Ղրիմի հարցով ՄԱԿ-ի քվեարկությունը ավելորդ անգամ վկայեց Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության կորստի գահավիժող ընթացքը:
Անվտանգության ապահովման պատրվակի տակ ռուսական նորկայսերապաշտական շահերի կամակատարի նվաստացուցիչ դեր ստանձնած հայաստանյան վարչախումբը չունի հայկական շահերի պաշտպանության խնդիր և որդեգրել է Հայաստանի Հանրապետության և Արցախի անվերապահ զոհաբերումը ռուսական գաղութատիրական նկրտումներին՝ ի շահ սեփական կլանային իշխանության պահպանման: Դժվար է տարբերակել որևէ կարմիր գիծ, որից այն կողմ ապաշնորհ և ապազգային վարչախումբը Հայաստանը չի ենթարկեցնելու արտաքին, տվյալ դեպքում ռուսական թելադրանքին, և չի վերածվելու «Կարսի բերդը հանձնողի»:
Միջազգային իրավունքի ասպարեզում, հատկապես վերջին տարիներին նկատվող ազգերի ինքնորոշման սկզբունքի ընտրողական կիրառությունը (Կոսովո, Աբխազիա, Օսեթիա, Ղրիմ և այլն) հանգեցնում է այդ նույն իրավունքի վրա կառուցված աշխարհակարգի շարունակական ապակայունացմանը, որի վկայությունն է ուկրաինական ճգնաժամը: Ո՞րն է ուկրաինական իրադարձությունների գլխավոր այն դասը, որը պետք է սերտի Արևմուտք, Ռուսաստան, իսլամական աշխարհ աշխարհաքաղաքական խաչմերուկում գտնվող, Արցախյան խնդիր և տարբեր բևեռներում հաստատված սփյուռք ունեցող հայ ժողովուրդը:
Բարդ իրականությունը անհրաժեշտաբար թելադրում է բարդ վարք: Դա մի կողմից միջազգային երաշխիքների վրա հույս չդնելու, սեփական ուժերին ապավինելու, մյուս կողմից տարածաշրջանում հաստատված աշխարաքաղաքական ուժերի միջև հարաբերական հավասարակշռությունը հարգող և նրանց միջև հնարավորինս կամուրջի դեր կատարելու, աշխարաքաղաքական որևէ ուժի կամակատար չդառնալու, և աշխարհին հասկանալի արտաքին քաղաքական ռազմավարության որդեգրումն է:
Ազգային անվտանգության գլխավոր սպառնալիքն այսօր ոչ միայն պատերազմի վտանգն է, այլ ներկայիս անձեռնհաս քաղաքական վերնախավի կողմից ճակատագրական որոշումների կայացումը օտարին փոխանցելու բարոյազրկող որոշումը: Հայաստանը, հայությունը չներկայացնող մի խումբ արկածախնդիրներ ամբողջ ժողովրդի անունից որոշումներ են կայացնում, որոնց համար տասնյակ տարիներ պետք է ծանրագույն գին վճարեն գալիք սերունդները:
Այսպիսով քաղաքական վերնախավի արմատական նորացումը դառնում է ազգային օրակարգի գլխավոր խնդիրը և հնարավոր է միայն Դիմադրության ցանցային լայն ճակատի ստեղծմամբ, ընդ որում քաղաքական-քաղաքացիական պայքարի ողջ զինանոցի օգտագործմամբ:
Մենք ե՛նք տերը մեր երկրի: