Հուլիսի 14-ը՝ Բաստիլի գրավման օր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բաստիլի գրավման օր (պաշտոնական անվանում` Ազգային տոն ֆր.՝ La Fête Nationale), ազգային տոն Ֆրանսիայում, որը նշվում է հուլիսի 14-ին։

Որպես տոն հռչակվել է 1880 թվականի հուլիսի 6-ին։ Տոնի հռչակման հրամանագրում չի նշվել կապը պատմական որոշակի իրադարձության հետ։ Քննարկումների արդյունքում տոնը կապվել է 1790 թվականին նշված «Դաշնության տոնին» (ֆր.՝ Fête de la Fédération)` 1789 թվականին Բաստիլի գրավման առաջին տարեդարձին։ Բաստիլի գրավումը, որը բացարձակ միապետության տապալման սկիզբն էր, Ֆրանսիական մեծ հեղափոխության սկիզբը հանդիսացավ։

Տոնակատարում

Տոնակատարության պաշտոնական ծրագիրը նշանավորվում է մի շարք պարահանդեսներով` հրշեջների պարահանդես, մեծ պարահանդես (անցկացվում է հուլիսի 13-ին Թյուիլրի պալատի այգում)։ Բաստիլի գրավման օրը հանդիսավոր շքերթ է կազմակերպվում Ելիսեյան դաշտերում։ Շքերթը սկսվում է առավոտյան ժամը 10-ին Էտուալ հրապարակից` ուղղվելով Լուվրի կողմը։ Շքերթն ընդունում է Ֆրանսիայի նախագահը։ Կոնկորդի հրապարակում` Հաղթական կամարի դիմաց, առանձնացվում են հատուկ տեղեր հանդիսատեսների համար։ Տոնակատարությունը եզրափակվում է Մարսյան դաշտում և Էյֆելյան աշտարակի մոտ կազմակերպվող հրավառություններով։

Ֆրանսիայի տոնը Դյուսելդորֆում

Սկսած 2000 թվականից` Գերմանիայի Դյուսելդորֆ քաղաքում ամեն տարի նշվում է Ֆրանսիայի տոնը, որը տևում է 3 օր (հինգշաբթիից կիրակի)։ Սա Գերմանիայում Ֆրանսիային նվիրված ամենահայտնի տոնն է։ Այս օրերին կազմակերպվում է ֆրանսիական հին մեքենաների ավտովազք։ Ֆրանսիայի բոլոր անկյուններից Դյուսելդորֆ են բերվում ֆրանսիական ազգային ավանդական ուտեստներ, որոնց տոնական վաճառքը կազմակերպվում է քաղաքի կենտրոնական հրապարակում։ Կազմակերպվում են ֆրանսիական էստրադային և դասական երաժշտության բազմաթիվ համերգներ։ 2009 թվականին Դյուսելդորֆ է այցելել մեծ պատվիրակություն Թուլուզից` քաղաքապետի գլխավորությամբ։




Լրահոս