Հանրային հեռուստաընկերության «Առաջին ալիքի» լուրերի եթերում հեռարձակված «Վարչապետի տիկին Աննա Հակոբյանի անակնկալը Գյումրիի «Երեխաների տուն» մանկատան սաներին» վերնագրով ռեպորտաժի վերաբերյալ իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանի բողոքի կապակցությամբ
Ա․ ՓԱՍՏԵՐ
• 2024թ․ հունիսի 4-ին ԶԼՄ-ների Դիտորդ մարմին է դիմել իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը՝ պնդելով, որ մայիսի 2-ին Հանրային հեռուստաընկերության Առաջին ալիքի
«Լուրերի» թողարկման ժամանակ հեռարձակված եւ YouTube պորտալում «Վարչապետի տիկին Աննա Հակոբյանի
անակնկալը Գյումրիի «Երեխաների տուն» մանկատան սաներին» վերնագրի ներքո տեղադրված ռեպորտաժը ոչ զգայուն է երեխաների իրավունքների նկատմամբ, չի բխում երեխայի լավագույն շահից: Նյութը պատմում է վարչապետի տիկին Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ Գյումրիի
«Երեխաների տուն» մանկատան հատուկ խնամքի տակ գտնվող սաների՝ Երեւանի կենդանաբանական այգի այցելության մասին։ Ըստ բողոքի՝ «նյութն ուղղված է վարչապետի տիկնոջ գովերգմանը՝ խոցելի խմբի երեխաներին ցույց տալու միջոցով»։ «Երեխաների խոցելիությունն ի ցույց է դրվում անթաքույց, առանց դեմքը ծածկելու, խոշոր պլանով: Նման տեսանյութերը կրկնակի խոցելի են դարձնում արդեն իսկ խնդրային վիճակում գտնվող երեխաներին․ նախ՝ ինչու պետք է մանկատան երեխաներին թիրախավորել, հետագայում բարդացնելով նրանց սոցիալականացման
գործընթացը, ինչպես նաեւ ի ցույց դնել երեխաների առողջական խնդիրները՝ բաց դեմքերով: Ընդհանրապես, այժմ նույնիսկ միջազգային հեղինակավոր դոկումենտալիստներն են ծածկում երեխաների դեմքերը, երբ նկարահանումներ են կատարում անգամ օտար երկրներում, իսկ մեր Հանրային հեռուստատեսությունը բաց դեմքով ցուցադրում է երեխաներին՝ որպես քաղաքական գործչի կնոջ գործունեության լուսաբանման տեսարան», – ասվում է Զարուհի Հովհաննիսյանի բողոքում։
• Քննության առնելով դիմումը՝ Դիտորդ մարմինը դիմել է
Հանրային հեռուստաընկերության տնօրինությանը՝ տեղեկացնելով բողոքի մասին եւ ակնկալելով դիրքորոշում դիմումի վերաբերյալ։ Ի պատասխան՝ Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը տեղեկացրել է, որ խնդրո առարկա նյութի նկարահանման համար միջոցառման կազմակերպիչները, հետեւելով օրենսդրության պահանջին, նախօրոք ստացել են երեխաների օրինական ներկայացուցիչների եւ մանկատան ղեկավարի համաձայնությունը:
Բ․ ԻՐԱՎԱԿԱՆ ԵՎ ԷԹԻԿԱԿԱՆ ՆՈՐՄԵՐ
I. ՀՀ Սահմանադրություն Հոդված 37. Երեխայի իրավունքները
2. Երեխային վերաբերող հարցերում երեխայի շահերը պետք է առաջնահերթ ուշադրության արժանանան:
4. Առանց ծնողական խնամքի մնացած երեխաները պետության հոգածության եւ պաշտպանության ներքո են:
II. «Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենք Հոդված 25, 4-րդ պարբերություն
Մանկատանը գտնվող կամ տեղավորված եւ խնամակալի կարիք ունեցող, առանց ծնողական խնամքի մնացած երեխայի խնամակալի պարտականությունները, ինչպես նաեւ այդ երեխայի իրավունքների եւ օրինական շահերի պաշտպանությունն իրականացնում է մանկատան ղեկավարը:
III. «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենք Հոդված 9, մաս 9
Տվյալների սուբյեկտի անգործունակության կամ սահմանափակ գործունակության կամ մինչեւ 16 տարեկան անչափահաս լինելու դեպքում նրա անձնական տվյալները մշակելու համար
համաձայնություն է տալիս տվյալների սուբյեկտի օրինական ներկայացուցիչը:
IV. Հայաստանի լրատվամիջոցների եւ լրագրողների էթիկական սկզբունքների կանոնագիր
Խմբագրությունն ու լրագրողը պարտավոր են
4.3. Առանձնապես նրբանկատ լինել, երբ տեղեկության աղբյուրները կամ հրապարակումների հերոսները երեխաներ, անչափահասներ են […]։
4.4. Երեխաներին վերաբերող կամ նրանց մասնակցությամբ նյութեր պատրաստելիս առաջնորդվել ՅՈՒՆԻՍԵՖ-ի մեդիա խմբի մշակած՝
«Երեխաների մասին նյութեր պատրաստելու լրագրողական էթիկան» փաստաթղթով։
4.5. Երեխայից հարցազրույց վերցնելուց, տեսանկարահանելուց, լուսանկարը կամ նրան վերաբերող փաստական նյութեր հրապարակելուց առաջ ստանալ երեխայի եւ նրա համար պատասխանատու անձի համաձայնությունը, ցանկալի է՝ գրավոր եւ անպայման երեխային հասկանալի լեզվով։ Համաձայնությունը պետք է լինի ինքնակամ, եւ բացառվի պարտադրանքի որեւէ ձեւ:
V. «Երեխաների մասին նյութեր պատրաստելու լրագրողական էթիկան» ՅՈՒՆԻՍԵՖ-ի ուղեցույց
Երեխաների մասին ռեպորտաժներ պատրաստելու սկզբունքներ Որոշ դեպքերում երեխայի անունը եւ/կամ լուսանկարը հրապարակելը թույլատրելի եւ նույնիսկ անհրաժեշտ է, ․․․ երբ
երեխան մասնակցում է սոցիալական այս կամ այն ծրագրին, եւ ինքն է ուզում ներկայանալ որպես այդ ծրագրի մասնակից։
VI. Երեխաներին վերաբերող հարցերը լուսաբանելու մասին ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի հրապարակած ձեռնարկ
․․․Սոցիալական խնդրի վրա ուշադրություն հրավիրելը չպետք է իրականացվի հաշմանդամություն ունեցող երեխաներին անարդար անհավասարության մեջ դնելով, զգացմունքային լեզվով այդ
երեխաների նկատմամբ խղճահարություն առաջացնելու միջոցով:
Գ․ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
Հայաստանի ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմինը, քննելով Զարուհի Հովհաննիսյանի դիմումը, ուսումնասիրելով խնդրո առարկա տեսանյութը եւ պարզաբանումներ ստանալով Հանրային հեռուստաընկերությունից, արձանագրում է, որ՝
• Ռեպորտաժը պատրաստելուց առաջ լրագրողը/ լրատվամիջոցը ստացել է երեխաների խնամակալի, տվյալ դեպքում՝ հաստատության ղեկավարի համաձայնությունը։
• Տեսանյութում պարզորոշ ի ցույց են դրվում երեխաների առողջական վիճակը եւ առանձնահատկությունները։ Դա կարող էր արվել ներառականության սկզբունքին եւ հասարակության մեջ երեխաների ինտեգրման նպատակին համապատասխան։ Սակայն, թեեւ տեսանյութում պատմվում է երեխաների դրական զգացմունքների, իրականացված ցանկությունների մասին, իսկ լրագրողի օգտագործած բառապաշարում չկան խտրական կամ վիրավորական ձեւակերպումներ, այդուհանդերձ, ռեպորտաժում առկա են երեխաների անօգնականությունն ու խոցելիությունը (ինքնուրույն ուտելու, ինքնուրույն տեղաշարժվելու անկարողությունը) ի ցույց դնող կադրեր, ինչը համահունչ չէ երեխայի լավագույն շահի պաշտպանության սկզբունքին եւ հակասում է Կանոնագրի 4.3. կետով սահմանված պարտավորությանը։
• Ինչ վերաբերում է ռեպորտաժում վարչապետի տիկին Աննա Հակոբյանի չափազանց ներկայության խնդրին, ապա ԴՄ-ն հորդորում է լրատվամիջոցներին, մասնավորապես Հանրային հեռուստաընկերությանը՝ հանրային գործիչների
մասնակցությամբ բարեգործական կամ սոցիալական ակցիաներն ու միջոցառումները լուսաբանել այնպես, որ
հանրային գործչի ներկայությունը չգերադասվի, եւ չխամրեցվի ակցիայի բուն սոցիալական նշանակությունը։ Այլապես, ողջամիտ տպավորություն է ստեղծվում, որ լրագրողական նյութը ոչ թե հատուկ խնամքի կարիք ունեցող երեխաների մասին է, այլ հանրային գործչի (տվյալ դեպքում՝ վարչապետի տիկնոջ) գործունեության գովերգման։
• Դիտորդ մարմինը հորդորում է Հարային հեռուստաընկերությանը եւ բոլոր լրատվամիջոցներին՝ խոցելի վիճակում գտնվող երեխաների մասին նյութեր պատրաստելիս հնարավորինս խորհրդակցել ՄԻՊ գրասենյակի եւ երեխաների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող
կազմակերպությունների հետ եւ հետեւել համապատասխան ուղեցույցներին։
Դիտորդ մարմինը հիշեցնում է, որ Կանոնագիրը ստորագրած լրատվամիջոցներն ընդունում են ԴՄ իրավասությունը՝ քննելու իրենց գործողությունների ու հրապարակումների համապատասխանությունն այդ Կանոնագրի դրույթներին, եւ պատրաստակամություն են հայտնում Դիտորդ մարմնի
եզրակացության՝ խախտմանը վերաբերող հատվածներն առանց մեկնաբանությունների հրապարակել իրենց լրատվամիջոցներում եւ այդ մասին տեղեկացնել ԴՄ-ին՝ կցելով հրապարակման հղումը:
Ընդունվել է 2024 թ. հուլիսի 16-ին, ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմնի հետեւյալ կազմով՝
Գնել ՆԱԼԲԱՆԴՅԱՆ
«Նյումեգ» հրատարակչության գլխավոր խմբագիր
Ռուբեն ԲԱԲԱՅԱՆ ռեժիսոր, Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի
պրոֆեսոր Բորիս ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
Երեւանի մամուլի ակումբի պատվավոր նախագահ
Դավիթ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ
«Մեդիամաքս» լրատվական գործակալության գլխավոր խմբագիր
Վիգեն ՍԱՐԳՍՅԱՆ Երեւանի մամուլի ակումբի մասնագիտական էթիկայի
հանձնաժողովի նախագահ Լեւոն ԲԱՐՍԵՂՅԱՆ
Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ
Արսեն ԽԱՌԱՏՅԱՆ
«Ալիք Մեդիա» լրատվական-վերլուծական կայքի հիմնադիր
Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
«Ռեգիոնս TV» կայքի տնօրեն Նարինե ԱՎԵՏԻՍՅԱՆ
Վանաձորի «Լոռի» ՀԸ գործադիր տնօրեն
ԱՐԱ ՂԱԶԱՐՅԱՆ
Իրավաբան Աշոտ ՄԵԼԻՔՅԱՆ
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ
Նունե ՍԱՐԳՍՅԱՆ Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի գործադիր տնօրեն
Անժելա ՍՏԵՓԱՆՅԱՆ Արմավիրի «ԱԼՏ» հեռուստաընկերության խմբագիր
ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմինը ձեւավորել են ինքնակարգավորման նախաձեռնությանը միացած լրատվամիջոցները, որոնք այս պահին 82-ն են: ԴՄ-ն ղեկավարվում է Հայաստանի լրատվամիջոցների եւ լրագրողների էթիկական սկզբունքների Կանոնագրով, որն ընդունվել է 2007 թվականի մարտի 10-ին, վերախմբագրվել՝ ինքնակարգավորման նախաձեռնության։