Նմուշներ են վերցվել, դրանք տարվել են լաբորատոր փորձաքննության. ինչ է մեկնաբանում ՍԱՏՄ-ը՝ թունավորում ստացած ընտանիքի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 6-ին՝ Գորիսում, թունավորվել էին 7 հոգանոց ընտանիքի բոլոր անդամները, 4-ամյա երեխան մահացել էր:

Առողջապահության նախարարությունից ավելի ուշ հայտնեցին, որ 7 հոգանոց ընտանիք է` 5 երեխա, հայրը և մայրը։ Նրանցից մեկը` 4-ամյա փոքրիկը, արդեն «կլինիկական մահ» ախտորոշմամբ է հիվանդանոց ընդունվել, 9-ամյա երեխան ռեանիմոբիլով տեղափոխվել է Երևան` սկզբում «Սբ. Աստվածամայր» ԲԿ, ապա «Մուրացան» համալսարանական հիվանդանոց։

Երեկ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հայտարարություն տարածեց, որում գրված է՝ լաբորատոր հետազոտության են հանձնվել ռուսական արտադրության սառեցված հավի սրունք, հավի մսով կոտլետ, կրակովսկի տեսակի երշիկ և ռուսական արտադրության ցորենի ալյուր սննդատեսակները:

Համաձայն փորձաքննության արդյունքների՝ բրոյլեր տեսակի սառեցված հավի սրունքի նմուշում հայտնաբերվել են ախտածին ա/թ սալմոնելաներ (արտադրող և մատակարար՝ «ՍՊԿ Կուրնիկով» ՍՊԸ, Սարատովի թռչնակոմբինատ, արտադրված 10.04.2024թ, պիտանիության ժամկետը՝ 10.01.2025թ.), իսկ «Հոմ ֆուդ» ապրանքանիշի հավի մսով կոտլետը ՄԱՖԱնՄՔ (մեզոֆիլ աէրոբ և ֆակուլտատիվ անաէրոբ մանրէներ) ցուցանիշով չի համապատասխանել ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգի պահանջներին (արտադրող՝ Ա/Ձ Սամսոն Ավագյան, Սյունիքի մարզ, արտադրված 25.05.2024թ, պիտանիության ժամկետը 120 օր):
Այսօր ArmLur.am-ի հետ զրույցում ՍԱՏՄ իրազեկման բաժնի պետ Անուշ Հարությունյանը ասաց՝ «հայտարարությունից ավել բան չեմ կարող ասել, միայն պիտի ասեմ, որ հենց նույն օրը, երբ եղել է ահազանգը, այդ նույն օրն էլ ընտանիքի անդամներից ճշտվել ենք, թե ինչ մթերք են գնել, այդ նույն մթերքը, որտեղից են գնել իրենց մատնանշած խանութներից, արվել է գնում»։
Նրա խոսքով՝ նմուշներ են վերցվել, դրանք տարվել են լաբորատոր փորձաքննության, որոնց արդյունքները հրապարակվել է:
Էմմա Մարտիրոսյան




Լրահոս