ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ընդունել է Եվրոպական ուսուցման հիմնադրամի (ETF) և ԵՄ կողմից ֆինանսավորվող «Արևելյան գործընկերության տարածաշրջանում կրթական բարեփոխումներ և հմտություններ» ծրագրի փորձագետներին: Այդ մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից:
Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, ՀՀ-ում ԵՄ պատվիրակության հաղորդակցության բաժնի ղեկավար Ֆրանկ Հեսսը, փորձագիտական խմբի անդամներ:
«Արևելյան գործընկերության տարածաշրջանում կրթական բարեփոխումներ և հմտություններ» ծրագիրը նպատակ ունի գնահատել Արևելյան գործընկերության երկրներում կրթության ոլորտի կարողությունները և առաջարկել դրանց զարգացման միջոցառումներ։
Արթուր Մարտիրոսյանը ողջունել է հյուրերին նախարարությունում՝ Հայաստանում կրթության ոլորտի բարեփոխումների իրականացման գործընթացում կարևորելով ԵՄ և Եվրոպական ուսուցման հիմնադրամի հետ համագործակցությունը:
Նախարարի տեղակալը կարևորել է միջազգային գործընկերների աջակցությունն ու անկախ փորձագիտական վերլուծությունները՝ արդյունավետ բարեփոխումների իրականացման համատեքստում՝ շեշտելով նաև կրթության ոլորտի շահառուների և թիրախային խմբերի հետ հանդիպումները:
ETF-ի մարդկային կապիտալի զարգացման ավագ փորձագետ Մարի Դորլինզը նշել է՝ ծրագրի նպատակն է բարելավել ազգային կրթական համակարգերի կառավարումը` նախադպրոցականից մինչև բարձրագույն կրթություն, ներառյալ մասնագիտական կրթությունը, վերապատրաստումները և մեծահասակների ուսուցումը:
Նախատեսվում է այս տարվա վերջին ունենալ երկրի մասին նախնական զեկույցի նախագիծը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր, այդ թվում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված երեխաների կրթության իրավունքի իրացման ու կազմակերպման վերաբերյալ: