ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից ստացված տվյալների հիման վրա ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով կատարված նախաքննությամբ հիմնավորվել է, որ Ա. Վ.-ն., զբաղեցնելով ՀՀ պաշտպանության նախարարության տարածքային ստորաբաժանումներից մեկի զորակոչի բաժնի պետի պաշտոնը, ՊՆ մեկ այլ տարածքային ստորաբաժանման ղեկավար Ա. Հ.-ի եւ ՊՆ մի շարք այլ պաշտոնատար անձանց հետ խմբի կազմում, Կենտրոնական բժշկական հանձնաժողովի նկատմամբ ունեցած ազդեցությունն օգտագործելու եղանակով, զորակոչի ենթակա անձանց պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու կամ զորակոչը հետաձգելու համար նրանց հարազատներից պահանջել եւ ստացել են խոշոր ու առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 50.000 ԱՄՆ դոլար կաշառք: Այս մասին տեղեկացնում են Հակակոռուպցիոն կոմիտեից:
«Մասնավորապես, նախաքննությամբ պարզվել է, որ Ա. Վ.-ն, վերը նշված անձանց հետ նախնական համաձայնությամբ, ձմեռային զորակոչի ենթակա զորակոչիկի զինվորական ծառայության մեկնելը 6 ամսով անխոչընդոտ հետաձգելու համար՝ 2024 թվականի հունվարին վերջինիս ազգականից պահանջել եւ ստացել Է առանձնապես խոշոր չափերով՝ 25.000 ԱՄՆ դոլար կաշառք: Արդյունքում՝ Կենտրոնական բժշկական հանձնաժողովի եզրակացության հիման վրա, զորակոչիկին տրամադրվել է տարկետում մեկ տարի ժամկետով:
Քրեական վարույթով կատարված ապացուցողական եւ այլ վարութային գործողությունների արդյունքում պարզվել է նաեւ, որ Ա. Վ.-ն եւ ՊՆ տարածքային ստորաբաժանման ղեկավար Ա. Հ.-ն, ՊՆ մեկ այլ տարածքային ստորաբաժանման ղեկավար Ս. Հ.-ի եւ վերջինիս վարորդ Գ. Գ.-ի օժանդակությամբ, եւս մեկ զորակոչիկի զինվորական ծառայությունից անխոչընդոտ ազատելու համար վերջինիս հորից որպես կաշառք պահանջել եւ ստացել են առանձնապես խոշոր չափերով՝ 15.000 ԱՄՆ դոլար: Արդյունքում՝ նշված զորակոչիկը Կենտրոնական բժշկական հանձնաժողովի որոշմամբ ազատվել է պարտադիր զինվորական ծառայությունից:
Բացի դրանից՝ Ա. Վ.-ն, մեկ այլ զորակոչիկի պարտադիր զինվորական ծառայությունից անխոչընդոտ ազատելու համար, իր ծանոթից 2024 թվականի հունվարի 19-ին ընդունել է խոշոր չափերով՝ 5.000 ԱՄՆ դոլար գումար կաշառք տալու առաջարկը, որից հետո նշված զորակոչիկը, Կենտրոնական բժշկական հանձնաժողովի եզրակացության համաձայն, ճանաչվել է սահմափակ պիտանի, եւ այդ հիմքով՝ վերջինիս պարտադիր զինվորական ծառայության մեկնելը հետաձգվել է մինչեւ հաջորդ զորակոչ:
Պարզվել է նաեւ, որ Ա. Վ.-ն Ա. Հ.-ի եւ ՊՆ տարածքային ստորաբաժանման ակնաբույժ Լ. Հ.-ի հետ, ձմեռային զորակոչի ենթակա մեկ այլ զորակոչիկի զինվորական ծառայությունից անխոչընդոտ վերջնական ազատելու համար, 2024 թվականի հունվարին զորակոչիկի հորից որպես կաշառք պահանջել եւ ստացել է 5.000 ԱՄՆ դոլար, որից հետո ՊՆ Կենտրոնական տարածքային հանձնաժողովի կողմից զորակոչիկը ճանաչվել է զինվորական ծառայության համար ոչ պիտանի եւ ազատվել պարտադիր զինվորական ծառայությունից:
Խոշոր եւ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար ՊՆ տարածքային ստորաբաժանման զորակոչի բաժնի պետ Ա. Վ.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով /երկու դրվագ/, 435-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ կետերով, 435-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ եւ 3-րդ կետերով:
Կաշառք ստանալու, տալու եւ կաշառք տալուն օժանդակելու համար նախաքննության ընթացքում մեղադրանքներ են ներկայացվել եւս 8 անձի, այդ թվում՝ տարածքային ստորաբաժանումների ղեկավարներ Ա. Հ.-ին եւ Ս. Հ.-ին:
Մեղադրյալներից 4-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը:
9 մեղադրյալների վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, եւ վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատարան՝ ըստ էության քննվելու համար»:
ԳՈՒՅՔԸ ԿԲՌՆԱԳՐԱՎՎԻ ԵՎ ԿՎԱՃԱՌՎԻ
Հայաստանում հարուցված քրեական գործի շրջանակու Գլխավոր դատախազության եւ ԱՄՆ իրավասու մարմինների միջեւ արդյունավետ համագործակցության արդյունքում՝ ԱՄՆ իրավասու դատարանի որոշմամբ հանցավոր ծագում ունեցող գույք դիտարկվող՝ ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի ընտանիքին պատկանող ԱՄՆ Լոս Անջելեսում գտնվող առանձնատունը կբռնագրավվի եւ ամենաբարձր շուկայական արժեքով կվաճառվի:
