ՀԱՅԱՍՏԱՆԻ ԶԼՄ-ՆԵՐԻ ԷԹԻԿԱՅԻ ԴԻՏՈՐԴ ՄԱՐՄՆԻ ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԿԱՐԾԻՔԸ
«Հայկական երկրորդ» հեռուստաալիքի եթերում հեռարձակված «Հայելի ակումբ» հաղորդաշարի 2024թ․ մայիսի 5-ի եւ 6-ի թողարկումներում եւ «Պրոֆ Ֆակտ» հաղորդման 2024թ․ մայիսի 11-ի թողարկման մեջ հնչեցված առանձին արտահայտությունների մասին Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի բողոքի վերաբերյալ
Ա․ ՓԱՍՏԵՐ
• 2024թ․ մայիսի 14-ին Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովը (ՀՌՀ) դիմել է Հայաստանի ԶԼՄ-ների էթիկայի դիտորդ մարմին՝ կից ներկայացնելով «Հայկական երկրորդ» հեռուստաալիքի (Հ2) եթերում հեռարձակված «Հայելի ակումբ» հաղորդաշարի մայիսի 5-ի (սկսած 20:39-ից) եւ մայիսի 6-ի (սկսած 17:57-ից) թողարկումների հյուր Էդգար Ղազարյանի եւ «Պրոֆ Ֆակտ» հաղորդման մայիսի 11-ի (սկսած 15:15-ից) թողարկման հյուր Վազգեն Պետրոսյանի արած մի քանի հայտարարությունների սղագրությունները՝ խնդրելով դիրքորոշում հայտնել դրանց վերաբերյալ։
• Ստանալով ՀՌՀ դիմումը՝ Դիտորդ մարմինը դիրքորոշում ստանալու համար մայիսի 15-ին նամակով դիմել է Հ2 հեռուստաալիքին, որտեղից ստացված պատասխանում
մասնավորապես նշվում է․ «Խոսքի ազատությունը ժողովրդավարական հասարակությունում ունի կարեւորագույն դեր եւ կարող է սահմանափակվել բացառիկ դեպքերում միայն: Խոսքի ազատության սահմանափակման միակ ընդունելի պատճառը այդ ազատության օգտագործումն է բուն ժողովրդավարության դեմ: Հետեւաբար, տվյալ դեպքում
էթիկայի նորմերի խախտմամբ քողարկվող բացահայտ գրաքննությունը անընդունելի է»:
• 2024թ․ մայիսի 17-18-ին կայացած ԴՄ ընդհանուր ժողովը, հաշվի առնելով վերջին երկու տարում «Հայկական երկրորդ հեռուստաալիքի» կողմից Հայաստանի լրատվամիջոցների եւ լրագրողների էթիկական սկզբունքների կանոնագրի բազմակի խախտումները, դրանց վերաբերյալ Դիտորդ մարմնի եզրակացությունների անտեսումը, Ինքնակարգավորման նախաձեռության անդամի պարտավորությունները չկատարելը, խոսքի ազատության մասին հեռուստաալիքի ղեկավարության պատկերացումների
անհամատեղելիությունը միջազգայնորեն ընդունված եւ Նախաձեռնության կողմից որդեգրված սկզբունքների հետ, որոշել է դադարեցնել Հ2 հեռուստաալիքի անդամությունը Ինքնակարգավորման նախաձեռնությանը։ Հաշվի առնելով այդ հանգամանքը եւ առաջնորդվելով ԴՄ աշխատակարգի 4.13 կետով՝ Դիտորդ մարմինը կրկին դիմել է Հ2-ին եւ ստացել վերջինիս համաձայնությունը՝ շարունակելու սույն գործի քննությունը եւ դրա վերաբերյալ կազմելու փորձագիտական կարծիք։
Բ․ ԻՐԱՎԱԿԱՆ ԵՎ ԷԹԻԿԱԿԱՆ ՆՈՐՄԵՐ
I. ՀՀ Սահմանադրություն
Հոդված 3. Մաս 1. Հայաստանի Հանրապետությունում մարդը բարձրագույն արժեք է: Մարդու անօտարելի արժանապատվությունն իր իրավունքների եւ ազատությունների անքակտելի հիմքն է:
II. «Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենք
Հոդված 9. Յուրաքանչյուր երեխա ունի ամեն տեսակի (ֆիզիկական, հոգեկան եւ այլ) բռնությունից պաշտպանության իրավունք:
Ցանկացած անձի, այդ թվում` ծնողներին կամ այլ օրինական ներկայացուցիչներին, արգելվում է երեխային ենթարկել բռնության կամ նրա արժանապատվությունը նվաստացնող պատժի կամ նմանօրինակ այլ վերաբերմունքի:
III. Հայաստանի լրատվամիջոցների եւ լրագրողների էթիկական սկզբունքների կանոնագիր
Խմբագրությունն ու լրագրողը պարտավոր են
4.3. Առանձնապես նրբանկատ լինել, երբ տեղեկության աղբյուրները կամ հրապարակումների հերոսները երեխաներ, անչափահասներ են:
5.2. Որեւէ ձեւով չքարոզել ազգային, կրոնական թշնամանք եւ անհանդուրժողականություն, քաղաքական, սոցիալական, սեռական եւ լեզվական հայտանիշներով խտրականություն, բացառել ատելության խոսքը։
6.3. Ընդունել սեփական սխալները եւ պատրաստակամ լինել՝ ուղղելու դրանք։
4.2. Այն դեպքում, երբ խոսքի ազատությունը հակասության մեջ է մտնում մարդու մյուս հիմնարար իրավունքների հետ, լրատվամիջոցն ինքնուրույն է վճռում, թե ինչին տալ նախապատվությունը, եւ պատասխանատվություն է կրում իր վճռի համար:
IV. ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմնի աշխատակարգ
4.6. Տեսալսողական մեդիա ծառայություններ մատուցողների գործունեությանը վերաբերող էթիկական խնդիրների առնչությամբ պատշաճ դիմող է ճանաչվում Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովը («Տեսալսողական մեդիայի մասին» ՀՀ օրենքի իմաստով)՝ որպես ոլորտը կարգավորող պետական մարմին, որը լիազորված է նաեւ հետեւելու այդ ԶԼՄ-ների մասնագիտական էթիկայի նորմերի պահպանմանը։ ՀՌՀ-ից ստացված դիմումները քննվում են գործող ընթացակարգով, ինչի արդյունքում, եթե վեճը վերաբերում է Կանոնագիրը ստորագրած հեռուստաընկերությանը կամ ռադիոընկերությանը, ԴՄ-ն տրամադրում է եզրակացություն, իսկ մյուս դեպքերում՝ փորձագիտական կարծիք, կամ հանդես է գալիս հայտարարությամբ։
5.3. Ինքնակարգավորման նախաձեռնության անդամ չհանդիսացող ԶԼՄ-ների հրապարակումների վերաբերյալ բողոքները կարող են քննվել տվյալ լրատվամիջոցի համաձայնության դեպքում: Այսուհանդերձ, տվյալ ԶԼՄ-ի համաձայնության բացակայության դեպքում ԴՄ-ն իրեն իրավունք է վերապահում հրապարակման վերաբերյալ ներկայացնել փորձագիտական կարծիք՝ տարածելով այն իրեն հասանելի միջոցներով:
Գ․ ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԿԱՐԾԻՔ
Հայաստանի ԶԼՄ-ների Դիտորդ մարմինը, քննելով ՀՌՀ դիմումը «Հայկական երկրորդ» հեռուստաալիքով հեռարձակված «Հայելի ակումբ» հաղորդման մայիսի 5-ի եւ 6-ի, ինչպես նաեւ՝ «Պրոֆ Ֆակտ» հաղորդման մայիսի 11-ի թողարկումների ընթացքում հնչեցված մի շարք արտահայտությունների վերաբերյալ, արձանագրում է, որ
• Դրանցով տարածվել է ատելության եւ խտրականության խոսք (մասնավորապես, հյուրերը կոչ են անում ոչ իրավական գործողություններ իրականացնել հանրային պաշտոնյաների, իրավապահ համակարգի աշխատակիցների եւ նրանց հարազատների նկատմամբ), ինչը հակասում է Կանոնագրի
5.2 կետում նկարագրված էթիկայի սկզբունքներին։ Ընդ որում, հաղորդումը վարողները չեն փորձել ընդհատել ատելության խոսքի տարածումը կամ մեկնաբանել դա։
• Բողոքում նկարագրված առաջին դրվագում («Հայելի ակումբի» մայիսի 5-ի թողարկում) տարածվում է ատելության եւ խտրական խոսք երեխաների նկատմամբ, ինչը հակասում է Կանոնագրի 4.3 կետում նկարագրված էթիկական սկզբունքներին:
• Հ2 հեռուստաալիքի եթերում նախկինում եւս տեղ են գտել նմանատիպ մի շարք խախտումներ՝ ատելության, բռնության եւ խտրականություն սերմանող խոսք, ինչն արձանագրվել է
ԴՄ մի շարք փաստաթղթերում (մասնավորապես՝ ԴՄ 29.08.2023, 25.06.2023, 22.06.2022, 02.02.2022, 12.07.2021 եզրակացություններում եւ 17.04.2023 պարզաբանման մեջ)։
• Հետեւություններ չանելով ԴՄ նախորդ եզրակացություններից՝ Հ2-ը շարունակաբար խախտել է իր իսկ ստորագրած Կանոնագրի 6.3. կետը՝ «ընդունել սեփական սխալները եւ պատրաստակամ լինել՝ ուղղելու դրանք», ինչի հետեւանքով ի վերջո հեռացվել է Ինքնակարգավորման նախաձեռնությունից։
Դիտորդ մարմինը կրկին հիշեցնում է, որ կարծիքների ազատ արտահայտումը բացարձակ իրավունք չէ եւ կարող է սահմանափակվել, մասնավորապես՝ այլոց իրավունքների եւ
ազատությունների, պատվի ու բարի համբավի, հասարակական անդորրի պաշտպանության նպատակներով, իսկ գնահատող դատողությունները չպետք է հանգեն վիրավորանքի եւ ատելության խոսքի։
Ընդունվել է 2024 թ. հուլիսի 12-ին, ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմնի հետեւյալ կազմով
Գնել ՆԱԼԲԱՆԴՅԱՆ
«Նյումեգ» հրատարակչության գլխավոր խմբագիր
Բորիս ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
Երեւանի մամուլի ակումբի պատվավոր նախագահ
Դավիթ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ
«Մեդիամաքս» լրատվական գործակալության գլխավոր խմբագիր
Վիգեն ՍԱՐԳՍՅԱՆ
Երեւանի մամուլի ակումբի մասնագիտական էթիկայի
հանձնաժողովի նախագահ
Լեւոն ԲԱՐՍԵՂՅԱՆ
Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ
Արսեն ԽԱՌԱՏՅԱՆ
«Ալիք Մեդիա» լրատվական-վերլուծական կայքի հիմնադիր
Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
«Ռեգիոնս TV» կայքի տնօրեն
Արա ՇԻՐԻՆՅԱՆ
Հանրային հեռարձակողի խորհրդի նախագահ
Նարինե ԱՎԵՏԻՍՅԱՆ
Վանաձորի «Լոռի» ՀԸ գործադիր տնօրեն
Աշոտ ՄԵԼԻՔՅԱՆ
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ
Անժելա ՍՏԵՓԱՆՅԱՆ
Արմավիրի «ԱԼՏ» հեռուստաընկերության խմբագիր
ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմինը ձեւավորել են ինքնակարգավորման նախաձեռնությանը միացած լրատվամիջոցները, որոնք այս պահին 82-ն են: ԴՄ-ն ղեկավարվում է
Հայաստանի լրատվամիջոցների եւ լրագրողների էթիկական սկզբունքների Կանոնագրով, որն ընդունվել է 2007 թվականի մարտի 10-ին, վերախմբագրվել՝ ինքնակարգավորման նախաձեռնության համաժողովում, 2024 թվականի մայիսի 18-ին