Հայ-ամերիկյան «Արծիվ գործընկեր» զորավարժությունը ափսոսանք է առաջացնում․ Զախարովա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայ-ամերիկյան «Արծիվ գործընկեր» (Eagle Pertner) զորավարժությունն ափսոսանք է առաջացնում, հատկապես Երևանի կողմից ՀԱՊԿ-ում իր գործունեության փաստացի սառեցման և հրապարակային քննադատության ֆոնին։ Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Նա կարծիք է հայտնել, որ Արևմուտքի նպատակն է պլացդարմ ստեղծել սեփական աշխարհաքաղաքական ծրագրերի իրականացման համար՝ դա որակելով «արկածախնդրություն»։

Զախարովայի խոսքով՝ Հարավային Կովկասում ամերիկացիները միայն սրում են հակամարտության ներուժը և նոր բաժանարար գծեր ստեղծում։

«Արևմտականները մոլագարի նման Հայաստանին ներքաշում են Հարավային Կովկասում և նրա շուրջ փոխգործակցության տարբեր ձևաչափերի մեջ, որոնք առաջին հերթին ուղղված են Ռուսաստանի և Իրանի դեմ։ Իրենց հովանու ներքո մանևրների և վարժանքների մեջ ներգրավելով՝ Հայաստանին պարտադրում են զինված ուժերի ՆԱՏՕ-ի չափանիշներ։ Դա բերում է Հայաստանի անվտանգության ողջ համակարգի վերակազմավորման և, որպես հետևանք, Հայաստանի ներքին, արտաքին քաղաքականության նկատմամբ Արևմուտքի կողմից լրացուցիչ ազդեցության լծակների ձեռքբերման»,- հայտարարել է Զախարովան։

ՌԴ ԱԳՆ խոսնակը հերթական անգամ վերահաստատել է Ռուսաստանի հանձնառությունը Հայաստանի նկատմամբ դաշնակցային պարտավորություններին, այդ թվում՝ անվտանգության ապահովման հարցում։

Նրա խոսքով՝ Երևանի «նման քայլերը սկսել են կրել համակարգային բնույթ», ինչը խաթարում է այդ ոլորտում հետագա համագործակցության հեռանկարները։




Լրահոս