Իմ թիմը կպայքարի «ուժեղ տարածաշրջանի» ստեղծման համար. Իրանի նախագահ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իրանի նորընտիր նախագահն «Իմ ուղերձը նոր աշխարհին» վերտառությամբ հոդված է հրապարակել: Մասուդ Փեզեշքիանը հավաստիացրել է, որ իր վարչակազմն առաջնահերթություն է տալու հարևանների հետ հարաբերությունների ամրապնդմանը և համագործակցությանը՝ հանուն տարածաշրջանի բարգավաճման:

«Կվարենք հնարավորությունների վրա հիմնված քաղաքականություն՝ բոլոր երկրների հետ հարաբերություններում պահելով հավասարակշռություն, որը համահունչ է մեր ազգային շահերին, տնտեսական զարգացմանը, տարածաշրջանային ու գլոբալ խաղաղության և անվտանգության պահանջներին» – նշել է Մասուդ Փեզեշքիանը: Նա հավելել է, որ իր թիմը կպայքարի «ուժեղ տարածաշրջանի» ստեղծման համար:

«Համոզված եմ, որ հարևան և եղբայր ժողովուրդները չպետք է վատնեն իրենց ռեսուրսները սպառազինությունների քայքայիչ մրցավազքի կամ իրար զսպելու վրա: Փոխարենը դրանք պետք է ուղղվեն տարածաշրջանի առաջընթացին»,- ընդգծել է Փեզեշքիանը:

Նա նշել է, որ Չինաստանն ու Ռուսաստանը Իրանի կողքին են եղել դժվարին ժամանակներում, և Թեհրանը հավատարիմ կմնա այդ երկրների հետ գործակցության ընդլայնմանը: Փեզեշքիանը նաև վստահեցրել է, որ իր վարչակազմը պատրաստ է նպաստել ռուս-ուկրաինական հակամարտության խաղաղ կարգավորմանը:

Նախագահ Փեզեշքիանը կարևորել է նաև Արևմուտքի հետ հարաբերությունները: «Անհամբեր սպասում եմ նաև եվրոպական երկրների հետ կառուցողական երկխոսությանը՝ մեր հարաբերությունները ճիշտ ուղու վրա դնելու համար: Նրանք պետք է գիտակցեն, որ իրանցիների իրավունքներն ու արժանապատվությունն այլևս չեն կարող անտեսվել»,- շեշտել է Փեզեշքիանը: Իրանի նախագահն անդրադարձել է Թեհրան-Վաշինգտոն հարաբերություններին, նշել՝ իր երկրի պաշտպանական դոկտրինը միջուկային զենք չի ներառում: «Կոչ եմ անում Միացյալ Նահանգներին՝ դասեր քաղել անցյալի սխալներից և կարգավորել իր քաղաքականությունը»,- շեշտել է պաշտոնյան:

Նա նաև հայտարարել է, որ Թեհրանը հորդորելու է հարևան արաբական երկրներին՝ գործակցել և օգտագործել քաղաքական ու դիվանագիտական լծակները՝ Գազայում մշտական հրադադարի հասնելու համար:




Լրահոս