Team Systems ընկերությունը ներկայացրեց իր նոր՝ Smart Place միջավայրերի ավտոմատացման համակարգերը, որտեղ համախմբված են բնակարանների, առանձնատների, հյուրանոցների ու կոմերցիոն տարածքների համար խելացի լուծումներ առաջարկող համաշխարհային առաջատարների պրոդուկտները։
Smart Place-ի նպատակն էներգաարդյունավետ ու հարմարավետ ապրելակերպի տարածումն է Հայաստանում: «Այս լուծումների շնորհիվ ցանկացած միջավայր կդառնա խելացի՝ ջեռուցումից, էլեկտրական սարքերից ու լուսավորությունից մինչեւ աուդիո եւ վիդեո համակարգերի կառավարում, որոնք բոլորը ինտեգրված են եւ աշխատում են սիմբիոզի մեջ՝ զուգահեռաբար կրճատելով էներգիայի սպառման ծախսերը»,-շնորհանդեսի ընթացքում նշեց Team Systems ընկերության տնօրեն Նելլի Մալյանը։
Smart Place-ի գլխավոր մատակարարը HDL տեխնոլոգիական կոնցեռնն է, որն արդեն երեսուն տարի մասնագիտացած է այս ոլորտի զարգացման, ներդրման ու կառավարման հարցերում` իրականացնելով համաշխարհային մասշտաբի նախագծեր, ինչպիսիք են՝ Զահա Հադիդի ֆանտաստիկ «Մորֆիուս» հյուրանոցային համալիրը, ՆԱՏՕ-ի գլխավոր գրասենյակը, Դուբայի օդանավակայանը, «Մարիոթ», «Հիլթոն», «Վինդհեմ» ցանցերի հարյուրավոր հյուրանոցներ եւ այլն:
Միջոցառման ընթացքում HDL ընկերության գործունեությունը ներկայացրին խելացի լուծումների ղեկավար Միշել Ջյան եւ միջազգային վաճառքների ղեկավար Սառա Սուն։
«Իսկապես տպավորված եմ խելացի լուծումների կիրառման հայկական փորձով»,- ասում է Միշել Ջյան եւ, նկարագրելով իրենց առաջարկած լուծումների ազդեցությունը կենցաղում, շարունակում է. «Պատկերացրեք՝ ծանր ու հոգնեցուցիչ աշխատանքային օրվա վերջում տուն եք վերադառնում, այն պահից սկսած, երբ բացում եք տան դուռը, միանում է ձեզ հարմար լուսավորություն, ջերմաստիճանը կարգավորվում է ձեր նախընտրությամբ, աուդիո համակարգը նվագում է ձեր երգացանկը եւ այլն։ Ասես տունը գրկաբաց դիմավորում է տանտիրոջը։ Սա այն է, ինչ մենք անում ենք մարդու կյանքն իդեալական դարձնելու համար, իսկ ձեզ մնում է վայելել»:
Հաշվի առնելով խելացի լուծումների բարձր որակն ու հասանելիությունը՝ դրանք նախատեսված են թե՛ տների, թե՛ գրասենյակների եւ թե՛ ամբողջական էներգաարդյունավետ խելացի շենքերի համար: Smart Place-ում ներառված են լուսավորություն, վարդակներ ու անջատիչներ, ջեռուցում, հովացում ու օդափոխություն, դռների, պատուհանների, շերտավարագույրների ավտոմատացում, ապակիների թափանցիկություն, աուդիո եւ սմարթ TV համակարգեր, տնային կինոթատրոն, հեռուստատեսություն ու անգամ այգիների ջրամատակարարում ու շատ ավելին, եւ այս ամենը` լիովին ավտոմատացված, հստակ, վստահելի ու ապահով: Բացի սենսորային վահանակներից եւ բջջային հավելվածից, համակարգն ունի նաեւ ձայնային կառավարում, որը հնարավոր է իրականացնել Yandex-ի՝ Ալիսա, Apple-ի՝ Սիրի, Amazon-ի՝ Ալեքսա եւ Google օգնական համակարգերի միջոցով:
Միջոցառմանը մասնակցում էին ճարտարապետական ստուդիաների, շինարարական ընկերությունների ներկայացուցիչներ ու ինտերիեր դիզայներներ, ինչպես նաեւ գործարար աշխարհի շատ ներկայացուցիչներ, ովքեր կարող են հետաքրքրված լինել բնակարաններում ու կոմերցիոն տարածքներում, ինչպես նաեւ հյուրանոցներում նորագույն տեխնոլոգիաների ներդրմամբ:
Ի դեպ, Team Systems ընկերությունը հուլիսի 15-ից մեկնարկելու է անվճար ուսուցողական հանդիպումներ խելացի լուծումներով նախագծերով հետաքրքրվող պրոֆեսիոնալ համայնքի ներկայացուցիչների հետ՝ ծանոթացնելու Smart Place-ում առկա բոլոր լուծումները, որպեսզի իրենց նախագծերում հաշվի առնեն բոլոր մանրուքները։
Team Systems ընկերությունը Թիմ ընկերությունների խմբի անդամ է։ Այն հանդիսանում է էլեկտրական եւ ցածրահոս համակարգերի նախագծման ու իրականացման ոլորտում առաջատար ընկերություններից մեկը։ Team Systems-ը HPE, Lenovo, Cisco, APC, Siemon, Huawei, HDL եւ բազմաթիվ այլ համաշխարհային հսկաների պաշտոնական գործընկերն է Հայաստանում։ Ընկերությունը կառուցում եւ սպասարկում է էլեկտրական մեքենաների լիցքավորման կայանների ցանց ամբողջ Հայաստանում, ինչպես նաեւ իրականացնում է «խելացի տուն, գրասենյակ, հյուրանոց» համակարգերի մշակում եւ իրագործում։
ՏԵԼԵԳՐԱՄՅԱՆ ԳՈՂՈՒԹՅԱՆ ՍԽԵՄԱՅԻ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸ
«Կասպերսկի» ընկերության փորձագետները ռուսալեզու օգտատերերից Telegram-ի օգտահաշիվների եւ կրիպտոարժույթի գողության սխեմա են հայտնաբերել: Օգտագործելով ֆիշինգային բոտ՝ ցանցահենները գրոհում են թվային ակտիվների սեփականատերերին, որոնք «մեսենջերում» կատարում են P2P առեւտրի գործարքներ (առեւտրի մի տեսակ, որի դեպքում օգտատերերը գործարքներ են կատարում ուղղակիորեն, առանց միջնորդների): Ընկերությունն արդեն մի քանի նման կեղծ բոտեր է հայտնաբերել։
«Կասպերսկի»-ի տվյալներով՝ ցանցահենները փնտրում են օգտատերերի, ովքեր ցանկանում են Telegram-ի միջոցով P2P առեւտրի շրջանակներում գործարքներ կատարել կրիպտոարժույթով, եւ նրանց հետ կապի մեջ են մտնում գործարքի իրականացման պատրվակով։ Բայց ամենասկզբում պոտենցիալ զոհին հայտնում են, որ անվտանգության մակարդակը բարձրացնելու եւ կարգավորողների պահանջները պահպանելու համար իբր անհրաժեշտ է անցնել KYC ստուգում (ֆինանսական գործարքներ կատարելիս ինքնությունը հաստատելու կարգ), հակառակ դեպքում կրիպտոդրամապանակը կսառեցվի: Դա առաջարկում են անել «նույնականացման» հատուկ ծառայության միջոցով, որի հղումն ուղարկում են խարդախները: Իրականում այս կերպ նրանք մարդուն խաբեությամբ բերում են ֆիշինգային բոտ:
