Երգչուհի, դերասանուհի Լիլի Մորտոն օրերս ներկայացրել է իր նոր՝ «Chika Chika» անվանումով տեսահոլովակը: Լիլին ArmLur.am-ին տրամադրել է լուսանկարներ նկարահանման հրապարակից և պատմել է՝ ինչպես են աշխատել այս երգի վրա:
«Կրկին ռուսերենով եմ երգը ներկայացրել, քանի որ ունեմ բացառապես ռուսերենով ձայնագրված երկու ալբոմ: Ես և ամուսինս՝ Վադիմը, ով նաև իմ պրոդյուսերն է, դրանք բոլորն էլ լսարանի դատին հանձնելու որոշում ենք կայացրել: Իհարկե, ոչ բոլորը կունենան տեսահոլովակ, բայց այս մեկը պարային էր, կարծում եմ, որ կսիրվի: Ի վերջո, փորձը ցույց է տվել, որ բոլոր երգերս սիրվում են: Այդ մասին փաստում են դիտումները և նամակները, որոնք գրեթե ամեն օր ստանում եմ իմ երկրպագուներից»,-ասաց Լիլին:
Նրա խոսքով՝ այս անգամ էլ աշխատել է ռուս մասնագետների հետ, թեպետ տեսահոլովակը նկարահանել են ԱՄՆ-ում:
«Իմ կարծիքով ռուս մասնագետները շատ լավ են զգում այս երգերի տրամադրությունը: Վստահում եմ նրանց, իսկ արդյունքից շատ գոհ եմ մնում: Առհասարակ, միջազգային աշխատանք ստացանք. տեսահոլովակում նկարահանվել են տարբեր ազգերի գեղեցիկ աղջիկներ: Շատ վառ ու հետաքրքիր աշխատանք ենք ստացել, ինչպես արդեն հասկացել եք՝ չեմ վախենում նորովի հանդես գալուց»:
Լիլին զրույցի ընթացքում նշեց, որ երգին և երաժշտությանը շատ լուրջ է մոտենում.
«Արդեն երկու տարուց ավել է, որ գրեթե ամեն օր մասնագետների հետ մշակում ենք ձայնս: Դա անում ենք վոկալի ուսուցչուհիների օգնությամբ, ցանկանում եմ ավելի կատարելագործվել, փորձում եմ տարբեր մասնագետների օգնությամբ ամեն ինչ սովորել, ամեն բան իմանալ: Այնպես է, որ ես լավ վոկալային տվյալներ ունեմ, պարզապես այսպիսի երգեր եմ ներկայացնում, քանի որ «թեթև» երգերը հիմա շատ արդի են, խաղարկային երգերը սիրվում են երիտասարդների, երեխաների կողմից: Դրանք ինձ էլ են շատ դուր գալիս, բայց ալբոմում ունեմ երգեր, որոնց շնորհիվ վոկալային տվյալներս եմ ցույց տվել: Այդ երգերի շնորհիվ մարդիկ գոնե որոշ չափով կհասկանան, թե ես ինչպես եմ երգում, ինչ վոկալային տվյալներ ունեմ: Ցանկացած ճաշակի տեր մարդ էլ կարող է իր հոգուն հարազատ մոտ երգ գտնել իմ ալբոմների մեջ»:
Լիլին նաև հավելեց, որ ամուսինը շատ է աջակցում իրեն, միասին աշխատում են բոլոր դետալների վրա, նույնիսկ միասին բեմական համարձակ կերպարներն են ընտրում.
«Միասին հասկանում ենք՝ ինչը պետք է փոխենք, այդ թվում՝ թե ձայնի, թե խոսքերի մեջ, տեսահոլովակի սցենարն էլ ենք միասին որոշում: Շատ երջանիկ կին եմ, քանի որ ամեն հարցում նա իմ կողքին է: Ինչ վերաբերում է բեմական համարձակ կերպարներիս, պետք է խոստովանեմ, որ այնպես չէ, որ մինչև բեմ դուրս գալն իմ կերպարները վառ չէին, որովհետև ես ինձ որքան հիշում եմ՝ թե’ փոքր տարիքում, թե’ դպրոցական տարիներին, թե’ համալսարանական տարիներին, միշտ սիրել եմ տարբերվել բոլորից, լինել վառ կերպարներով: Ավելին՝ ինքս ինձ համար հագուստներ եմ կարել, կերպարներ ընտրել, իսկ այսօր ամուսինս աջակցում է նաև այս հարցում՝ ընդունելով ինձ այնպիսին, ինչպիսին ես կամ։ Խանդելը, իհարկե, խանդում է. կարծում եմ, որ եթե մի օր հասկանամ, որ կողակիցս ինձ չի խանդում, ուրեմն՝ նրան այլևս անհետաքրքիր եմ: Ընդգծեմ նաև, որ ես երբևէ խանդելու որևէ առիթ չեմ տալիս, մենք միմյանց շատ վստահում և հավատում ենք»,-եզրափակեց երգչուհին:
Հուրի Բաղդասարյան