ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռավոր 2019-ին, երբ ներկայացնում էր մինչեւ 2050 թվականը Հայաստանի ռազմավարական նպատակադրումների նախագիծը, հստակ սահմանումներ էր դրել, որ կառավարության յուրաքանչյուր քայլ տանելու է դրան։
Օրինակ՝ Նիկոլ Փաշինյանը սահմանել էր, որ մինչեւ 2050 թվականը Հայաստանի բնակչությունը պետք է հասցնել առնվազն 5 միլիոն մարդու:
Ըստ Վիճակագրական կոմիտեի՝ 2018 թվականին ՀՀ բնակչությունը կազմել է 2 մլն 972 հազար մարդ, 2023 թվականին՝ 2 մլն 990 հազար մարդ։
6 տարվա ընթացքում ՀՀ բնակչությունը ավելացել է 18-20 հազար մարդով, եթե կատարվի սովորական թվաբանական հաշվարկ, ապա կնկատենք, որ նույն ակտիվությամբ մինչև 2050 թվականը կավելանա ընդամենը 160 հազար մարդ։
Սրան զուգահեռ հարկ է նշել, որ Հայաստանից ՀՀ անձնագրով մեկնել է 2 մլն 8 հազար 647 քաղաքացի, ժամանել՝ 1 մլն 972 հազար 135 քաղաքացի։ Մեկնող և չվերադարձողների թիվը 10 տարվա կտրվածքով 291 հազար 327 մարդ է։
Վիճակագրական կոմիտեի տվյալներից կարող ենք եզրակացնել, որ ՀՀ բնակչությունը դեռ երկար ժամանակ (մինչև 2050 թվականը) ակտիվ աճ դժվար թե գրանցի։