Էլիտար թշվառները. Սերգո Երիցյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ժամանակին հանրապետության առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի խոսքն` ուղղված «Կարծիք» հաղորդաշարի հեղինակ Սերգո Երիցյանին, թեւավոր դարձավ: Լրագրողի այն հարցին, թե երբ է մեր ժողովուրդը լավ ապրելու, Լ. Տեր-Պետրոսյանը պատասխանել էր. «Սերգո՛ ջան, քանի դեռ Ղարաբաղի հարցը չենք լուծել, վատ ես ապրելու»:

Բայց, ինչպես ցույց տվեց ժամանակը, Տեր-Պետրոսյանը սխալվում էր. Սերգոն ու սերգոներն այսօր ոչ թե լավ, այլ շատ լավ են ապրում: Այն տարիներին մշտապես նախագահի տիկնոջ ստվերում հայտնվող հեռուստալրագրողը որոշեց ինքնուրույն գտնել լավ ապրելու ուղին` չսպասելով Ղարաբաղի հարցի լուծմանը: Ի վերջո, Մոսկվայի Լոմոնոսովի անվան համալսարանի ասպիրանտուրան ավարտած լրագրողը հո միշտ վատ չէ±ր ապրելու: Առանց այն էլ վիճակը լավ չէր. գյուղերում նկարահանումների ժամանակ գյուղացիներն էին նեղում իրենց հարցերով, համալսարանում էլ ժուռնալիստիկայի ամբիոնի վարիչ, ապա դեկան Գառնիկ Անանյանն էր ճնշում: Վերջինս հասավ նրան, որ Սերգոյին հեռացրին համալսարանից:

Ի դեպ, Երիցյանը սովորություն ուներ քննություններն ընդունել ոչ թե դասասենյակում, այլ ռադիոյի շենքում գտնվող սեփական աշխատասենյակում` ավելորդ աչքերից հեռու:

Արդյունքում, զրկվելով գոնե քննությունից քննություն լավ ապրելու հնարավորությունից` Երիցյանի միակ հույսը մնաց Սերժ Սարգսյանի ստեղծած «Օրինաց երկիր» կուսակցությունը, որի անդամ տղերքը նույնպես ուզում էին լավ ապրել: 2003-ին Սերգո Երիցյանն ՕԵԿ ցուցակով ԱԺ պատգամավոր դարձավ, ապա նշանակվեց ՀՀ կրթության եւ գիտության նախարար: Լուսավորչական մեծ ու պոպուլիստական ծրագրերով ասպարեզ եկած կուսակցությունը հենց Սերգոյին տեսավ նախարարի պաշտոնում, մանավանդ, որ նա այդ ժամանակ արդեն գիտությունների թեկնածու էր. իր մտերիմ բարեկամ, Հյուսիսային համալսարանի ռեկտոր Բորիս Մակիչյանի աջակցությամբ հաջողացրել էր մի քանի բրոշյուր տպագրել:

Նախարարի պաշտոնում Սերգոյի առաջին գործը եղավ այն, որ սկսեց զբաղվել Բոլոնիայի համաձայնագրին միանալու եւ Հանրակրթության պետական կրթակարգի ներդրման քարոզչությամբ: Թեեւ հանրային քննարկումների ժամանակ մանկավարժները քննադատում էին կրթակարգը, նախարար Երիցյանը համոզում էր քվեարկել դրա օգտին, քանի որ կրթակարգի ներդրման համար համաշխարհային բանկը մոտ 60 միլիոն դոլար էր տալու: Ոչ ոք չհարցրեց, թե ինչպես ծախսվեց այդ գումարը, մանավանդ, որ ծախսելու պարտականությունները հետագայում ստանձնեց դաշնակցական Լեւոն Մկրտչյանը:

Ինչեւէ, նախարար Երիցյանի բախտը 2003, 2004 եւ 2005 թվականներին բերեց. «փայլուն» անցան ընդունելության քննությունները, բոլոր տարածքային ընդունող հանձնաժողովների նախագահներ դարձան ՕԵԿ անդամները: Անգամ Շիրակի մարզային հանձնաժողովի նախագահ նշանակվեց այդ ժամանակ ընդամենը քոլեջի տնօրեն Անդրանիկ Ավետիսյանը:

Սերգո Երիցյանի հաջորդ գործն այն էր, որ որոշեց անպայման դոկտոր դառնալ` պաշտպանության ներկայացնելով «Հեռուստատեսություն. գործառույթները, զարգացման միտումները եւ հեռանկարները» թեմայով ատենախոսությունը, որը, մասնագետների գնահատմամբ, ընդամենը մեթոդական ձեռնարկ էր: Իր ատենախոսության պաշտպանությունն ապահովելու համար նախարար Երիցյանը, խախտելով աստիճանաշնորհման խորհրդի ձեւավորման կարգը, ստեղծեց 058 մասնագիտական խորհուրդը, որի գոյությունն ապօրինի էր, քանի որ բացակայում էին համապատասխան քանակությամբ դոկտորներ:

Իսկ դրանից հետո արդեն Սերգոն սկսեց կառուցել մի առանձնատուն, որի շուկայական գինն անցնում է մեկ միլիոն դոլարից, մի քանի տարածքներ ձեռք բերեց մայրաքաղաքում:

«Եռանդուն» գործունեություն ծավալելով` նախարար Երիցյանը 10-ից ավելի միջազգային ծրագրերում ընդգրկվեց, դարձավ դրանցից մի քանիսի ղեկավարը. դե՛, մարդուն փող էր պետք, տուն էր կառուցում:

Նա չմոռացավ իր համերկրացի Բորիս Մակիչյանի` ժամանակին իրեն արված լավություններն ու նրա տղային առանց մրցույթի նշանակեց Լիցենզավորման եւ հավատարմագրման վարչության պետ: Հետո արդեն ՀՀ վերահսկիչ պալատը բացահայտեց, որ այստեղ դրամաշորթության բազմաթիվ փաստեր են արձանագրվել, կեղծ հավաստագրեր են տրվել, որոշ ուսումնական հաստատությունների թույլատրվել է ունենալ այնպիսի մասնագիտությունների գծով բաժիններ, որոնք նախատեսված չեն եղել:

Այսպես, 2004-ին հավատարմագիր է ստացել Գյումրու պետական ճարտարագիտական քոլեջը` մենեջմենթ, բանկային գործ, սոցիալական ապահովության կազմակերպում, հագուստի մոդելավորում մասնագիտությունների համար, դրանից մեկ տարի առաջ` 2003-ին, Վանաձորի Թեւոսյանի անվան պոլիտեխնիկական քոլեջում հավատարմագրվել են հայոց եւ օտար լեզուներ, նախադպրոցական կրթություն, էկոնոմիկա, հաշվապահություն, հաշվապահական հաշվառում, թարգմանություն եւ մաքսավորում մասնագիտությունները: Ուշադրություն դարձրեք` պոլիտեխնիկական քոլեջ եւ նախադպրոցական կրթություն … Դե, սա էլ նախարարի գիտական ներդրումն էր: Չէ՞ որ մարդը Հայաստանում հեռուստատեսության ասպարեզի առաջին դոկտորն էր:

Երբ «Օրինաց երկիրն» իրեն ընդդիմադիր հռչակեց, Սերգո Երիցյանը չուզեց լքել նախարարի պաշտոնը: Նա չէր կարծում, որ հանուն քաղաքական խաղի` Արթուր Բաղդասարյանը պատրաստ էր շատ բան զոհել: Նա ուզեց մնալ նախարարի պաշտոնում, բայց Դաշնակցությունը թույլ չէր տա, որ նոր ընդունելության քննությունների շեմին կուսակցությունն անմասն մնար ՙառատության եղջյուրից՚ թափվող միջոցներից: Ուստի, Սերգո Երիցյանը տեղափոխվեց նախագահական նստավայր` որպես խորհրդական: Թե ինչ խորհուրդներ նա տվեց Ռոբերտ Քոչարյանին, ոչ ոք չիմացավ: Երեւի սովորեցնում էր լավ ապրելու ձեւերը…

ՆԱՐԵԿ ԼԵՎՈՆՅԱՆ




Լրահոս