Շաբաթների խնդիր է․ 3 շաբաթում կարելի է վերականգնել․ էներգետիկ փորձագետը՝ հէկի վթարի ու հոսանքազրկումների մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տևական ժամանակ է՝ ինչ հանրապետությունում և մասնավորապես մայրաքաղաք Երևանում հոսանքազրկումներ են իրականանում։

Օրինակ երեկ՝ երևանյան շատ հասցեներ հոսանքազրկված են եղել տևական ժամանակով, ինչը անգամ պատճառ է դարձել շատ հաստատությունների չաշխատելուն։

Բանն այն է, որ հուլիսի 6-ին «Երևան հէկ»-ում հրդեհ էր բռնկվել, որի պատճառով էլ մինչ օրս շարունակվում են հոսանքազրկումները, իսկ «ՀԷՑ»-ը ArmLur.am-ի հետ զրույցում պարզաբանել էր, որ այս պահին չեն կարող ասել, թե խնդիրը երբ է վերջնական լուծվելու, ամեն օր այդ ուղղությամբ աշխատանքներ է կատարվում։

Առավել մանրամասն հասկանալու համար, թե այս խնդիրը և իրենից բխող հետևանքները ինչի պատճառով են առաջացել՝ ArmLur.am-ը կապ է հաստատել էներգետիկ հարցերով փորձագետ Արա Մարջանյանի հետ։

-Պարո՛ն Մարջանյան, այս խնդիրն ու իրենից բխող հետևանքներն ինչի՞ պատճառով են առաջացել։

-Ընդհանրապես ցավով պետք է փաստել, որ ոչ պլանային հոսանքազրկումները հաճախակի են դարձել, ինչը կապված է ընդհանուր տեխնիկական սպասարկման մակարդակի որոշակի անկման հետ, նրանք դեռ չեն դարձել կատաստրոֆիկ, բայց, իհարկե, մտահոգիչ է այդ տենդենցը։ Ինչ վերաբերում է վերջին հոսանքազրկմանը, որքանով գիտեմ, Կենտրոնի հատվածում դա պայմանավորված էր Երևանի հէկի համար 1 շենքի կտուրում բռնկված հրդեհի հետ, բայց գիտեք, հէկը խոշոր հոսանք արտադրող հէկ չի և ցանցերի ճիշտ կառավարման դեպքում անգամ այդպիսի վթարի դեպքում հետևանքները հեշտ կառավարելի պետք է լինեին։ Ցավոք սրտի, դա այդպես չեղավ, ինչը մատնանշում է որոշակի խնդիրների առկայություն ցանցերում։ Հուսով եմ՝ դա հաշվի կառնվի հետագա աշխատանքների դեպքում։

-Ի՞նչ խնդիրների մասին է խոսքը։

-Ավտոմատիկայից սկսված, վերջացած մալուխների վիճակով։ Իրենց տրանշեաներում նրանց պարբերաբար զննման, վերանորոգման, մոդերնիզացիայի։ Էլ չեմ ասում ամենաակնհայտ և ռեալ բաները հէկերում և արտադրող կայաններում ընդհանրապես և՛ ենթակայաններում, և՛ տրանսֆորմային հանգույցներում պետք է պատշաճ պահպանվի հակահրդեհային անվտանգություն։ Ուղղակի խայտառակություն է, որ հէկի շենքում հրդեհ է բռնկվում, մալուխները տրանշեաներում վնասվում են, ինչը հանգեցնում է բավական լուրջ որոշակի խնդիրների։ Ընդհանրապես ցանցի մակարդակը, կարծում եմ, հեռանկարում պետք է անպայման լարման դասը բարձրացնել, անցնել ավելի արդյունավետ սարքավորումների օգտագործման, մեծացնել ռեզերվայնությունը և մի շարք այլ միջոցառումներ։

-Պարո՛ն Մարջանյան, ըստ Ձեզ, ե՞րբ կկարողանան վերականգնել վթարային իրավիճակը։ Մոտակա ժամանակներս իրատեսական համարո՞ւմ եք դա, քանի որ քաղաքացիներին անհանգստացնում է դա։

-Կարծում եմ դա շաբաթների խնդիր է, դա 3 շաբաթում կարելի է վերականգնել, բայց երկարաժամկետ հեռանկարում պետք է խստացնել արտադրողական կարգապահությունն ու խստիվ հետևել տեխնիկական հակահրդեհային և այլ նորմերի կատարմանը։ Բացի այդ կա նաև այլ խնդիր․ այդ ոչ պլանային անջատումների պատճառով ամռանը կամ ձմռանը սպառողները որոշակի վնասներ են կրում։ Այսպիսի երկարատև անջատումների ժամանակ այդ վնասները շոշափելի չափերի կարող են հասնել։ Վստահ եմ, որ հատուցման մեխանիզմները, թեև որոշակի կետեր կան պայմանագրերում, դրանց իրագործումն ու պարտավորությունների կատարումը չափազանց ցածր մակարդակի վրա է գտնվում, այդ հարցն էլ պետք է բերվի ուշադրության կենտրոն։

-Իսկ ի՞նչն է պատճառը, որ ցածր մակարդակի վրա է գտնվում։

-Շատ պարզ․ արտադրողն ու ցանցը չեն ուզում լրացուցիչ ծախսեր կրել, դրա համար առանձնապես ուշադրություն չեն դարձնում հատուցման հարցերի վրա։ Մյուս կողմից՝ բաժանորդները իրազեկված չեն իրենց իրավունքների  համար և հետևողական չեն։

Աննա Սրապիոնյան




Լրահոս