Առանձնատան իրացման արդյունքում ստացված դրամական միջոցների գերակշիռ մասը Հայաստանի Հանրապետությանը վերադարձնելու հարցի շուրջ Գլխավոր դատախազության եւ ԱՄՆ իրավասու մարմնի միջեւ բանակցություններ են ընթանում:
Հիշեցնենք, որ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործով Գուրգեն եւ Արտյոմ Խաչատրյանների նկատմամբ իրականացվում է հանրային քրեական հետապնդում, այդ թվում՝ փողերի լվացման մեղադրանքով (Արտյոմ Խաչատրյանի վերաբերյալ գործն ուղարկվել է դատարան, Գուրգեն Խաչատրյանի նկատմամբ հայտարարված է հետախուզում), իսկ Գագիկ Խաչատրյանի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, առանձնապես խոշոր չափերով հափշտակություններ կատարելու, փողերի լվացմանը հանցակցելու եւ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու վերաբերյալ գործը ներկայում քննվում է Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում:
Գլխավոր դատախազության եւ ԱՄՆ իրավասու մարմինների միջեւ հետեւողական համագործակցության արդյունքում համապատասխան դատական գործընթաց էր նախաձեռնվել նաեւ ԱՄՆ իրավասու մարմինների կողմից։
Արդյունքում՝ 2024 թվականի հունիսի 14-ին Գուրգեն եւ Արտյոմ Խաչատրյանները, որոնց պատկանող գույքն անցնում է նաեւ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթներով, ԱՄՆ շրջանային դատարան էին ներկայացրել գույքի բռնագրավման կապակցությամբ համաձայնություն ձեռք բերելու խնդրանք, որը դատարանի կողմից վարույթ էր ընդունվել:
Դատարանի` 2024 թվականի հունիսի 30-ի որոշմամբ՝ համաձայնությունը հաստատվել է:
Քրեական վարույթներից բացի՝ Հակակոռուպցիոն դատարանում քննվող՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցերի շրջանակում ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանից եւ նրան փոխկապակցված 25 անձանցից՝ ներառյալ որդիներ՝ Գուրգեն եւ Արտյոմ Խաչատրյաններից, պահանջվում է բռնագանձել 210 անշարժ գույք, 13 տրանսպորտային միջոց, մասնակցություններ 29 իրավաբանական անձերում, նաեւ ավելի քան 33 միլիարդ դրամ:
Վ. ԳԱՍՊԱՐՅԱՆԸ ԱԶԱՏՎԵՑ ՊԱՏԻԺԸ ԿՐԵԼՈՒՑ
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը մեղավոր ճանաչվեց, սակայն ազատվեց պատժի կրումից որոշ հոդածներով՝ համաներմամբ, որոշ հոդվածներով՝ վաղեմության ժամկետը լրանալու հիմքով։ Դատավճիռը հրապարակեց ՀՀ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վարդգես Սարգսյանը։
Վլադիմիր Գասպարյանից կգանձվեն դատական ծախսերը՝ 200 հազար դրամ։
Քրեական այս գործով կա 4 մեղադրյալ՝ Վլադիմիր Գասպարյանը, ՀՀ նախկին փոխոստիկանապետ Լեւոն Երանոսյանը, ոստիկանության ներքին աուդիտի վարչության նախկին պետ Վարդան Թունյանը, ոստիկանության զորքերի զորամասի նախկին հրամանատար Գուրգեն Գրիգորյանը։ Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին։
Հանրային մեղադրողը 11 տարվա ազատազրկում էր պահանջում ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի համար։
Հիշեցնենք՝ 2023 թ. հուլիսին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն հաղորդագրություն տարածեց, ըստ որի ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն օրինականացրել (լվացել) է հանցավոր ճանապարհով ստացված ընդհանուր շուրջ 2 մլրդ դրամի գույք:
ՈՐՈՇՈՒՄ՝ «ՕՐԵՆՔՈՎ ԳՈՂ» «ՊԶՈՅԻ» ԳՈՐԾՈՎ
Օրենքով գող» Արմեն Ղազարյանի՝ «Պզո»-ի վերաբերյալ քրեական գործն արդեն դատարանում է։ Վերջինս երեկ անձամբ էր ներկայացել Երեւան քաղաքի Աջափնյակի նստավայր, սակայն նիստը հետաձգվեց, քանի որ դատախազը առողջական խնդիրների պատճառով չէր ներկայացել դատարան. նրա քրեական գործը քննում է Երեւանի քրեական դատարանի դատավոր Վահե Ջիվանյանը։
Նշենք, որ Արմեն Ղազարյանը մեղադրվում է «օրենքով գողի» կարգավիճակը պահելու մեջ։ Նրան մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 1-ին մասով։ Ըստ քրեական վարույթի՝ 1991 թվականին Արմեն Ղազարյանը Ռուսաստանի Դաշնության Դոնի Ռոստով քաղաքում, քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձանց ներկայությամբ «թագադրվելով»՝ ստացել է «օրենքով գողի»՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ եւ 2022 թվականի նոյեմբերի 1-ի դրությամբ շարունակել է պահպանել օրենքով չթույլատրվող այդ կարգավիճակը։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը եւ գրավը՝ 20 մլն դրամի չափով։
Քրեական գործը դատարան մուտքագրվել է երեկ եւ մակագրվել Երեւանի քրեական դատարանի դատավոր Վահե Ջիվանյանին։ Ի դեպ, Ջիվանյանն օրերս է Սյունիքի մարզի դատարանից տեղափոխվել Երեւանի դատարան։