Հենց կրիպտոարժույթ ունեցողն անցնում է բնորոշ անվանումով Telegram բոտ (օրինակ՝ Wallet KYC), նրան առաջարկում են մուտք գործել իր Telegram հաշվի միջոցով: Դա անելու համար խնդրում են անջատել երկգործոն նույնականացումը «մեսենջեր»-ում եւ հաստատել այդ գործողությունը՝ սեղմելով համապատասխան կոճակը: Հետո պետք է հաղորդել Telegram մուտքի իրավազորման կոդը, որը կգա պաշտոնական ծառայությունից: Գործնականում այս ամենն անհրաժեշտ է, որպեսզի գողանան զոհի «մեսենջեր»-ի օգտահաշիվը եւ հնարավորություն ստանան նրա անունից P2P գործարքներ կատարելու։ Telegram-ում անձի օգտահաշվի միջոցով խարդախները հասանելիություն են ստանում նրա Telegram Wallet կրիպտոարժույթի դրամապանակին: Արդյունքում առաջանում է ոչ միայն օգտահաշվին հասանելիությունը, այլեւ կրիպտոարժույթ կորցնելու ռիսկ։
«Համոզիչ լինելու համար չարագործները հաճախ վկայակոչում են օրենսդրության պահանջները՝ իրական եւ հորինված։
Օգտատերերը պետք է վերստուգեն տեղեկատվությունը նախքան զրուցակցի առաջարկին արձագանքելը:
ՀԱՐԿԱՅԻՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՄԱՆ ԴԵՊՔԵՐ
Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն ներկայացնում է հունիսի 1-ից 30-ն ընկած ժամանակահատվածում ՊԵԿ հետաքննության եւ օպերատիվ հետախուզության վարչության իրականացրած հարկային իրավախախտումների կանխման, խափանման եւ բացահայտման ուղղությամբ համալիր օպերատիվ- հետախուզական միջոցառումների արդյունքները։
34 դեպքով արձանագրվել են առանց համապատասխան հաշվարկային փաստաթղթեր դուրս գրելու` ընդհանուր 9.202.456 ՀՀ դրամի ՀՀ հարկային օրենսգրքի պահանջների խախտումով ապրանքների տեղափոխման կամ մատակարարման դեպքեր: Հնարավոր տուգանքի գումարը կազմում է 50.269.000 ՀՀ դրամ։
24 դեպքով կազմվել են ապօրինի գործունեությամբ զբաղվելու վերաբերյալ արձանագրություններ։ Ապօրինի ձեռնարկատիրական եկամտի չափը կազմել է 24.212.900 ՀՀ դրամ: Հնարավոր տուգանքի գումարը կազմում է 14.493.536 ՀՀ դրամ:
12 դեպքով արձանագրվել են լիցենզավորման կամ ծանուցման ենթակա գործունեությունն առանց լիցենզիայի կամ առանց ծանուցման իրականացնելու կամ առանց թույլտվության կամ առանց լիցենզիայի ընդերքը կամ բնական պաշարներն օգտագործելու խախտումներ։ Արձանագրված խախտումների գումարը կազմում է 15.245.000 ՀՀ դրամ։
ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ՝ ՍՏԱՐՏԱՓՆԵՐԻ ՄԵԿՆԱՐԿԻ ՀԱՄԱՐ
WITSA-ի համաշխարհային գավաթի ազգային հանձնաժողովը սկսում է դիմումների ընդունումը՝ հայկական վաղ փուլերի (early stage) ստարտափներին ընձեռելով բացառիկ հնարավորություն՝ ցուցադրելու իրենց նորարարական լուծումները եւ մրցելու՝ Հայաստանը միջազգային հարթակում ներկայացնելու համար:
Դիմումների ընդունման ժամկետը մեկնարկել է 2024 թվականի հուլիսի 3-ից եւ ավարտվելու է հուլիսի 31-ին:
Հայկական early stage/pre-series A ստարտափները կարող են դիմել եւ մասնակցել մրցույթին:
Ազգային հանձնաժողովը կընտրի մոտ 20 ընկերություններ, որոնցից երկուսը եզակի հնարավորություն կունենան Հայաստանը ներկայացնելու WITSA World Cup միջազգային մրցույթում։
WITSA-ի համաշխարհային գավաթի մրցանակաբաշխությունը (WITSA World Cup (WWC)) տեղի կունենա WCIT2024/DigiTec-ի շրջանակներում Երեւանում՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, 2024 թվականի հոկտեմբերին։