Ուկրաինայում տիրող իրավիճակի վերաբերյալ ԵՄ անդամների կարծիքները սկսել են տարբերվել, ասել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։
«Մենք շատ համախմբված էինք Ուկրաինայում պատերազմի ժամանակ: Հիմա սկսում են ի հայտ գալ տարաձայնություններ, և դուք տեսաք Հունգարիայի դիրքորոշումը, բայց մինչ այժմ մենք շատ միասնական ենք եղել», – ասել է նա իսպանական TVE հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:
Միևնույն ժամանակ Բորելը հավելել է, որ ԵՄ-ի նման համախմբվածություն չի եղել Մերձավոր Արևելքի հակամարտության առնչությամբ։ Անդրադառնալով Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի՝ տարբեր երկրներ, այդ թվում՝ Ռուսաստան վերջին այցերին, ԵՄ դիվանագիտության ղեկավարն ասել է, որ «Եվրոպայում արտաքին քաղաքականությունը անդամ երկրների իրավասությունն է»։
«Եթե Հունգարիան որպես անկախ ինքնիշխան երկիր, ցանկանում է գնալ և տեսնել ում ուզում է, դա նրա իրավունքն է, քանի դեռ դեմ չի գնում այն քաղաքականությանը, որն ընդունված է որպես ընդհանուր քաղաքականություն», – հավելել է Բորելը։