Լուչա Գալուստի Հակոբյանը նշում է իր ծննդյան 100 ամյակը. վարդենիսցի վաստակավոր ուսուցչուհին ունի 6 երեխա՝ չորս տղա և երկու աղջիկ, 13 թոռ և 25 ծոռ:
«Ժողովուրդ» օրաթերթը շնորհավորում է գործընկեր «Վարդենիս» թերթի խմբագիր Լուչա Հակոբյանի ծննդյան 100 ամյակը` մաղթելով նրան քաջառողջություն և ընտանեկան ջերմություն։
ԿԵՆՍԱԳՐԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ
Լուչա Հակոբյանը ծնվել է 1924թ-ի հուլիսի 12-ին ՀՀ Արթիկի շրջանի Վարդաքար գյուղում: Տեղի դպրոցն ավարտելուց հետո 1940 թ-ին ընդունվել է Երևանի մանկավարժական ուսումնարան, որն ավարտել է 1941 թ-ին:
Ուսումնարանն ավարտելուց անմիջապես հետո կամավորագրվել է որպես գթության քույր և ծառայել Երևանի հոսպիտալում մինչև 1942 թ-ի մայիս ամիսը:
1942 թ-ին տեղափոխվել է Տագանռոգի հակաօդային պաշտպանության զենիթային գունդ, որպես գնդացրորդ: Ծառայության ընթացքում և դրանից հետո ստացել է բազմաթիվ շքանշաններ, մեդալներ և պատվոգրեր:
1945 թ-ի հուլիսին զորացրվել է ԽՍՀՄ զինված ուժերից: Նույն թվականին ընդունվել և 1949 թ-ին ավարտել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի լեզվագիտության ֆակուլտետը:
Ինստիտուտն ավարտելուց հետո ամուսնացել է Վարդենիսցի գեղեցկատես երիտասարդի՝ Սաշա Սահակյանի հետ և տեղափոխվել Վարդենիս:
Վարդենիսում նշանակվել է թիվ 1 միջնակարգ դպրոցում՝ որպես լեզվի ու գրականության ուսուցչուհի: Շրջանի և այն ժամանակվա լուսավորության նախարարության ղեկավարությունը տեսնելով և գնահատելով Լ. Հակոբյանի կազմակերպչական ունակություններն ու գիտելիքները, 1952 թ-ին նրան առաջարկում և նշանակում են Վարդենիսի ութամյա դպրոցի տնօրեն, որը նրա ղեկավարման տարիներին դառնում է միջնակարգ դպրոց:
1965 թ-ին ՀԽՍՀ գերագույն խորհրդի նախագահության հրամանագրով նրան շնորհվում է ՀԽՍՀ վաստակավոր ուսուցչուհու կոչում:
1970 թ-ին շրջանի ղեկավարության պահանջով Լ. Հակոբյանը նշանակվում է «Վարդենիս» թերթի խմբագիր, իսկ 1972թ-ին շրջգործկոմի կոլտուրայի բաժի վարիչ:
1976 թվականին հիվանդութըան պատճառով ազատվում է զբաղեցված պաշտոնից: Երկարատև բուժունից հետո վերադառնում է մանկավարժական աշխատանքի։
1987 թվականից անցնում է վաստակած հանգստի: