Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երեքշաբթի՝ հուլիսի 16-ին, Ելիսեյան պալատում նախարարների խորհրդի նիստ կգումարի։ Այս մասին հայտնել է BFMTV հեռուստաալիքը։
Ավելի վաղ France Bleu ռադիոկայանը հայտնել էր, որ Մակրոնը հուլիսի 16-ին կընդունի Ֆրանսիայի ներկայիս վարչապետ Գաբրիել Աթալի հրաժարականը։
Մակրոնը Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) արտահերթ ընտրություններ է նշանակել հունիսի 9-ին՝ Եվրախորհրդարանի ընտրություններում նախագահական կոալիցիայի պարտությունից հետո։ Հուլիսի 7-ին կայացած երկրորդ փուլի արդյունքներով՝ մանդատների մեծամասնությունը (182) ստացել է ձախակողմյան «Նոր ժողովրդական ճակատ» կոալիցիան՝ հետևում թողնելով «Միասին հանուն Հանրապետության» իշխող դաշինքին (168 մանդատ):
Ընտրությունների առաջին փուլի ֆավորիտ «Ազգային միավորումը» ընտրություններում զբաղեցրել է միայն երրորդ տեղը՝ հանրապետական դաշնակիցների հետ ստանալով 143 մանդատ նոր խորհրդարանում։
Ընտրությունների արդյունքների հրապարակումից հետո Աթալը հրաժարականի դիմում է ներկայացրել նախագահին, սակայն Մակրոնը խնդրել է նրան «ժամանակավորապես մնալ իր պաշտոնում՝ երկրում կայունություն ապահովելու համար»։