ԱՄՆ դատարանը սենատոր Մենենդեսին մեղավոր է ճանաչել կոռուպցիայի գործով բոլոր մեղադրանքներում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ երդվյալ ատենակալները դեմոկրատ սենատոր Ռոբերտ Մենենդեսին մեղավոր են ճանաչել կոռուպցիայի գործով բոլոր մեղադրանքներում:

Ընդհանուր առմամբ նրան սպառնում է 22 տարվա ազատազրկում։ Ինքը՝ Մենենդեսը, չի ընդունել մեղքը և ասել է, որ մտադիր է բողոքարկել։ Դատարանը սենատորի գործով վերջնական վճիռը կհրապարակի հոկտեմբերի 29-ին։

70-ամյա Ռոբերտ Մենենդեսը մեղավոր է ճանաչվել 16 հոդվածով, այդ թվում՝ կաշառակերություն, շորթում, խարդախություն, արդարադատության խոչընդոտում և որպես օտարերկրյա գործակալ հանդես գալը, հաղորդում է CNN-ը:

Սենատորն ասել է, որ խորապես հիասթափված է ատենակալների որոշումից:

«Ես վստահ եմ, որ մենք հաջողության կհասնենք բողոքարկման ժամանակ: Ես երբեք օտարերկրյա գործակալ չեմ եղել, այս որոշումը վտանգի տակ կդնի ԱՄՆ Սենատի յուրաքանչյուր անդամի այն հարցը, թե ով կարող է համարվել օտարերկրյա գործակալ»,- ասել է Մենենդեսը:

Բացի Ռոբերտ Մենենդեսից, երդվյալ ատենակալները մեղավոր են ճանաչել Նյու Ջերսիից ևս երկու գործարարների՝ Վաել Խանին և Ֆրեդ Դայբսին։ Նրանք, ըստ հետաքննության, ներգրավված են եղել սենատորի կոռուպցիոն սխեմայի մեջ։ Գործում ներգրավված է նաև նրա կինը՝ Նադին Մենենդեսը։ Դատարանը անորոշ ժամանակով հետաձգել է տիկին Մենենդեսի նիստը, երբ նրա մոտ կրծքագեղձի քաղցկեղ է ախտորոշվել: Սենատորի կինը նույնպես իրեն մեղավոր չի ճանաչում։

Մեղադրող կողմը պնդում է, որ Մենենդես ամուսինները Եգիպտոսի և Կատարի կառավարությունների շահերը լոբբինգ անելու դիմաց ստացել են կանխիկ գումար, ոսկու ձուլակտորներ, ավտոմեքենա և «այլ թանկարժեք իրեր»: 2022 թվականի հունվարից մինչև 2023 թվականի սեպտեմբեր հետաքննության ընթացքում սենատորի տանը խուզարկությունների ժամանակ հայտնաբերվել է 13 ոսկու ձուլակտոր և 480 հազար դոլար կանխիկ գումար։ Դատախազները կարծում են, որ Մենենդես զույգը ապօրինի գործունեությամբ է զբաղվել 2018 թվականից:




Լրահոս