Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, մինչ նախարար դառնալը, 2018 թվականի հեղափոխությունից սկսած եկել էր իշխանության և դարձել էր Ազգային Ժողովի պատգամավոր։ Իսկ մինչ պատգամավոր դառնալը՝ հասարակ դասախոս էր, ով աշխատում էր «Այբ» կրթական հիմնադրամում և ԵՊՀ պատմության ֆակուլտետում։
ԵՊՀ պատմական գիտությունների թեկնածու, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հայտարարագրել է մեկ անհատական բնակելի տուն Արմավիրի մարզի Փարաքար համայնքում, որը ձեռք է բերել 1956 թվականին, սակայն ինքը՝ նախարարը, ծնվել է 1989 թվականին։
Նախարար Մկրտչյանը հայտարարագրել է 2019 թվականին ձեռք բերված 2012 թվականի արտադրության MERCEDES-BENZ մակնիշի տրանսպորտային միջոց։
Բանկային հաշիվների մնացորդները կազմել են 7,8 մլն դրամ, կանխիկ դրամական միջոցները՝ 3,5 մլն դրամ։
Նախարար Նարեկ Մկրտչյանի հաշվետու տարվա եկամուտները կազմել են 81 մլն 793 հազար դրամ, որից 21 մլն 580 հազար դրամն աշխատանքի վարձատրություն է ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։ Եկամուտներից գրեթե 52 մլն դրամը վարկեր են «Արարատ» բանկից և «Ակբա Կրեդիտ Ագրիկոլ» բանկից։
Նախարարը պաշտոնին զուգահեռ շարունակում է իր դասախոսի կարիերան՝ աշխատելով Ամերիկյան համալսարանում և որպես աշխատանքի վարձատրություն ստանում է 3 մլն 269 հազար դրամ։
Նարեկ Մկրտչյանի ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 47 մլն 697 հազար դրամ, որը անշարժ գույքի հիփոթեքի մայր գումարի մնացորդն է, որի համար նախարարը ՀՀ ՊԵԿ-ից ստացել է 4 մլն 84 հազար դրամ եկամուտ, այն եկամտահարկի վերադարձի օրենքով հիփոթեքի մայր գումարի մնացորդը մարելու համար է։
Հայտարարագրից տեղեկանում ենք, որ անշարժ գույքը բնակարան է ձեռք բերված Արսալեդա ՍՊԸ-ից։
Մանրամասները՝ տեսանյութում։
Էմմա Միքայելյան