից մեկնած անձանց անարգել եւ անվտանգ մուտքը կամ ելքը Լեռնային Ղարաբաղ։ Ադրբեջանը պարտավոր է ապահովել ցանկացողների վերադարձը, ինչպես նաեւ նրանց ապահով ապրելու հնարավորությունը իրենց բնակավայրում` առանց սպառնալիքների։

Միջազգային դատարանը նաեւ պարտավորեցրել էր Ադրբեջանին պահպանել, չոչնչացնել ԼՂ բնակիչների սեփականության իրավունքը հաստատող փաստաթղթերը։

ԷՄՄԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ,

Ք.  ՄՈՒՇԵՂՅԱՆ

 

 

ԲԱՅՐԱՄՈՎԸ՝ ՆԱՏՕ-Ի ԳԱԳԱԹՆԱԺՈՂՈՎԻՆ

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը մեկնել է Վաշինգտոն՝ մասնակցելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին։

Երկրի ԱԳՆ-ից հայտնում են, որ այցի շրջանակում նախատեսվում է Բայրամովի մասնակցությունը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, ինչպես նաեւ բարձր մակարդակի մի շարք երկկողմ հանդիպումներ։

Նախօրեին ՀՀ ԱԳՆ-ն հաղորդել էր, որ հուլիսի 9-10-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Վաշինգտոնում, որտեղ կմասնակցի ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի՝ գործընկերների ձեւաչափով միջոցառմանը եւ կազմակերպության 75-ամյակին նվիրված հարակից միջոցառումներին։ Ծրագրված են նաեւ երկկողմ հանդիպումներ։

 

 

ԱԺ ԳԼԽԱԴԱՍԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ՆԻՍՏԵՐ

Այսօր (խմբ.) ԱԺ գլխադասային հանձնաժողովները նիստեր կանեն:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հուլիսի 10-ին՝ ժամը 10:00-ին, 114 սրահում կկայանա Ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը:

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը նիստ կանի նույն օրը՝ ժամը 11:00-ին:

Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը տեղի կունենա հուլիսի 10-ին՝ ժամը 12:00-ին:

 

 

 

ԵԱՏՄ ԽՈՐՀՐԴԻ 6-ՐԴ ՆԻՍՏԸ

Էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանի նախագահությամբ հուլիսի 8-ին ՌԴ Եկատերինբուրգ քաղաքում կայացել է ԵԱՏՄ արդյունաբերական քաղաքականության խորհրդի 6-րդ նիստը։ Այս մասին հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։

«Կարեւոր է մշակել այնպիսի ընդհանուր մեխանիզմներ, որոնք ուղղված կլինեն արդյունաբերական հատվածի աջակցմանը, նորարարության խթանմանը, տեխնոլոգիական արդիականացմանն ու ապրանքների մրցունակության բարձրացմանը»,- ողջույնի խոսքում նշել է Գեւորգ Պապոյանը։

Նիստի ընթացքում քննարկվել են մինչեւ 2030 թ. ԵԱՏՄ շրջանակներում արդյունաբերական համագործակցության հիմնական ուղղությունները։

Օրակարգային հարցերի թվում էին ռոբոտաշինության զարգացման, արդյունաբերական ռոբոտների արտադրության եւ ներդրման միջպետական ծրագրի մշակման հնարավորությունը, ինչպես նաեւ ԵԱՏՄ արդյունաբերության ճյուղերում համատեղ կոոպերացիոն նախագծերի իրականացման ընթացքում տրամադրվող ֆինանսական աջակցությանը վերաբերող հարցեր։

Նիստի արդյունքներով ստորագրվել է նիստի արձանագրությունը։

 




Լրահոս