Թմրամիջոց աճեցնելու լաբորատորիաներ, շուրջ 3․900․000 ԱՄՆ դոլարի թմրամիջոցի ապօրինի շրջանառություն և փողերի լվացում․ հինգ մեղադրյալի մասով նախաքննությունն ավարտվել է:
«ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է խմբի կողմից առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության հերթական դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:
Ձեռնարկված քննչական և վարութային մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել են հանցավոր խմբի անդամներից հինգի ինքնությունը, թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեխանիզմը:
Մասնավորապես՝ քննությամբ պարզվել է, որ «Telegram» հավելվածի միջոցով առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու նպատակով ձևավորված հանցավոր խմբի անդամների բնակության վայրերում ստեղծվել են «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցի աճեցման համար նախատեսված ջերմոցներ և 2021-2023թթ․ կազմակերպվել է տարատեսակ անվանումներով և որակական հատկանիշներով տարբերվող «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցի ապօրինի արտադրություն։
Իրացնելու նպատակով ապօրինի արտադրված և պահված թմրամիջոցների մեծածախ և մանրածախ վաճառքն իրականացնելու նպատակով, խմբի անդամները «Telegram» հեռահաղորդակցման հավելվածում ստեղծել և ղեկավարել են խանութ-հարթակներ, ապահովել առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների առանձնացումն ըստ քաշերի, փաթեթավորումն ու նախապես տեղադրումը թաքստոցներում։ Ապա թմրամիջոցների գտնվելու վայրերը լուսանկարվել են և ծրագրային հավելվածի միջոցով նշվել դրանց գտնվելու վայրերի աշխարհագրական կոորդինատները։
Այնուհետև մեծածախ վաճառքի համար նախատեսված թմրամիջոցների զանգվածների գտնվելու վայրերի լուսանկարները խանութ–հարթակի միջոցով հանցակիցների կողմից տրամադրվել են «Telegram» հեռահաղորդակցման հավելվածում թմրամիջոցների ապօրինի իրացմամբ զբաղվող էջերին, իսկ «խանութ-հարթակի միջոցով առավել մանր զանգվածներով թմրամիջոցների գտնվելու վայրերի վերաբերյալ տեղեկությունները տրամադրվել են թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու ցանկություն հայտնած և հանցակիցների կողմից փաստացի կառավարվող կրիպտոարժութային դրամապանակներին համապատասխան չափով միջոցներ փոխանցած տարբեր անձանց:
Նախաքննության ընթացքում պարզվել է նաև «Telegram» հավելվածում թմրամիջոցների ապօրինի իրացմամբ զբաղվող էջը կառավարող այն անձի ինքնությունը, ով նամակագրության միջոցով կապ հաստատելով խմբի անդամների հետ՝ 2023թ. փետրվար–մարտ ամիսներին իրացնելու նպատակով ձեռք է բերել ապօրինի արտադրված առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների մի քանի խմբաքանակ: Մի քանի հարյուր գրամ «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցի գտնվելու վայրը հայտնելու համար վերջինիս հրահանգվել է տարատեսակ կրիպտոարժույթներով փոխանցումներ կատարել խմբի անդամներից մեկի անվամբ «Բինանս» համակարգում ստեղծված օգտահաշվի հետ նույնականացված «Dashcoin» և «TRX» կրիպտոարժութային դրամապանակներին և միայն թմրամիջոցի ձեռքբերման համար նախատեսված գումարները ստանալուց հետո նրան տրամադրվել են տարբերթաքստոցներում նախապես տեղադրված առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների գտնվելու վայրերի վերաբերյալ տվյալները։
Պարզվել է նաև, որ «Telegram» հավելվածում թմրամիջոցների ապօրինի իրացմամբ զբաղվող խանութ-հարթակից տարատեսակ թմրամիջոցների ձեռք բերման ցանկություն հայտնած անձանց գումարի փոխանցման համար տրամադրվել են պարբերաբար փոփոխվող «դաշքոին» տեսակի կրիպտորաժութային դրամապանակների հաշիվներ, որոնց փոխանցված գումարները, մի քանի այլ նմանատիպ դրամապանակների փոխանցվելուց hետո, վերջնարդյունքում ստացվել են խմբի անդամներից մեկի անվամբ «Բինանս» համակարգում ստեղծված «դաշքոին» կրիպտոարժութային դրամապանակին։
Բացի այդ, հանցավոր խմբի անդամների կողմից «Բինանս» համակարգում ստեղծված «դաշքոին» տեսակի դրամապանակներին գումարներ են ստացվել նաև «Telegram» հավելվածում թմրամիջոցների ապօրինի իրացմամբ զբաղվող խանութ–հարթակների օգտատերերի կողմից թմրամիջոցներ ձեռք բերելու ցանկություն հայտնած անձանց գումարների փոխանցման համար տրամադրված «դաշքոին» տեսակի դրամապանակներից:
Ապօրինի արտադրված և պահված առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցի խմբաքանակի մի մասը՝ ընդհանուր 266,15,գրամ և 16,55 գրամ հաստատուն չոր քաշով «Մարիխուանա», 40 գրամ «Տետրահիդրոկաննաբինոլ» պարունակող «Կանեփ» տեսակի թմրամիջոցները, թմրամիջոց պարունակող «Կանեփ» տեսակի թվով 6 հատ բույսերը, ինչպես նաև՝ թմրամիջոց աճեցնելու համար նախատեսված համապատասխան սարքավորումներով կահավորված թաքստոցները, սենյակ-լաբորատորիաները և թմրամիջոց ապօրինի արտադրելու համար օգտագործվող տարբեր առարկաներ հայտնաբերվել են խմբի անդամների բնակարաններում կատարված խուզարկությամբ։
Հանցավոր խմբի անդամների բնակարաններում կատարված խուզարկությունների ընթացքում հայտնաբերվել են ինչպես անձնապես խոշոր չափերի թմրամիջոցներ, «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցների աճեցման համար հատուկ կահավորված և քողարկված սենյակ–լաբորատորիաներ, այնպես էլ հայտնաբերվել և առգրավվել է հանցավոր գործունության արդյունքում ստացված գումարներից 330.264 ԱՄՆ դոլար, 3210 Եվրո և 2.772.000 ՀՀ դրամ գումար, որոնք ճանաչվել են իրեղեն ապացույց և արգելադրվել։
Քննությամբ հիմնավորվել է, որ խմբի անդամների կողմից թմրամիջոցների ապօրինի իրացման արդյունքում տարատեսակ կրիպտոարժութային հաշիվների միջոցով շրջանառված ֆինանսական միջոցների ծավալը կազմել է շուրջ 1մլրդ. 734մլն. դրամին համարժեք 3․900․000 ԱՄՆ դոլար։
Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա հինգ անձի մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի (անալոգի) կամ դրանց ածանցյալների ապօրինի շրջանառությունն իրացնելու նպատակով կամ դրանք ապօրինի իրացնելը) և 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (Փողերի լվացումը):
Վերջիններիս մասն առանձնացվել, և վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատարան»,- ասված է հաղորդագրության մեջ: