ԲԴԽ նիստի ժամանակ ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը հայտնեց, որ Բարձրագույն դատական խորհուրդը որոշում է կայացրել դադարեցնել դատավոր Աննա Դանիբեկյանի լիազորությունները` քննելով արդարադատության նախարարության հարուցած կարգապահական վարույթը։։ Որոշումը ընդունվել է միաձայն։
Նախարարության գնահատմամբ՝ Դանիբեկյանը կոպիտ անփութությամբ խախտել է դատավորի վարքագծի կանոնները, որի հետևանքով ամբաստանյալները, այդ թվում՝ Ռոբերտ Քոչարյանը, ազատվել են պատասխանատվությունից հանցանքի վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով:
«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր․ ««Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ ԲԴԽ-ում տրամադրվածությունն այնպիսին է, որ դատավոր Աննա Դանիբեկյանի լիազորությունները դադարեցվեն, իսկ թե ինչպես կքվեարկեն ԲԴԽ անդամերը, ցույց կտան զարգացումները։
Հիշեցնենք, որ մայիսի 14-ին «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանի դեմ հարուցված կարգապահական վարույթը ուղարկվել է ՀՀ բարձրագույն դատական խորհուրդ. իսկ առիթն այն է, որ մարտի 1-ից, ՀՀ արդարադատության նախարարը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ հարուցված քրեական գործը քննող, Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցել։ Արդյունքում՝ կարգապահական վարույթը հասավ ԲԴԽ, ու այնտեղ էլ այս օրերին որոշվում է դատավորի ճակատագիրը։
Ավելի ուշ Դատական իշխանությունը հաղորդագրություն տարածեց․
«Բարձրագույն դատական խորհուրդն այսօր բավարարեց Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի միջնորդությունը Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությունը։ ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը հրապարակումից առաջ ընդգծեց հետևյալը․
«Նախևառաջ տեղեկացնենք, որ Բարձրագույն դատական խորհրդի կողմից խորհրդակցական սենյակ հեռանալուց հետո ստացվել է դատավոր Աննա Դանիբեկյանի միջնորդությունը` կարգապահական վարույթի ընթացքը վերսկսելու մասին: Դատավոր Աննա Դանիբեկյանն իր դիմումում նշել է, որ սույն թվականի հուլիսի 9-ին կայացած
նիստին Բարձրագույն դատական խորհուրդը չի սպասել իրեն և 5 րոպե ուշացման համար իրեն զրկել է լսված լինելու իրավունքից: Այս խնդիրը մանիպուլյատիվ և մոլորեցնող գլխագրերով շրջանառվել է նաև մի քանի ճանաչված լրատվամիջոցներում: Անաչառ դիտորդի, դատավորի և բոլոր շահագրգիռ անձանց համար Բարձրագույն դատական խորհուրդը հարկ է համարում պարզաբանել, որ խորհուրդը տեղեկացված չէր և չէր կարող ենթադրել, թե դատավորը ուշանալու է 5 րոպե, 50 րոպե, թե ընդհանրապես որոշել է
չներկայանալ: Ցանկացած փուլում նիստին չներկայանալը դատավորի երաշխավորված իրավունքներից է: Դատավոր Աննա Դանիբեկյանը, դատական նիստից առաջ և դրա ընթացքում որևէ անձի միջոցով Բարձրագույն դատական խորհրդին չի զգուշացրել իր բացակայության պատճառների և տևողության մասին:
Հետևաբար, թեև դատարաններում` հատկապես բարձրագույն դատական ատյաններում ուշացումները անընդունելի են, սակայն պատշաճ ծանուցման դեպքում Բարձրագույն դատական խորհուրդը կարող էր հաշվի առնել ուշացման ժամանակահատվածը, պատճառները և որպես բացառություն «սպասել» դատավորին:
Հակառակ պարագայում երբ դատավորը պատշաճ ծանուցված է և առանց որևէ տեղեկացման պարզապես չի ներկայացել, Բարձրագույն դատական խորհրդի պարտականությունն է ապահովել գործի քննության հետագա պատշաճ ընթացքը շարունակելով և ավարտելով դատաքննությունը: Նաև հարկ ենք համարում արձանագրել, որ «լսված լինելու իրավունքը» բացարձակ չէ, ավելին՝ այն ենթադրում է որոշակի գործողություններ կատարելու պարտականություն, ինչպիսիք են` նիստերին պատշաճ ժամանակին ներկայանալը, ներկայացուցիչ ուղարկելը, դիրքորոշման կամ պատասխանի ներկայացումը և այլն:
Չնայած դատավոր Աննա Դանիբեկյանը հնարավորություն է ունեցել կարգապահական վարույթը նախաձեռնելու փուլից ներկայացնել դիրքորոշում կամ պատասխան, սակայն նա դա չի արել որևէ փուլում և չի օգտվել ՀՀ օրենսդրությամբ դատավորին տարբեր փուլերում ընձեռնված՝ «լսված լինելու» հնարավորությունից:
Միաժամանակ կարևոր է արձանագրել, որ դատավոր Աննա Դանիբեկյանը կարգապահական վարույթի ընթացքը վերսկսելու մասին իր միջնորդության մեջ որևէ էական նշանակություն ունեցող հանգամանք կամ որևէ նոր փաստարկ կամ հիմնավորում չի ներառել, որը հիմք կհանդիսանար Խորհրդի համար գործը վերսկսելու համար:
Միակ ըստ էության հիմնավորումը, որ նշված է դատավորի միջնորդության մեջ հետևյալն է.
Արդարադատության նախարարն ու փոխնախարարը «Ֆեյսբուք» սոցիալական հարթակում «հավանումներ» են դրել Դատական դեպարտամենտի կողմից հրապարակված տեսանյութին:
Այս հիմնավորումը գոնե առերևույթ էական նշանակություն չունի տվյալ կարգապահական վարույթի համար և չի կարող հիմք հանդիսանալ գործի քննության վերսկսման համար»:
Այսպիսով՝ ԲԴԽ որոշման համաձայն. «Բարձրագույն դատական խորհուրդը, քննելով Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի միջնորդությունը՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ, որոշեց բավարարել միջնորդությունը: Խորհուրդը միաձայն որոշեց դադարեցնել դատավոր Աննա Դանիբեկյանի լիազորությունները` էական կարգապահական խախտման հիմքով:
Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և վերջնական է»:
Բարձրագույն դատական խորհուրդը հարկ է համարել ընդգծել, որ երկար ձգձգված ու վաղեմության ժամկետի ավարտման հիմքով կարճված Ռոբերտ Քոչարյանի գործը ուներ բացառիկ կարևորություն թե՛ վարույթում ներգրավված անձանց շրջանակի կարգավիճակով, թե՛ նրանց մեղսագրվող արարքների քրեաիրավական բնույթով և ծանրության աստիճանով: Հետևաբար, Դատավոր Դանիբեկյանը պարտավոր էր գիտակցել, որ արդարադատություն է իրականացնում Հայաստանի Հանրապետության դատաիրավական պրակտիկայի պատմության ամենակարևոր գործերից մեկով և պետք է արդյունավետ կազմակերպեր և ողջամիտ ժամկետում իրականացներ արդարադատություն: Դատավարությունը տևել է 4 տարի 4 ամիս, ինչը Խորհրդի համոզմամբ տեղի է ունեցել, քանի որ դատավորը պատշաճ չի կատարել օրենքով իրեն վերապահված պարտականությունները: Մասնավորապես դատավոր Աննա Դանիբեկյանը, չի օգտվել օրենքով նախատեսված գործիքակազմից, չի խափանել միատեսակ միջնորդությունների ներկայացմամբ դրսևորվող իրավունքի չարաշահումը, տարբեր անհարգելի պատճառներով մի շարք դատական նիստերին չներկայանալու վարքագիծը կանխելու համար դատավարական հարկադրանքի համաչափ միջոցներ և սանկցիաներ չի կիրառել: Բացի այդ, դատավորը արդարադատության շահի ապահովման և անհրաժեշտ արդյունավետ քննության համար չի առանձնացրել և առանձին վարույթներով չի քննել մեղադրանքների բնույթով և հանցագործությունների սուբյեկտներով միմյանցից տարբեր գործերը։ Վերը թվարկված անգործության տարբեր դրսևորումներով դատավոր Դանիբեկյանը նպաստել է Ռոբերտ Քոչարյանի գործով օրենքով սահմանված վաղեմության ժամկետի լրանալուն և նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարացնելուն, ինչով իսկ խաթարել է քրեական արդարադատության շահը, նպատակը և բուն էությունը: Դատավոր Դանիբեկյանը այս ամենի ադյունքում մեծապես հեղինակազրկել է դատական իշխանությունը»։