ԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈԿԵՆՏՐՈՆԸ ՄՍԽԵԼ Է ՖԻԼՄԵՐԻ ԲՅՈՒՋԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուծարման գնացող ազգային կինոկենտրոնը մսխել է 2024-ի ֆիլմերի ողջ բյուջեն եւ 2025-ի բյուջեի մի մասը: Այս մասին ահազանգում է «Ֆիլմարտադրողների Համահայկական Ֆեդերացիա» ՀԿ-ն:

 

Նրանց՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, նախագահ Վահագն Խաչատուրյանին եւ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին ուղղված բաց նամակում ասվում է.

«Ֆիլմարտադրողների Համահայկական Ֆեդերացիա» ՀԿ խորհրդին հայտնի է դարձել, որ  կինոյի պետական կառավարումը իրականացնող կառույցը՝ «Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ը, խախտելով իր կանոնակարգը, 2024թ.-ի հունվարին, ֆիլմերի ֆինանսավորման առաջին մրցույթով, ծախսել է ՀՀ պետական բյուջեով 2024թ.-ի ֆիլմերի արտադրության համար նախատեսված ամբողջ գումարը։

Կինոկենտրոնը նաեւ պայմանագրեր է կնքել մեկ տասնյակից ավելի կինոարտադրողների հետ՝ ստանձնելով նրանց՝ թվով 12 կինոնախագծերի ֆինանսավորման պարտավորություններ, արդեն 2025թ.-ին նախատեսվող բյուջետային միջոցների հաշվին։

2024թ.-ի՝ ֆիլմերի ֆինանսավորման առաջին մրցույթը ամբողջությամբ արտացոլել է կինոկենտրոնի կառավարման մեջ արմատացած արատավոր բոլոր դրսեւորումները՝ արտոնյալ արտադրողների բազմակի ֆինանսավորումից մինչեւ կինոնախագծերի կրկնաֆինանսավորում։

Հաշվի առնելով այն, որ «Կինեմատոգրաֆիայի մասին ՀՀ Օրենքի» պահանջով, «Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ը ենթակա է լուծարման եւ 2024թ.-ի հունվարին անցկացրած մրցույթը այդ կառույցի կողմից կազմակերպվող վերջին մրցույթն էր, ֆիլմարտադրողների համահայկական ֆեդերացիան հիմքեր ունի կասկածելու, որ կինոկենտրոնը գերազանցել է իր լիազորությունները գիտակցաբար։

Կառույցը կուտակել է պարտքեր, կրկնաֆինանսավորել է ֆիլմեր, վատնել է 2024թ.-ի ողջ բյուջեն, 2025թ.-ի բյուջեի մի մասը, թույլ է տվել կանոնակագի մի շարք կոպիտ խախտումներ, անլուծելի թվացող այս խնդիրների ծանր բեռը թողնելով իր իրավահաջորդի՝ կինոյի պետական կառավարումն իրականացնող նորաստեղծ կառույցի՝ «Հայաստանի կինոյի հիմնադրամի» ուսերին։

Արդյունքում՝ վտանգված է 2024թ.-ին ֆիլմերի ֆինանսավորման երկրորդ մրցույթի անցկացումը՝ ֆիլմերի արադրության համար բյուջետային միջոցների սպառված լինելու պատճառով։ Իսկ դա  նշանակում է, որ երկրորդ մցույթին պատրաստ կինոնախագծերի հեղինակները ստիպված են խզել կամ սառեցնել միջազգային գործըներների հետ կնքված պայմանագրերը, չեղարկել միջազգային հիմնադրամների աջակցության հայտերը, հրաժարվել իրենց արտադրական պլանից։

Տարեկան բյուջեն ժամկետից շուտ ծախսելու հիմնավորմամբ՝ պետական կինոկառույցի կանոնակարգով նախատեսված ֆիլմերի ֆինանսավորման մրցույթի չեղարկումը միջազգային կինոարտադրության մեջ չլսված, բացառիկ նախադեպ է։ Դա ահռելի վնաս կհասցնի հայկական կինոարտադրությանը եւ Հայաստանի համբավին։ Միանգամայն կանխատեսելի է նաեւ կինոյի մասնագիտական կառույցների, ֆոնդերի, պոտենցիալ ներդրողների խիստ բացասական արձագանքը։

«Ֆիլմարտադրողների համահայկական ֆեդերացիա» ՀԿ խորհուրդը դիմում է ՀՀ պատկան մարմիններին կոչով՝ քննարկել այս իրավիճակը եւ հանգուցալուծման ուղիներ գտնել, նաեւ ողջամիտ բացատրություններ պահանջել այս իրավիճակի պատասխանատուներից եւ ապահովել ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից հաստատված, գործող կանոնակարգով ամրագրված,  2024թ.-ի երկրորդ մրցույթի անցկացումը։

Մենք պահանջում ենք՝

Ա) Կինոյի պետական կառույցի գործող կանոնակարգով ամրագրված ժամկետներում կազմակերպել 2024թ.-ի ֆիլմերի ֆինանսավորման երկրորդ  (ամառային) մրցույթի անցկացումը։

Բ)  Ապահովել 2024թ.-ի ֆիլմերի ֆինանսավորման երկրորդ մրցույթի անցկացման համար անհրաժեշտ, 2024թ.-ի ՀՀ պետական բյուջեով կինոնախագծերի ֆինանսավորման համար նախատեսված տարեկան գումարի ոչ պակաս, քան կեսի առկայությունը։

Գ) Զերծ պահել «Կինեմատոգրֆիայի մասին ՀՀ Օրենքի» պահանջով ստեղծված «Հայաստանի Կինոյի հիմնադրամը» իր նախորդի՝ «Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ի թույլ տված խախտումների արդյունքում կուտակած խնդիրներից, որոնք, ձեւավորման վաղ փուլում, կարող են կործանարար լինել նորաստեղծ կառույցի համար», – նշված է փաստաթղթում։

 

 

 

ՀԱՅՈՒՀԻՆ ԱՐԺԱՆԱՑԵԼ Է 1-ԻՆ ՄՐՑԱՆԱԿԻ

Լաուրա Գալստյանը ներկայացրել է Հայաստանը 11-րդ «Ischia» դաշնակահարների միջազգային մրցույթում եւ արժանացել է պատվավոր 1-ին մրցանակի։ Մրցույթը տեղի էր ունենում Իտալիայի Լակկո-Ամենո կոմունայի Վիլլա Արբուստո թանգարանում։

 

Ժյուրիի կազմում էին նշանավոր երաժիշտներ՝  Օրացիո Մայոնեն (ժյուրիի նախագահ), Ալեքսանդր Հինչեւը, Կոնստանտինո Կատենան, Ֆեդերիկա Մոնտին եւ Ֆաբիո Բիանկոն:

Մասնակիցների աշխարհագրությունը լայն էր։ Մասնակիցներ կային Իտալիայից, Հարավային Կորեայից, Ճապոնիայից, Գերմանիայից, Ուկրաինայից, Թուրքիայից եւ այլ երկրներից:

Լաուրան առաջին փուլի իր ծրագրում ներառել էր Սկրյաբինի եւ Շոպենի, իսկ երկրորդ փուլում՝ Բեթհովենի, Բախի եւ Բաբաջանյանի ստեղծագործություններից։ Լաուրային շնորհվել է նաեւ մրցույթի հատուկ մրցանակը, որի շրջանակներում նա մենահամերգով հանդես կգա «Ischia Classica Festival»- ի շրջանակներում։

Լաուրան հանդիսանում է բազմաթիվ միջազգային մրցույթների դափնեկիր։ Վերջերս արժանացել է «Laszlo Spezzaferri» միջազգային երաժշտական մրցույթում 1-ին մրցանակին։ Նաեւ հանդիսանում է «Պիետրո Արջենտոյի» անվան 24-րդ երաժիշտ-կատարողների մրցույթի, «Great Masters՝ Վլադիմիր Հորովից» դաշնակահարների միջազգային մրցույթի, Վիեննայի միջազգային արվեստների փառատոնի, «Մելոս» միջազգային մրցույթների հաղթող։

Նշենք, որ 20-ամյա Լաուրա Գալստյանը սովորում է Մանհայմի (Գերմանիա) երաժշտության եւ կատարողական արվեստների պետական համալսարանում՝ Վոլֆրամ Շմիթ-Լեոնարդիի դասարանում:

2024 թվականի ընթացքում «Weltklassik am Klavier» ընկերության կողմից կազմակերպվել են մի շարք մենահամերգներ Գերմանիայի տարբեր քաղաքներում։

Ինչպես նշում է Լաուրան` «Անչափ ուրախ եւ հպարտ էի, որ կարողացա եւս մեկ անգամ Հայաստանը պատվով ներկայացնել միջազգային հարթակներում։ Մեր հաղթանակները առավել քան կարեւոր են այսօր եւ հուսով եմ, որ դրանք կլինեն շարունակական»։

 

 

ԻՍԼԱՆԴԻԱՅԻ ՊԱՇՏՊԱՆԸ ՏԵՂԱՓՈԽՎԵՑ «ՆՈԱ»

«Նոային» է միացել Իսլանդիայի հավաքականի պաշտպան Գուդմունդուր Թորարինսոնը։ Ֆուտբոլիստը կարիերան սկսել է հայրենի «Սելֆոսում», կարիերայի ընթացքում խաղացել է նորվեգական «Սարսբորգում», «Ռուսենբորգում», շվեդական «Նորչոպինգում», ամերիկյան «Նյու Յորք Սիթիում», դանիական «Օլբորգում»։

Երեւանյան թիմի նորեկը Շվեդիայի բարձրագույն լիգայում անցկացրած 84 խաղում դարձել է 4 գոլի հեղինակ, Նորվեգիայի բարձրագույն լիգայում 8 գոլ է խփել 83 խաղում, 2-ական գոլ է խփել Հունաստանի բարձրագույն լիգայում (44 խաղ) ու MLS-ում (41 խաղ): Իսլանդիայի ազգային հավաքականի կազմում Թորարինսոնն անցկացրել է 15 հանդիպում։ 32-ամյա ֆուտբոլիստը «Նոա» է տեղափոխվել հունական «Կրետեից»։

«Շատ ուրախ եմ «Նոայի» մի մասնիկը դառնալու համար: Կներդնեմ ամբողջ ուժերս, որպեսզի օգնեմ թիմին՝ հասնելու մեր նպատակներին»,-«Նոային» միանալուց հետո ասել է իսլանդացի ֆուտբոլիստը:

 

 

 

ՌՈՆԱԼԴՈՒԻ ՇՈՒՐՋ ԱՌԿԱ ՍԿԱՆԴԱԼԻ ՄԱՍԻՆ

Բրիտանական BBC հեռուստաալիքը հայտարարություն է տարածել Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի շուրջ ծագած սկանդալի վերաբերյալ։

Եվրո-2024-ի 1/8-րդ եզրափակչի՝ Սլովենիայի դեմ Պորտուգալիայի խաղից հետո (0:0,3:0), հեռուստաալիքը ծաղրել է Ռոնալդուին, որը ավելացված ժամանակի առաջին խաղակեսի վերջում չի իրացրել 11 մետրանոցը։ Ֆուտբոլիստի ազգանվան փոխարեն էկրանին է հայտնվել է «Misstiano Penaldo» գրվածքը։

«Վերնագիրն ուղղակի բառախաղ էր, ինչը մենք նախկինում բազմիցս արել ենք մեր Match Of The Day շոուի ժամանակ, ոչ մի վիրավորանք չի եղել։ Մենք մի քանի անգամ դրական ենք արտահայտվել Ռոնալդուի մասին, այդ թվում, երբ Ժոզե Ֆոնտեն կարեւորել է Ռոնալդուի նվիրվածությունը խաղից առաջ մարզումներին՝ ասելով, որ այդ պատճառով նա պատմության լավագույններից մեկն է: Հետխաղյա 11 մետրանոցից հետո Գարի Լինեկերն ու Ալան Շիրերը գովել են Ռոնալդուի խիզախությունն ու հավատը՝ առաջինը հարվածելու համար:

Այնուամենայնիվ, մենք հասկանում ենք, որ որոշ հեռուստադիտողներ դժգոհ են եղել գրվածքից եւ իրենց կարծիքը փոխանցել ենք պրոդյուսերական թիմին՝ օգնելու նրանց առաջ շարժվել»,- BBC-ի ներկայացուցչի խոսքերն է մեջբերում Daily Mail-ը:

Հիշեցնենք, որ Պորտուգալիան Եվրոյի 1/8-րդ եզրափակչում հաղթեց Սլովենիային (0:0, մետրանոցներ՝ 3:0), սակայն մրցաշարի քառորդ եզրափակիչում պարտվեց Ֆրանսիային եւ ավարտեց պայքարը (0:0, 3:5):

 




Լրահոս