ՀՀ ԶՈւ պատրաստության պլանի համաձայն` մարտի 24-ից 27-ը ՀՀ ՊՆ վարչական համալիրում անկացվել է ՀՀ զինված ուժերի ղեկավար կազմի օպերատիվ հավաքը:
Ռազմավարության և օպերատիվ արվեստի բնագավառներում օպերատիվ շտաբների սպաների գիտելիքների և ունակությունների բարձրացմանն ու կատարելագործմանը միտված հավաքին ներգրավված էին ՀՀ ՊՆ, ԶՈւ և ԶՈւ ԳՇ ղեկավար կազմը, բանակային զորամիավորումների և զորամասերի հրամանատարներ, ինչպես նաև ՀՀ ԱԱԾ սահմանապահ և ՀՀ ոստիկանության ներքին զորքերի հրամանատարական կազմը:
Հավաքի ընթացքում դասախոսություններով հանդես են եկել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալներ Դավիթ Տոնոյանը, Արա Նազարյանը և Ալիկ Միրզաբեկյանը:
Դասախոսությունները վերաբերել են տարածաշրջանային ռազմաքաղաքական իրավիճակին և տարածաշրջանային անվտանգությանը, ներքին և արտաքին քաղաքականության ոլորտներին, ռազմավարական զարգացման խնդիրներին, պաշտպանության ռազմավարական վերանայման արդյունքներին ու պաշտպանական բարեփոխումների ընթացքին, սպառազինության և ռազմական տեխնիկայի արդիականացմանը, ԶՈւ հրամանատարական կազմի և զինվորական իրավապահ մարմինների համագործակցությանը, այլ թեմաների:
Օպերատիվ հավաքն ուղեկցվել է կլոր սեղան-քննարկումներով, որի ընթացքում քննարկվել են պաշտպանական ոլորտին և երկրի անվտանգության ապահովման խնդիրներին առնչվող մի շարք հարցեր:
Հավաքի շրջանակում ձևավորվել են նաև միասնական տեսակետներ, պատկերացումներ ու մոտեցումներ զորքերը մարտական պատրաստության բարձր աստիճանի բերելու, ծավալելու, հիմնավորված որոշումներ ընդունելու, մարտական գործողություններ պլանավորելու, ուսուցումն ու դաստիարակչական աշխատանքները կազմակերպելու գործում:
Մարտի 25-ին օպերատիվ հավաքին ներգրավված անձնակազմը եղել է ՀՀ ՊՆ Մարշալ Բաղրամյանի անվան զորավարժարանում: Օպերատիվ հավաքի անցկացման պլանի համաձայն, հավաքի մասնակիցների հետ, ըստ մասնագիտական խմբերի և ենթախմբերի, անցկացվել են գործնական և ցուցադրական պարապմունքներ, կրակային պատրաստության վարժանքներ: Ցուցադրական պարապմունքների շրջանակում հավաքի մասնակիցները ծանոթացել են հատուկ սպառազինության, ռազմական տեխնիկայի, կապի ժամանակակից միջոցների մի շարք նմուշների, դրանց կիրառման և գործարկման ձևերին ու հնարավորություններին:
Զորավարժարանում տեղի է ունեցել նաև «Ականանետային մարտկոցով ուժեղացված մոտոհրաձգային գումարտակի գործողությունները մոտոհրաձգային գնդի պաշտպանական մարտում» թեմայով վարժանք` մարտական հրաձգությամբ:
ՀՀ զինված ուժերի ղեկավար կազմի օպերատիվ հավաքի արդյունքներն ամփոփվել են մարտի 27-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում:
Իր զեկույցում ներկայացնելով արձանագրված արդյունքներն ու մատնանշելով հավաքի առավել ակտիվ մասնակիցներին` ՀՀ ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովն ընդհանուր առմամբ դրական է գնահատել կատարված աշխատանքը:
Ամփոփիչ խոսքում, կարևորելով օպերատիվ հավաքի ընթացքում անցկացված բազմաբովանդակ և պատշաճ կազմակերպված միջոցառումները, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն արձանագրել է, որ ամենամյա հավաքներին ներգրավվող անձնակազմը տարեցտարի առավել ակտիվ մասնակցություն և պատրաստվածություն է ցուցաբերում:
Ամփոփման ավարտին հավաքի ընթացքում առավել աչքի ընկած մասնակիցներն արժանացել են խրախուսական պարգևների: