Ծանոթացան մարզերում ցրտահարության դեմ միջոցառումներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի աշխատանքային օրը սկսվել է մարզերում, ուր նա ծանոթացել է սպասվող ցրտահարությունների դեմ կանխարգելիչ միջոցառումների կազմակերպման ընթացքին: Այս մասին հայտնում են ՀՀ գյուղատնտեսության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից։

Հաղորդագրության մեջ ասվում է, որ Արմավիրի մարզում նախարարը մարզպետ Աշոտ Ղահրամանյանի հետ մարզպետարանում հանդիպել է մարզի համայնքապետերին, ներկայացրել իրավիճակն ու մասնագետների խորհուրդները, հորդորելով ակտիվորեն համակարգել գյուղացիների կողմից վերջիններիս իրականացման աշխատանքները:

«Այսօր, ինչքան հնարավոր է, մեր հանդիպումը կարճ կտևի, որովհետև այգիներում, ջերմոցներում և դաշտերում ձեզ ավելի կարևոր և հրատապ աշխատանք է սպասում: Պետք է օգտագործել յուրաքանչյուր պահն ու հնարավորությունը բերքի կորուստներ թույլ չտալու համար: Եվ ինչպես նախորդ տարիներին, այս անգամ նույնպես, մինչև վերջ մենք ձեզ հետ ենք լինելու»,-ասել է նախարարը:

Ճանապարհին նախարարը մտել է Մրգաշատ գյուղի ծիրանի այգիներից մեկը, ծանոթացել ցրտահարության դեմ տարվող միջոցառումներին և խորհուրդ տվել այգում գտնվող գյուղացիներին շարունակել աշխատանքը հնարավոր վնասներից խուսափելու համար:

«Մեկ-երկու օրվա անքուն գիշերներն անպայման կտան իրենց արդյունքները: Հավատացեք, որ թե՛ ես, թե՛ նախարարության ողջ կազմը, թե՛ մարզպետարանն այդ մի քանի գիշերների ընթացքում ձեզ հետ ենք լինելու»,- նշել է նա:

Այնուհետև նախարարն այցելել է Արարատի մարզ, մարզպետարանում մարզպետ Արամայիս Գրիգորյանի հետ հանդիպել է մարզի համայնքապետերին. հորդորել արդյունավետորեն և նպատակային օգտագործել վտանգը չեզոքացնելու բոլոր հնարավորությունները:

Հիշեցնելով նախորդ տարիների, մասնավորապես անցյալ տարվա փորձը, երբ մասնագետների խորհուրդներին ժամանակին և ճիշտ արձագանքելու շնորհիվ, գյուղացիները կարողացան ոչ միայն հաղթահարել վտանգը,այլև ապահովել վերամշակման և արտահանման աննախադեպ ծավալներ, նախարարը մասնավորապես ասել է. «Երեկ մեր մասնագետների կողմից տարածված հրատապ հաղորդագրությամբ գյուղացիներին առաջարկվող պայքարի միջոցները ավանդական են: Իսկ գյուղացիները մեզանից ավելի լավ գիտեն, թե ինչը ինչպես պետք է անել: Մենք միայն պետք է ժամանակին հիշեցնենք այդ մասին, համակարգենք այդ աշխատանքները և հարկ եղած դեպքում ձեռք մեկնենք գյուղացուն»:

Նախարարից բացի, այսօր մարզեր են այցելել նաև գյուղատնտեսության նախարարության այլ պատասխանատուներ ու մասնագետներ: Նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը եղել է Վայոց Ձորում, մյուս տեղակալ Սամվել Գալստյանը՝ Արագածոտնի մարզում: Մարզպետարաններում համայնքապետերի հետ կայացած հանդիպումների ընթացքում, նրանք ներկայացրել են իրավիճակը, ծանոթացրել մասնագիտական խորհրդատվությանը:

Մոբիլիզացիոն վիճակը շարունակվել է նաև մյուս մարզերում, ուր ԳԱՄԿ-երի ներկայացուցիչներն ու մասնագետներն ակտիվորեն տեղեկացրել են սպասվող ցրտահարությունների մասին, տվել մասնագիտական խորհրդատվություն:




Լրահոս