Մալթացի քաղաքական գործիչ Ռոբերտա Մեցոլան երկրորդ ժամկետով ընտրվել է Եվրախորհրդարանի նախագահ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ քվեարկությունը տեղի է ունեցել ընտրություններից հետո կայացած Եվրախորհրդարանի առաջին նիստում։
Մեցոլան ստացել է բացարձակ մեծամասնություն․ նրա օգտին է քվեարկել 699 եվրապատգամավորներից 562-ը։ Մեցոլայի մրցակիցը եղել է Իսպանիայից ԵԽ պատգամավոր, իսպանական «Պոդեմոս» («Մենք կարող ենք») ձախակողմյան կուսակցության անդամ Իրենե Մոնտերոն։
Քվեարկությունից հետո իր ելույթում Եվրախորհրդարանի նախագահը պատգամավորներին կոչ է արել միավորվել և «աշխատել բոլորի համար Եվրոպա ստեղծելու նպատակով»։
Մասնագիտությամբ իրավաբան Մեցոլան ստացել է իրավագիտության դոկտորի աստիճան Մալթայի համալսարանում։ Իր ամբողջ կարիերան նա կառուցել է եվրոպական քաղաքականության ոլորտում։ Նա աշխատել է Բրյուսելում ԵՄ կենտրոնակայանին կից Մալթայի ներկայացուցչությունում, երեք անգամ իր թեկնածությունն է առաջադրել է Եվրախորհրդարանի ընտրություններում և 2013 թվականին կարողացել է պատգամավորական մանդատ ստանալ։ 2020 թվականին նա ընտրվել է Եվրախորհրդարանի առաջին փոխնախագահ, իսկ 2022 թվականին՝ 42 տարեկանում, դարձել է Եվրախորհրդարանի ամենաերիտասարդ նախագահը կառույցի ամբողջ պատմության ընթացքում: