Հայաստանում Չինաստանի դեսպան Ֆան Յոնգը ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը Հայաստանում։ Նա անմոռանալի է որակել մեր երկրում անցկացրած չորս տարիները: Այս մասին Յոնգն ասել է Երևանում Չինաստանի դեսպանատանն իր դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ անցկացված ընդունելության ժամանակ։
«Գրեթե չորս տարի Հայաստանում գտնվելը դարձավ իմ կյանքում անմոռանալի փուլ։ Մաքուր ու թափանցիկ Սևանա լիճը, վեհաշուք Արագած լեռը, գինեգործության հազարամյա ավանդույթները, ազգային յուրօրինակ երգն ու պարը, ինչպես նաև հյուրընկալ ու ընկերասեր մարդիկ ինձ վրա թողեցին ամենահրաշալի ու խորը տպավորությունները։ Բաժանվելիս ցանկանում եմ իմ անկեղծ երախտագիտությունը հայտնել բոլոր այն ընկերներին, ովքեր հոգ են տանում Չինաստանի զարգացման մասին և պահպանում են մեր երկրների միջև բարեկամությունը, ինչպես նաև բոլոր նրանց, ովքեր աջակցել են ինձ և օգնել կատարել իմ պարտականությունները»,-ասել է դեսպանը։
Նա նշել է, որ Հայաստանի և Չինաստանի միջև ավանդական բարեկամական հարաբերությունները, որոնց հիմքը դրվել է ավելի քան 2 հազար տարի առաջ՝ հինավուրց Մետաքսի ճանապարհին, դիմացել են ժամանակի փորձությանը և նոր կյանք ստացել:
Դիվանագիտական առաքելության ավարտին կազմակերպված երեկոյին հրավիրված էին ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներ, Ազգային ժողովի պատգամավորներ Թագուհի Թովմասյանը, Տիգրան Աբրահամյանը, Հայկ Մամիջանյանը, ԱԺ փոխնախագահը, ՀՀ Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, ՀՀ ԱԳ փոխնախարար Մնացական Սաֆարյանը, ԿԳՄՍ փոխնախարար Արթուր Մարտիրոսյանը, ՀՀ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը, Հանրային Հեռուստաընկերության տնօրեն Հովհաննես Մովսիսյանը, դեսպաններ՝ Սերբիայի, Բելգիայի, Ռուսաստանի, Ֆրանսիայի և այլ երկրների։
Դեսպանը նշել է, որ խորապես հավատում է երկրների միջև հարաբերությունների հետագա զարգացմանը և պատրաստ է հայ ընկերների հետ միասին ջանք չխնայել երկկողմ հարաբերությունների զարգացման համար։
Դեսպանը խոսքն ամփոփել է շնորհակալությամբ։
«Հավերժ Բարեկամություն եմ մաղթում Չինաստանի և Հայաստանի ժողովուրդներին։ Բոլոր հյուրերին մաղթում եմ քաջառողջություն և հաջողություններ իրենց բոլոր նախաձեռնություններում։ Շնորհակալություն բոլորիդ»,– ամփոփել է դեսպանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Էմմա Միքայելյան, Հովսեփ Հովսեփյան