ArmLur.am—ի տեղեկությունների համաձայն՝ Փաշինյանի՝ Արագածոտնի մարզ այցից հետո ուշագրավ դեպք է տեղի ունեցել․ քաղաքացին առեղծվածային կերպով անհետացել է, Քննչական կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել։
Եվ այսպես
ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արագածոտնի մարզ այցի ավարտից հետո առեղծվածային դեպք է եղել մարզի գյուղերից մեկում Մասնավորապես` հուլիսի 12-ին ՀՀ վարչապետն այցելել էր Արագածոտնի մարզ ու տարբեր համայնքների բնակիչների հետ հանդիպել։ Արդյունքում, Լեռնապար գյուղում բնակիչների հետ հանդիպմանը նրան է մոտեցել Ծաղկահովիտ գյուղի բնակիչ Ս .Ներսիսյանը եւ վարչապետին բողոքել է ասֆալտապատման աշխատանքներից ու Ծաղկահովիտ գյուղի հիվանդանոցի բարեկարգման աշխատանքներից։ Արդյունքում, հանդիպման հաջորդ օրը՝ հուլիսի 13-ին, իրավապահներին են ահազանգում Ս.Ներսիսյանի հարազատները ու հայտնում, որ որդին վաղ առավոտյանից տանից դուրս է եկել ու փնտրում են նրան, բայց չեն գտնում։ Իրավապահները գնում են ահազանգի հետքերով ու Ապարան -Արթիկ ճանապարհին հայտնաբերում են Ս.Ներսիսյանի մեքենան՝ դռները բաց վիճակում, անձնական իրերը մեքենայում, իսկ վերջինս չկա։
Ողջ մարզում կասկածելի են համարում երիտասարդի անհետացումը ու բազմաթիվ վարկածներ առաջ քաշում։ Ավելի ուշ երեկոյան Ս.Ներսիսյանին հայտնաբերում են։ ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ դեպքով ՀՀ քննչական կոմիտեում կա նախաձեռնված քրեական վարույթ։ Ի պատասխան մեր տեղեկությունների՝ Քննչական կոմիտեից հայտնեցին. «Կա նախաձեռնված վարույթ անձի անհետ կորելու վերաբերյալ ստացված հաղորդման առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ Ավելի ուշ անձը ներկայացել է վարույթն իրականացնող մարմնին։ Ստուգվել են նրա կողմից ներկայացված իրարամերժ տվյալները, ստացված տվյալներով հերքվել են հնարավոր առևանգման ու բռնության ենթարկման հանգամանքները։ Նախաքննությունը շարունակվում է»։
Քնար Մանուկյան