«Ես միայն մեկ խնդիր ունեմ՝ հաղթել Դոնալդ Թրամփին, ես համոզված եմ, որ դրա համար լավագույն թեկնածուն եմ»․ Բայդեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը առաջին հարցազրույցն է տվել Թրամփի դեմ մահափորձից հետո։ Նա NBC հեռուստաընկերության լրագրողներին ասել է, որ նախկինի պես Թրամփին համարում է ամերիկյան դեմոկրատիայի սպառնալիք, բայց ափսոսանք է հայտնել իր բառերի համար «թիրախի կենտրոնում» նրան վերցնելու մասին, տեղեկացրել է BBC-ն։

Փենսիլվանիայում Թրամփի վիրավորվելուց անմիջապես հետո Բայդենը ուղերձով դիմել է ազգին եւ կոչ արել իջեցնել քաղաքական բանավեճի աստիճանը։

Սակայն մոտ տասը հանրապետականներ քննադատել են նրան Թրամփի մասին արտահայտությունների համար Դեմոկրատական կուսակցության դոնորների հետ հեռախոսազրույցի ժամանակ։

Politico պարբերականի տվյալներով՝ նախագահը մեկնաբանել է Դեմոկրատական կուսակցության բուռն բանավեճը Թրամփին դիմակայելու վերաբերյալ։ 81-ամյա Բայդենի որոշ համախոհներ կասկած են հայտնում նրա մենթալ կարողությունների վերաբերյալ անհաջող բանակռիվներից հետո, որոնց ժամանակ Սպիտակ տան ղեկավարը հոգնած տեսք ուներ։

Politico-ն գրում է, որ դոնորների հետ խոսակցության ժամանակ Բայդենը ասել է հետեւյալը. «Ես միայն մեկ խնդիր ունեմ՝ հաղթել Դոնալդ Թրամփին։ Ես համոզված եմ, որ դրա համար լավագույն թեկնածուն եմ։ Այնպես որ, ժամանակն է դադարեցնել բանավեճերի մասին խոսակցությունները։ Ժամանակն է Թրամփին դնել թիրախի կենտրոնում (նա օգտագործել է անգլերեն bullseye բառը)»։

Բայդենի որոշ հակառակորդներ Հանրապետական կուսակցությունից համարել են, որ այդ բառերը կարող էին մահափորձի դրդապատճառ հանդիսանալ։

NBC-ի հարցազրույցում Բայդենն իր հայտարարությունը «թիրախի» մասին անվանել է սխալ։

NBC-ի հաղորդավար Լեսթեր Հոլթը Բայդենին հարցրել է, թե արդյոք պետք չէ վերանայել որոշ այլ բառեր Թրամփի մասին, այդ թվում «նրանք, որոնք կարող են սադրել անկայուն մարդկանց»։ Ի պատասխան նախագահն ասել է, որ նման հռետորաբանությունը բխում է նրա քաղաքական ընդդիմախոսից։

«Ես նման հռետորաբանություն չեմ օգտագործել։ Իմ ընդդիմախոսն է զբաղվում այդ հռետորաբանությամբ,- նշել է Բայդենը։- Ինչպե՞ս կարելի է խոսել դեմոկրատիայի սպառնալիքի մասին, իսկ այն միանգամայն իրական է, եթե նախագահը նման բաներ է ասում։ Ի՞նչ է, մի՞թե պետք է պարզապես լռել, որովհետեւ դա ինչ-որ մեկին կարող է սադրել»։

«Չէ՞ որ ես չեմ ասել, որ առաջին իսկ օրվանից ես ցանկանում եմ բռնակալ լինել, որ կհրաժարվեմ ճանաչել ընտրությունների արդյունքները»,- ասել է Բայդենը։

«Այդ բառի օգտագոծումը սխալ էր,- ասել է նախագահը։- Բայց ես հո չեմ ասել «նշանառության տակ վերցնել»։ Ես նկատի եմ ունեցել «թիրախի կենտրոնը»։ Պետք է կենտրոնանալ նրա վրա։ Այն բանի վրա, ինչ նա անում է։ Նրա ծրագրի։ Կենտրոնանալ կեղծ հայտարարությունների վրա, որոնք նա արել է բանավեճերի ժամանակ»։




Լրահոս